Սաղմոսավանքի միջնադարյան դպրոցը

Սաղմոսավանքի միջնադարյան դպրոցը

Սաղմոսավանքը միջնադարյան Հայաստանի հանրահայտ մշակութային և հոգևոր կենտրոններից է: Այդ գեղեցկակերտ ու երկնասլաց վանական համալիրը Սաղմոսավան գյուղի արևելյան մասում է, Քասախ գետի կիրճի աջ եզրին:
 

Ըստ ավանդության` Սաղմոսավանքը հիմնադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է հայրապետական սուրբ Աթոռը ու ճգնել Արագածի լանջերին: Նա ձմռան ցրտաշունչ եղանակին իջել է Քասախի կիրճը և այդտեղ կառուցել երկու անապատներ` մեկը՝ կիրճում, որն անվանվել է Լուսավորչի անապատ, իսկ մյուսը՝ կիրճի եզրին: Քանի որ վերջինում մշտապես պարապել են սաղմոսերգությամբ, այն անվանվել է Սաղմոսաց անապատ: Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական չափածո բանաստեղծություն: Սկսած 4-րդ դարից Հայաստանյայց եկեղեցին լայնորեն գործածել է սաղմոսները: Ժամասացությունների ընթացքում ժամերգություններից մեկը հնում կոչվել է սաղմոսերգություն:


Սաղմոսավանքի գլխավոր եկեղեցին՝ Ս. Սիոնը (կաթողիկե), 1215թ. կառուցել է Արագածոտնի կուսակալ, իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանը: Այն արտաքինից ուղղանկյուն-քառանկյուն, ներսից խաչաձև, անկյուններում կրկնահարկ խորաններով գմբեթավոր շինություն է: Համալիրի գավիթը, որը արևմուտքից կից է գլխավոր եկեղեցուն, նույնպես կառուցել է Վաչե իշխանը 13-րդ դարի առաջին քառորդում, իսկ գրատունը (մատենադարանը) 1255թ. կառուցել են Վաչեի որդի իշխան Քուրդ Վաչուտյանը և նրա տիկին Խորիշահը: Նրանք միաժամանակ գրատանը նվիրել են ոսկետուփ «Ավետարան» և զարդեր: Գրատունը համալիրի հարավային մասում է և անսյուն ծածկով աշխարհիկ շինության ինքնատիպ օրինակ է: Այստեղ էլ գործել է Սաղմոսավանքի հռչակավոր դպրոցը, որը վերահիմնադրել են Վաչուտյանները վանական համալիրը կառուցելուց հետո: Այն արդեն 13-րդ դարի երկրորդ կեսին համարվել է բարձրագույն դպրոց:


Գրատունը ունեցել է հարուստ մատենադարան: 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է շուրջ 120 ձեռագիր, որոնց թվում Ավետարաններից ու Աստվածաշնչի առանձին մեկնություններից, աստվածաբանական գրականությունից բացի` եղել են նաև հայ պատմիչներ Եղիշեի, Մխիթար Այրիվանեցու, Կիրակոս Գանձակեցու երկերը, Վանական վարդապետի, Ներսես Լամբրոնացու, Ներսես Շնորհալու աշխատությունները, ինչպես նաև թարգմանական գրականություն՝ Գրիգոր Նյուսացու, Հովհան Ոսկեբերանի, Փիլոն Եբրայեցու, Դիոնիսիոս Արեոպագեցու, Եպիփան Կիպրացու և այլոց գործեր: Ձեռագրերի ցանկը հայտնաբերել է Խաչիկ վարդապետ Դադյանը 1912թ. մայիսին Սաղմոսավանքի մոտ` կիրճի քարանձավներից մեկում:


