ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՊԻԾԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԸ
Աղթամարի վանքում որպես սրբություններ պահված և պահպանված ձեռագրերից են Թորոս Ռոսլինի «Դաշունահար» և Սարգիս Պիծակի «Հրաշագործակ» Ավետարանները:
Թորոս Ռոսլինի այս Ավետարանը (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր 5458), ինչպես նրա ընդօրինակած կամ ծաղկած մյուս ձեռագրերը, անցել է փոթորկոտ ճանապարհ: Ձեռագրի թերթերին պահպանված գրչության հիշատակարանը վկայում է, որ «այս աստվածախոս, աստվածունակ, երկրպագելի և պաշտելի սուրբ Ավետարանն» ընդօրինակվել է 1266թ., Կիլիկյան Հայաստանի Հռոմկլա քաղաքում: Ձեռագրի մագաղաթյա թերթերը գրված են համաչափ և գեղեցիկ երկաթագրով, նկարազարդված են ոսկեզօծ լուսանցազարդերով և զարդագրերով, որոնք, ըստ ուսումնասիրողների, պատկանում են Թորոս Ռոսլինին: Ձեռագրի պատվիրատու-ստացողը Հայոց Հեթում Ա. արքան էր, ով ձեռագրի հիշատակարանում անվանված է «աստվածասեր և բարեպաշտ թագավոր»:
Գեղագիր և շքեղ նկարազարդումներով այս գրչագիրը կտրատվել և թրատվել է Մեծ եղեռնից դեռևս մի քանի հարյուր տարի առաջ անօրեն և այլադավան թշնամու ձեռքով: Մատենադարանի գլխավոր ավանդապահ Արտաշես Մաթևոսյանը, ուսումնասիրելով այս ձեռագրի անցած պատմությունը, նշում է, որ այն «Մատենադարան է մուծվել Աղթամարից բերված ձեռագրերի հետ Մեծ եղեռնի տարում, սակայն իր եղեռնն ապրել է դրանից ուղիղ հինգ հարյուր տարի առաջ՝ 1400 թ., Լենկ-Թեմուրի երրորդ աշխարհավեր արշավանքի ժամանակ»: Ամբողջական Ավետարանից պահպանվել են միայն 39 դաշունահար թերթեր: 15-րդ դարասկզբին Վասպուրականում Հովհաննես քահանան, տեսնելով փառահեղ Ավետարանից մնացած դաշունահար մասունքները, որոշում է պահպանել դրանք: Նա մի նոր ձեռագիր է ընդօրինակում` մեջը համապատասխանաբար տեղադրելով մագաղաթյա թերթերը: Նորոգման իր հիշատակարանում Հովհաննես քահանան գրում է, որ Ավետարանն ահարկու և սոսկալի վիճակում էր, այնպես էր մասնատված և թրատված թշնամու ձեռքով, ինչպես գառն է հոշոտվում գայլերի կողմից:
Դարեր անց սուրբ ձեռագիրը կրկին հայտնվում է մահմեդականների ձեռքին: 1900թ. այն գերությունից ազատում և ընծայում են Աղթամարի վանքին: 1915-1916թթ., երբ Գևորգ Ե Կաթողիկոսի (կթղ. 1911-1930) ցուցումով Լիմի վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանը, Կտուցի միաբան Ստեփան վարդապետը, Աղթամարի միաբան Դանիել վարդապետ Զադոյանը և պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը Վասպուրականում ձեռագրեր էին հավաքում, այս Ավետարանը ևս փրկվում է և տեղափոխում է Ս. Էջմիածին, իսկ այնտեղից` Մաշտոցի անվան Մատենադարան` որպես Ռոսլինյան արվեստի մի շքեղ նմուշ:
Նշանավոր գրիչ և ծաղկող Սարգիս Պիծակը 1336թ. Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում ստեղծում է իր հերթական Ավետարանը (Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 5786): Մագաղաթյա գեղեցկագիր Ավետարանի ընդօրինակությունն ավարտելուց հետո այն ծայրեիծայր ծաղկում է` զարդարելով սուրբ ավետարանիչների և 14 տերունական պատկերներով, գլխագրերով և նրբաոճ լուսանցազարդերով: Ձեռագրի թերթերին դրոշմված այս նկարազարդումները կատարված են ոսկով, կապույտով ու կարմիրով և այլ վառ երանգներով: Ձեռագրի պատվիրատուն Անդրեաս աբեղա Կոշեցին է, ով ստանում է սրբազան ձեռագիրը` «իբրև մխիթարություն մարմնի և հոգու այս և հանդերձյալ կյանքում, իբրև բարի հիշատակ և երանության զավակ Սիոնում»:
Թեև արվեստաբաններին քաջ ծանոթ է այս ձեռագիրը` իր ճոխ մանրանկարների շնորհիվ, սակայն դժվար թե հայտնի է, թե այն համարվել է հրաշագործ, իսկ եղեռնալից տարիներին դժվարությամբ փրկվել:
Ավետարանը դարերով պահվել է Աղթամարի վանքում և կոչվել «Հրաշագործակ Ավետարան» կամ «Գանձ արքունական»: Քանի անգամ այլադավան թշնամին գերի է վերցրել սուրբ Ավետարանը` գիտակցելով նրա մեծ արժեքը, սակայն ամեն անգամ բարեպաշտ հայերը միավորվելով՝ բազում ոսկեդրամներ են տվել որպես փրկագին և, գնելով ձեռագիրը՝ վերադարձրել Աղթամարի Սուրբ Խաչին: 1602թ. ոմն պարոն Ղարաբեկ իր արդար վաստակով պատվիրում է Հովսեփ կազմողին նորոգել և կազմել հրաշագեղ Ավետարանը, կազմը զարդարել ոսկով և արծաթով:
Մեկ անգամ չէ, որ ձեռագիրը բռնագրավվել է անօրենների կողմից: 1705/6թ. Աղթամարի Հայրապետ Ա. կաթողիկոսը բազում սրբություններ է ազատագրում, որոնց թվում՝ Ս. Անդրեաս առաքյալի մասունքները և Հրաշագործակ Ավետարանը` ի պահ դնելով Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում: Աղթամարի վերջին կաթողիկոս Խաչատուր Բ Ռշտունեցին (կթղ. 1864-1895) Աղթամարի թանգարանում սրբազան ձեռագրերի, նաև Հրաշագործակ Ավետարանի համար հատուկ տեղ է պատրաստում` անկորուստ և անվնաս պահելու համար: 1915-1916թթ. այս գրչագիրը Վասպուրականի փրկված այլ ձեռագրերի հետ տարվում է Ս. Էջմիածին, իսկ այնտեղից՝ Մաշտոցի անվան Մատենադարան:
Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆ
Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