«Ես կխոնարհվեմ այն մարդու առջև, ով կվերակառուցի մեր վանքը». Վերին Ծաղկավանի գյուղապետ

«Ես կխոնարհվեմ այն մարդու առջև, ով կվերակառուցի մեր վանքը». Վերին Ծաղկավանի գյուղապետ

Սաղարթախիտ անտառն ու ծաղիկներն ամուր գրկել են Շխմուրադի վանքն ու պահում են արդեն դարեր շարունակ: 12-13-րդ դարի վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղին մոտ՝ 5-6 կմ դեպի հարավ-արևմուտք: Երբեմնի հոգևոր խոշոր կենտրոնն այժմ խոնարհված է, այսպես ասած՝ պաշարված գեղազարդ բազմաթիվ խաչքարերով, որոնց նմանը, ինչպես մի առիթով ասել է Շխմուրադ այցելած հնագետներից մեկը, Հայաստանում չկա:


Հնագետներին դիմավորել ու ճանապարհել է գյուղի հնաբնակներից Վիտալի Խաչատրյանը: Նա չի հիշում, թե երբևէ այստեղ քահանա է եղել, պատարագ է մատուցվել: Հատկապես խորհրդային տարիներին օտարազգի գանձախույզներն այստեղ, վնասելով վանքը, բազմիցս են ոսկի որոնել, սակայն ապարդյուն: Հարյուրավոր ժողովրդական պատմություններ են հյուսվել վանքի շուրջ: Դրանցից մեկի համաձայն՝ վանքն անունը ստացել է պարսից խանի՝ այստեղ գիշերակացից հետո: Իսկ, օրինակ, Վերին Ծաղկավանի բնակիչ Առուշան Խաչատրյանի խոսքով, »Շխմուրադ»՝ նշանակում է «փախի՛ր, Մուրադ» կամ, հավանաբար, վանքն այդ անվանումը ստացել է տարածքում երբևէ գոյություն ունեցած Շխմուրադ բնակավայրից: Համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու գավիթներից: Եկեղեցու պատերին կան վիմագրություններ, որոնց մեծ մասն արդեն ջնջվել է: Սակայն երբեմնի շքեղ եկեղեցին զարդարված է արձանագրություններով, խաչերով, զարդաքանդակներով, որոնց հետքերն անգամ ժամանակն ի զորու չի եղել ջնջել: Շխմուրադի վանք տանող ճանապարհ չկա:


Անտառամիջյան գրունտային ճանապարհն ամեն մեքենա չէ, որ կարողանում է հաղթահարել, ուստի չնայած գյուղացիների և մասնագետների հորդորներին՝ թափված քարերի եկեղեցին հնարավոր չի լինում հավուր պատշաճի վերահսկել, որպեսզի գոնե պահպանվեն վանքի ավերակները՝ հետագայում այն վերականգնելու համար: Գյուղ այցելած հյուրերին ամեն անգամ հուշակոթող է ուղեկցում ծաղկավանցի Մանվել Մաճկալյանը իր «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով՝ ճանապարհին պատմելով վանքի շուրջ իրական ու երբեմն անիրական թվացող պատմությունները: Վաղնջական ժամանակներից մեր օրերը հասած Շխմուրադի վանքն այսօր էլ տավուշցիների սրբավայրերից է: Հեռավոր վանքում հիմա վառված մոմեր են, ուխտի գնացած հավատավորներից մեկն անգամ երազանքի ու նպատակի իրագործման ակնկալիքով այստեղ մետաղադրամ է թողել: Վանքի գլխավոր Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1181թ. մոխրագույն ֆելզիտից: Այն գմբեթավոր դահլիճ է ավագ և չորս փոքր խորաններով: Ավագ խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցին երկու մուտք ունի` հարավից և արևմուտքից: Արտաքին հարդարանքը բավականին զուսպ է, արևելյան ճակատը զարդարված է զույգ խորշերով:


Կառույցը պսակում է գլանաձև թմբուկ ունեցող գմբեթը: Եկեղեցու գավիթները նրա հարավային և արևմտյան մասերում են: Արևմտյան գավիթը, որը կառուցվել է 13-րդ դարի երկրորդ կեսին, քառակուսի դահլիճ է՝ զույգ ութանիստ սյուներով: Երկրորդ՝ ավելի փոքր գավիթը կցվել է եկեղեցուն մի փոքր ուշ, 13-րդ դարի վերջին: Այն քառակուսի հատակագծով, առանց սյուների շինություն է: Գլխավոր եկեղեցուց ոչ հեռու գտնվում է կիսաքանդ մատուռը, Խորանիկը, որը, համաձայն արևմտյան պատի արձանագրության, կառուցվել է գլխավոր եկեղեցուց ավելի վաղ՝ 1149թ.: Վանքի պարսպապատից մնացել են միայն փլատակներ: Վանքի տարածքում կան նաև գեղաքանդակ խաչքարեր, որոնց շարքում է հանրաճանաչ վարպետ Կիրամի կիսաքանդ խաչքարը: 17-րդ դարում Շխմուրադի վանքը մասնակի վերականգնվել է: Ծաղկավան գյուղի բնակիչ Սերոբ Խաչատրյանը հիշում է, որ իր 108-ամյա տատիկի հետ հաճախ են վանք այցելել՝ մատաղի օրհնության նպատակով: «Գործող վանք է եղել, գյուղի դպրության կենտրոնն էր, այնտեղ նաև բնակավայր էր ժամանակին: Մեր սերունդը չի տեսել, բայց լսել է, գնում էինք վանքի քարերը համբուրում»:


Սերոբ Խաչատրյանը պատմում է, որ խորհրդային տարիներին, երբ ինքը գյուղխորհրդի նախագահն էր, եկեղեցին պետական հսկողության ներքո էր: «Թբիլիսիից, Բաքվից անգամ գանձախույզներ էին գալիս՝ այստեղ ոսկի որոնելու, սակայն բոլորը հայտնաբերվել են, քննվել ոստիկանությունում: Նրանց մոտ հայտնաբերվել են միայն գործիքներ, որոնցով փորձել են իբր թանկարժեք մետաղ գտնել»: ՀՀ Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի գյուղապետ Արթուր Ղազարյանը նշում է, որ վանքը վերակառուցելու որևէ պետական ծրագիր առայժմ չկա: Սակայն կան ծնունդով համագյուղացի, արտերկրում գործունեություն ծավալող անհատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել նորոգել հուշակոթողը: Նա հայտնեց, որ որոշակի հարցեր կան ՀՀ մշակույթի նախարարության հետ կապված՝ պատմամշակութային կոթողը վերականգնելու ժամանակ անհրաժեշտ նորմերը, չափանիշները պահպանելու վերաբերյալ: «Հնագետների խումբը տասն օր առաջ է եկել, հանդիպմանը ներկա էին նաև մեր շրջանի ճարտարապետները, կարծում եմ՝ հարցը լուծում կստանա:


«Շխմուրադը փրկելու խնդիրը բոլորիս պարտականությունն է: Ես կխոնարհվեմ այն մարդու առջև, ով կվերակառուցի մեր վանքը»: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Շխմուրադի տարածքում բազմաթիվ այլ կոթողներ, մատուռներ ու ամրոցներ կան, որոնց շուրջ տարեկան մեկ անգամ մաքրման աշխատանքներ են կազմակերպվում: Ասում են՝ Շխմուրադի մոտ՝ Կեռ քարի ճակատին, մեղուները բույն են դրել: Ծաղկաշատ գյուղի տարածքի նեկտարից մեղր են պատրաստել, բայց դեռևս «հավքն իր թևով, օձն իր պորտով» չի կարողացել հասնել այդ մեղրին: Շատ են լեռնագնացները նայել, տեսել, բայց խորհրդավոր քարափին, առավել ևս՝ մեղվի փեթակին մոտենալ այդպես էլ չի հաջողվել:


Գյուղացիների մտքից արդեն թռել է, թե այս պատմությունը երբվանից է: «Հազար տեսակ փորձեր են արվել, պարանով մարդիկ ցանկացել են բարձրանալ-իջնել, չի ստացվել: Երկար ելարաններով ենք փորձել, բայց քանի որ կանգնելու որևէ տարբերակ չկա հսկա ժայռին, այդպես էլ Ծաղկավանի հայտնի մեղվաընտանիքին հանդիպել չի ստացվել», - ասում է Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Դավիթ Ամիրխանյանը: Առեղծվածային, պատմական հարուստ այս միջավայրում գտնվող և գյուղի թիկունքը պահող վանքն այժմ օգնություն է խնդրում:


Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

 
 
  • 2022-02-08
×