Սաղմոսավանքը մատենագիտական աղբյուրներում հիշատակվում է` սկսած 12-րդ դարի երկրորդ կեսից, երբ Քասախի կիրճում` գետի ձախ ափին` վերոհիշյալ անապատում, Հովհաննես Մունջ վարդապետը վերակառուցել է այն ու հիմնել դպրոց: Այդ վիմափոր անապատը դարձել է նշանավոր գրչության կենտրոն ու ճգնավորական մենաստան, որն առաջնորդվել է Ս. Անտոն Անապատականի կազմած կանոնադրությամբ: Այստեղ 1185-1188թթ. Մարկոս և Մխիթար եղբայրներն ընդօրինակել են ձեռագիր «Ճառընտիր», իսկ 1194-1195 թթ. Մարկոս գրիչն ընդօրինակել է Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» ձեռագիրը, որի բնագիր օրինակը բերվել էր Անիի Մայր տաճարից և եղել էր Հովհաննես սարկավագ Իմաստասերի գրչագիրը: Ձեռագրի ծաղկողը Գրիգոր դեղիչն էր: Հիշատակարանում Մարկոսը նշել է. «գրեցի զսա յանապատս քարանձաւի, որ է մերձ ի վանս Սաղմոսի»:


Սաղմոսավանքը հայ դպրության զարգացման պատմության մեջ նշանակալի դեր է կատարել, ուստի այն երբեմն անվանվել է «հրեշտակաբնակ, լուսազարդ և ամենագով, յերկնահանգէտ և ի գերահռչակ ուխտ»: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին Սաղմոսավանքը դասել է իր ժամանակի հայկական ամենանշանավոր ութ մենաստանների շարքում:


1213թ. Սաղմոսավանքում Վաչե Վաչուտյանի պատվերով ձեռագիր «Ժողովածու» է ընդօրինակել Գրիգոր վարդապետը, ով միաժամանակ սպասավորել է վանքի շինությանը:


13-րդ դարի կեսերին Հայոց կաթողիկոսի թելադրանքով Սաղմոսավանք է այցելել հանրահայտ Վարդան վարդապետ Արևելցին և դասավանդել տեղի դպրոցում: Իր իսկ կազմած վեցամյա բարձրագույն այդ հաստատությունում, բացի աստվածաբանությունից, դասավանդվել է նաև պատմիչների, աշխարհագետների, փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատությունները: Այդ դպրոցի սաներից էր Գևորգ վարդապետ Լամբրոնացին (Սկևռացի): Սաղմոսավանքում Վարդան Արևելցին շարունակել է «Դանիէլի մեկնութիւնը» աշխատությունը, իսկ 1267թ. Գևորգ Լամբրոնացին` դեռևս Խոր Վիրապում սկսած «Տոնապատճառի» երկրորդ մասը: Սակայն այս դպրոցը քիչ է գործել և տեղափոխվել է Խոր Վիրապ: Այնուհանդերձ, Վարդան Արևելցու հեռանալուց հետո ուսումը Սաղմոսավանքում շարունակվել է, և այդ ընթացքում մեծ դեր է կատարել վանահայր Տիրատուր կրոնավորը: Նա դպրոցի համար 1278թ. պատվիրել է Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցում սպասավորող Մկրտիչ քահանային ընդօրինակել ձեռագիր «Ժողովածու»-ն: Մկրտիչը հիշատակարանում Տիրատուրին անվանել է «զսրբասնեալ» և «զերջանիկ և զհոգևոր ստացող»: Ժողովածուն ընդգրկել է նաև «Տարաւնի պատմութիւնը»: Ձեռագրի առաջաբանը գրել է «զառատաբաշխ աղբիւրն և զամենայն առաքինութեամբ զարդարեալն» Մխիթար վարդապետը: Մկրտիչ քահանան ձեռագիր է ընդօրինակել նաև 1304թ.:


13-րդ դարի երկրորդ կեսին դպրոցում գործել են նաև Դանիել քահանան, Հայրապետ կուսակրոն քահանան, Սիմեոն երեցը և շատ ուրիշներ: Ի դեպ, Դանիել քահանան 1255թ. իր ծնողների հիշատակին կանգնեցրել է քանդակազարդ խաչքար: Անշուշտ դպրոցում սովորել են նաև հարևան գյուղերից եկած աշակերտներ: Հավանաբար այդ դպրոցում են սովորել նաև Ափնա գյուղից Սասնե, Վաչե և Գրիգոր եղբայրները, որոնք, ինչպես տեղեկանում ենք գրատան արձանագրությունից, վանքին հողատարածք են նվիրել:


1309թ. դպրոցում գործել է Թադևոս քահանան, իսկ 1311թ. դպրոցը ղեկավարել է վանքի առաջնորդ Հակոբ րաբունապետը: Այդ տարի Խաչատուր վարդապետը դպրոցին է նվիրել իր գանձագին Աստվածաշունչը և արձանագրությունում նշել. «Ով գիրքս հանի եկեղեցուց՝ նզովյալ լինի»: Դպրոցում գործել են նաև Վարդան վարդապետը, Թեղեոս գրիչը և ուրիշներ:


14-րդ դարի սկզբին Սաղմոսավանքի դպրոցի նշանավոր գործիչներից էր Աստվածատուր կրոնավորը: Նա 1320թ. հատուկ դպրոցի համար ընդօրինակել է ձեռագիր «Աւետարան» և հիշատակարանում գրել. «Գիրս Աստուածաշունչ գրել իմ, ի լուսաւորութիւն մանկանց եկեղեցւոյ»: Աստվածատուրը միաժամանակ նշել է, որ ձեռագրից օգտվելիս աշակերտներին «լուսաւորիք ի սմանէ ընթերցմամբ»: Այդ ժամանակ հիշատակվում են նաև Երեմիա կրոնավոր քահանան, ով հավանաբար դպրոցում կրոնագիտություն է դասավանդել, Սարգիս Նորագավթեցին, ով այստեղ էր եկել ուսուցանելու, Գալուստ քահանան, Սարգիս և Մխիթար ճգնավորները, սպասավորներ Վարդանը, Վիրապիկը, Գրիգորը, Ասլան բեկը, Պողոսը, Թադևոսը և ուրիշներ:


Սաղմոսավանքի դպրոցը 15-րդ դարի սկզբում ղեկավարել է Հովհաննես Որոտնեցու համալսարանի շրջանավարտ, Գրիգոր Տաթևացու դասընկեր Հակոբ Սաղմոսավանքցին: Նրան հիշատակել է Թովմա Մեծոփեցին: Նա ընդօրինակել է ձեռագիր ժողովածու, որի սկզբնամասը գրվել էր դեռևս Մեծոփա վանքում: Գրիգոր Տաթևացու մահից հետո Տաթևի դպրոցի շատ աշակերտներ տեղափոխվել են Սաղմոսավանք՝ Հակոբ վարդապետի մոտ ուսումը շարունակելու: Հակոբ Սաղմոսավանքցին մահացել է 1421թ.: Նրա քանդակազարդ մահարձանը կանգուն է վանքի հյուսիսային մասում, որում գրված է. «Սուրբ նշանս տէրունական Յակոբ րաբունապետին, լեր քաւարան»:


15-րդ դարի սկզբին դպրոցում գործել են Մկրտիչ Եղեգեցին և նրա ազգական Մարգարե վարդապետը: Մկրտիչը ձեռագիր է ընդօրինակել 1413թ.:
1436թ. Սանահինի վանքի փակակալ Հովհաննես վարդապետի պատվերով Սաղմոսավանքում ձեռագիր «Մաշտոց» է ընդօրինակել Կարապետ կուսակրոն քահանան: Դարավերջում՝ 1496թ., Մաքենյաց վանքից Սաղմոսավանքի դպրոց է տեղափոխվել և ձեռագիր «Աւետարան»-ի ընդօրինակելը ավարտել է Հովհաննես աբեղան: Ձեռագրի հիշատակարանում Հովհաննեսը նշել է դպրոցի «քաջ հռետոր» Կիրակոսին, ով օգնել ու սպասավորել է իրեն, «Աստուածասէր և երկիւղած և հաւատարիմ» Սպահանին և նրա կողակից Գյուլին, ում պատվերով ընդօրինակվել է ձեռագիրը, Մարգարին, Ջանփաշին, Զաքարին, Գալուստին, Նավասարդին, Շնհավորին և այլ քահանաների «լուսերամակ դասք»: Հովհաննեսի խնդրանքով ձեռագիրը ծաղկել է Ստեփաննոս Առինջեցին:


17-րդ դարի սկզբին Սաղմոսավանքի առաջնորդ է եղել Սարգիս եպիսկոպոս Արենեցին: Նա դարասկզբի հանրահայտ ճգնավորներից էր, անապատական կյանքի հիմնադիր: Նրա մասին ընդարձակ տեղեկություններ է հաղորդում պատմիչ Առաքել Դավրիժեցին: Սարգսի վանահայրության ժամանակ Սաղմոսավանք է այցելել ժամանակագիր Գրիգոր Դարանաղցին և երեք տարի մնացել այդտեղ՝ ուսուցանելով տեղի դպրոցում: Նա Սաղմոսավանքը անվանել է «մեծահրաշ»: Սարգիս եպիսկոպոսը մահացել է 1620թ.: Նրա մահը ողբացել է Ներսես Մոկացին իր ներբողներից մեկում:


1623թ. տեղում Մինաս գրիչը ընդօրինակել է Գրիգոր Սաղմոսավանքցու կոնդակը: Ձեռագիրը ծաղկել է Սահակ դպիրը: Գրվել է Մովսես վարդապետի պատվերով: 1620-ական թթ. Մովսես Տաթևացին նորոգել է վանքը և վերաբացել դպրոցը, որը դադարել էր գործելուց դարասկզբին ջալալների ասպատակության պատճառով:


1637թ. Հովհաննավանքից Սաղմոսավանք է եկել Հովհաննես եպիսկոպոս Կարբեցին: Նա ժամանակաշրջանի խոշոր կրոնական գործիչներից էր: Հովհաննեսը Սաղմոսավանքի մոտ` Քասախի կիրճում, նորոգել է Ս. Գրիգոր Լուսավորիչ անապատը և հաստատել միաբանություն՝ շուրջ 40 անդամներով: Այդ տեսնելով` Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը նրան է հանձնել Սաղմոսավանքի և անապատի առաջնորդությունը: Նրա ղեկավարած դպրոցում ընդօրինակվել և բազմացվել են բազմաթիվ ձեռագրեր: Այդ դպրոցում 1651թ. Սարգիս Երևանցին ընդօրինակել է ձեռագիր «Աւետարան», 1657թ. ձեռագրեր է բազմացրել Կարապետը, որոնց թվում՝ Բարսեղ Կեսարացու «Գիրք հարցողաց» և «Ճառք և խրատք» և ալն:



17-րդ դարի կեսերին Սաղմոսավանքի առաջնորդն էր Հովհաննես եպիսկոպոսի եղբոր որդին՝ Գաբրիել վարդապետ Կարբեցին: Նա 1669թ. վերանորոգել է գրատունը և կանոնավորել դպրոցը: Գաբրիելը երևանցի Գուլումի միջոցներով, հավանաբար ձեռագրերի պահպանման համար պատրաստել է պահարան: Նրան հիշատակել է Սիմեոն Երևանցին, երբ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը գնել է մի այգի ու նվիրել Սաղմոսավանքին: Գաբրիել վարդապետը մահացել է 1674թ.: Նրա համեստ տապանաքարին գրված է. «Այս է բնակարան յարկ տապանի Գաբրիէլ քաջ վարդապետք եւ առաջնորդ այս սուրբ ուխտի, եկեղեցեացս նորոգողի եւ վերստին զարդարողի»:



17-րդ դարում Զաքարիա Քանաքեռցին գրել է Սաղմոսավանքի, հետագայում նաև Հովհաննավանքի առաջնորդ Նահապետ Նգացու մասին: Գրել է, որ վերջինս եղել է ուսյալ և գրագետ, արտագրել է բազմաթիվ գրքեր, որոնք պահպանվել էին մինչև Զաքարիայի ժամանակները:



1672թ. Վարդավառի տոնին Սաղմոսավանք է այցելել Զաքարիա Ագուլեցին, իսկ 1734թ.՝ Աբրահամ Կրետացին:


1696թ. Ստեփաննոս Սալմաստեցի կաթողիկոսի ձեռնադրությանը մասնակցել է նաև Սաղմոսավանքից Մարուգ վարդապետը, որը հավանաբար տեղի առաջնորդն էր, 1720-ական թթ. առաջնորդը Հովասափ վարդապետ Կարբեցին էր, իսկ 1736-1742թթ.՝ Ավետիք վարդապետը:


18-րդ դարի վերջում Սաղմոսավանք է այցելել Հարություն Արարատյանը և իր գրքում գրել. «Չորրորդ օրը ճանապարհ ընկանք և գիշերն իջևանեցինք «Կենաց փայտի» վանքում: Վանքը շինուած է փրկչական Կենաց փայտն այստեղ փոխադրելու պատճառաւ: Վանքը կոչւում է և Սաղմոսավանք: Օր ու գիշեր այստեղ շարունակ սաղմոս է քաղուել: Կենաց փայտի զօրութիւնովը՝ տեղական բոլոր օձերը փախել են այնտեղից և կուրացել: Այժմ, թէև օձեր կան, բայց վնաս չեն տալիս»: Ի դեպ, ըստ ավանդության, երբ օձը մարդուն կծում է, երկուսն էլ շտապում են դեպի Սաղմոսավանք, եթե մարդն է շուտ տեղ հասնում, օձն է սատկում, իսկ եթե օձը՝ մարդն է մեռնում:
 


1890թ. ոմն ուխտագնաց «Արձագանք» թերթում գրել է. «Յովհաննու վանքից քարքարոտ ճանապարհների միջով ուղևորուեցինք դէպի Սաղմոսավանք. վանքը յանձնուած է մի աշխարհական պահապանի յոգացողութեանը և համեմատելով Յովհաննու վանքի հետ՝ անշուք է»:



1894թ. հունիսի 10-ին Սաղմոսավանք է այցելել կաթողիկոս Խրիմյան Հայրիկը: Վեհափառը այցելել է նաև 1899թ. հոկտեմբերի 2-ին՝ մեծահռչակ վանքում իր իսկ ձեռնարկած նորոգումները տեսնելու համար: 1899թ. հուլիսի 8-ին Ս. Թարգմանչաց տոնին Սաղմոսավանք են այցելել Էջմիածնի հոգևոր ճեմարանի սաները:

 

1901թ. տեղում սպասավորել է Աբրահամ քհն. Տեր-Կարապետյանը, ով այդ տարի բաժանորդագրվել է «Արարատ» ամսագիրը:


Սաղմոսավան գյուղի աշակերտները դեռ խորհրդային տարիներից սովորում են հարևան Արտաշավանի միջնակարգ դպրոցում: Այն ներկայումս կրում է դպրոցի նախկին տնօրեն Գրիշա Ասատրյանի անունը: Դպրոցը 1948-1962թթ. եղել է 7-ամյա, այնուհետև մինչև 1992թ.՝ 8-ամյա: 1980-ական թթ. դպրոցում մեծ մանկավարժական աշխատանք է կատարել նախկին տնօրեն Մելս Հովհաննիսյանը:

 


ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ

  • 2022-02-08
×