Հայկական գրչության կենտրոնների պատմության մեջ առանձնանում է Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը, որը միշտ էլ եղել է միջնադարյան Հայաստանի վարչաքաղաքական խոշոր կազմավորումներից մեկը և կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ ու մշակութային կյանքում: Արցախ աշխարհը հայ գրավոր մշակույթի ու գրչության հնագույն կենտրոններից մեկն էր, որի գրչատներում զարգացել է գրչության ու մանրանկարչության արվեստը: Արցախի վանքերին ու եկեղեցիներին կից գործող գրչության կենտրոններում գրվել, ծաղկազարդվել ու պահպանվել են պատմական, փիլիսոփայական, մեկնողական, կրոնական, ծիսական բովանդակությամբ բազմաթիվ ձեռագիր մատյաններ, որոնց հիշատակարանները նաև բազմաթիվ պատմական նյութեր և ուշագրավ տեղեկություններ են պահպանել Արցախի պատմության ու հոգևոր կյանքի վերաբերյալ: Որպես գրչության կենտրոններ հռչակված էին Գանձասարը, Խադավանքը, Դադիվանքը, Գտչավանքը՝ իրենց դպրատներով, րաբունապետներով, մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով: Ձեռագրեր են ընդօրինակվել Մեծառանաց Ս. Հակոբում, Երից մանկանց, Եղիշե առաքյալի վանքերում, Գյուլիստանում, երկրամասի բազմաթիվ բնակավայրերում: Ժամանակի քաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի, կործանարար արշավանքների ու պատերազմների պայմաններում էլ, երբ քանդվեցին, ավերվեցին հոգևոր ու մշակութային բազմաթիվ կենտրոններ, անխնա ոչնչացվեց վիթխարի ժառանգություն, մշակութային կյանքի շարունակական ընթացքը չդադարեց: Արցախը նաև հոգևոր մշակույթի ստեղծման ու պահպանման կենտրոն էր, որն իր անառիկ դիրքի և հայկական իշխանությունների շնորհիվ դարձավ Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծված բազմաթիվ մեծարժեք ձեռագրերի պահպանման ու փրկության վայր: «Արցախի գրչության կենտրոնները» հոդվածաշարը ընթերցողներին է ներկայացնում Արցախի, ինչպես նաև հարակից այն շրջանների միջնադարյան հայկական գրչության կենտրոնների պատմությունն ու ձեռագրական ժառանգությունը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ընդգրկված են եղել Արցախի պատմաաշխարհագրական և վարչաքաղաքական տարածքում և հարստացնում ու ամբողջացնում են նրա մշակութային կյանքը։
Ներքին Խաչենի հոգևոր կենտրոնն էր Գանձասարը: Այս անունով կա և՜ լեռ, և՜ գյուղ, և՜ վանք: Ասում են՝ գյուղն ու վանքն իրենց անունը ստացել են լեռան անունից, որ տեղացիների պատմելով Գանձասար է կոչվել արծաթի, պղնձի և այլ հանքեր ունենալու պատճառով: Թեև աղբյուրները հաճախ են հիշատակում Գանձասարը, բայց նրա հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: 9-10-րդ դարերում Գանձասարի հինավուրց եկեղեցին արդեն քաղաքական և կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա գավառների համար: Գանձասարի մասին առաջին գրավոր տեղեկությունը հայտնում է Անանիա Ա Մոկացի (946-968) կաթողիկոսը: 949 թվականին հայ-քաղկեդոնական վեճերը հարթելու նպատակով այստեղ է գալիս Հայոց հայրապետը: Գանձասարում՝ Արդախ կոչված վայրում, նրան դիմավորում է Խաչենի գահերեց իշխան Գրիգորը: Այստեղ Անանիա Մոկացի կաթողիկոսը ժողով է հրավիրում Ուտիքի և Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերի մասնակցությամբ, որոնց մեջ էր նաև Գանձասարի հայր Սարգիս վանականը: Իր Պատմության մեջ Ստեփանոս Օրբելյանը նույնպես հիշում է Սարգիս վանականին՝ նրան կոչելով եկեղեցապան: Սյունյաց պատմիչը հաղորդում է, որ գիշերային արարողության ժամանակ Գանձասարի եկեղեցապանը բերում է իրենց եկեղեցական գրքերից և հանձնում հայրապետին: Անանիա Մոկացի կաթողիկոսն էլ բացում է գիրքը և գտնում իր որոնածը: Դա «Աղվանքի պատմությունն» էր:
Հաջորդ հաղորդումը Մխիթար Գոշինն է: 1140 թվականին սելջուկների դեմ պատերազմում զոհված Գրիգոր իշխանի աճյունը բերվել ու թաղվել է Գանձասարում, որը Խաչենի իշխանների տոհմական տապանատունն էր: Եկեղեցու բակում պահպանված 1174, 1181, 1202 թվագրությամբ խաչքարերը, որ կանգնեցվել են Հասան Մեծի և Վախթանգ-Տանգիկի կողմից, նույնպես վկայում են Գանձասարում ավելի վաղ գոյություն ունեցած վանական կյանքի մասին:
1216-1238 թվականներին Ներքին Խաչենի տեր և իշխանաց իշխան Հասան-Ջալալ Դոլան իր բարեպաշտ հոր՝ իշխան Վախթանգ-Տանգիկի կտակի համաձայն՝ Գանձասար կոչված վայրում՝ Խոխանաբերդի դիմաց, կառուցել է տալիս մի չքնաղ կոթող՝ գեղեցկազարդ հորինվածքով մի եկեղեցի: Հասան-Ջալալ իշխանը, որ աստվածապաշտ, աղոթասեր ու աղքատասեր մարդ էր, ըստ ավանդության, մեծ դժվարությամբ բերել և Գանձասարում էր ամփոփել Հովհաննես Մկրտչի գլուխը: Սրբատաշ տորոնագույն քարից կառուցված եկեղեցին հիմնվում է հենց հին եկեղեցու տեղում և նվիրվում Հովհաննես Մկրտչին:
Կիրակոս Գանձակեցին հիացմունքով է պատմում Գանձասարի վանքի շինարարության մասին: Համաձայն եկեղեցու վիմագիր արձանագրության՝ վանքի նավակատիքն ու օծումը տեղի են ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին՝ Վարդավառի տոնին: Այդ օրը Հասան-Ջալալ իշխանը բացման մեծահանդես տոն էր կազմակերպել, որին ներկա էին Աղվանից Ներսես կաթողիկոսը, բազմաթիվ եպիսկոպոսներ ու իշխաններ, Վանական վարդապետը՝ բազմաթիվ ուսուցիչներով, շատ վանքերի առաջնորդներ, Խաչենի Գրիգորիս և Եղիա վարդապետները և 700 քահանա: Եկեղեցու օծման առիթով Հասան-Ջալալ իշխանը ճաշկերույթ էր կազմակերպել. ինքն էր իր ձեռքով մատուցում, յուրաքանչյուրին իր պատվին համապատասխան առատությամբ նվերներ տալիս: Հասան-Ջալալ Դոլան կառուցել էր իր տեսակի մեջ նմանը չունեցող, եզակի կառույց: Ս. Հովհաննես Մկրտիչ տաճարը ժամանակի համար բացառիկ կառույց էր իր գեղարվեստական հարդարանքով, զարդամոտիվների բազմազանությամբ։ Այն համարվել է 13-րդ դարի հայ ճարտարապետության մարգարիտ: Ա. Յակոբսոնի կարծիքով Գանձասարի վանքը ոչ միայն «ինքնատիպ է և իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այսպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»: Իսկ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, նշանավոր բյուզանդագետ Շարլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարում է Գանձասարը՝ Աղթամարի և Հռիփսիմեի տաճարներից հետո՝ չորրորդ և հինգերորդ տեղերը հատկացնելով Հաղպատի վանքին և Անիի մայր տաճարին:
Տաճարի արևմտյան կողմում գավիթն է, որն ըստ արձանագրության՝ 1261-1266 թվականներին կառուցել են Հասան-Ջալալ Դոլա իշխանը, իշխանուհի Մամքանը և նրանց որդին՝ Աթաբակը: Համաձայն նույն արձանագրության՝ Աթաբակը վանքին է ընծայել նաև մի ոսկետուփ Ավետարան և հարավկողմյան բլուրն իր սահմաններով: Գավիթը Հասան-Ջալալյանների տոհմական դամբանատունն էր, ուր հանգչում են այդ տոհմի հոգևոր ու աշխարհիկ այրերը: Վանքի բակում են ամփոփված նաև վանքի առաջնորդների ու գիտնական վարդապետների աճյունները: Վանական համալիրն ամբողջացնում են եռադարպաս շրջապարիսպը, միաբանների խցերն ու օժանդակ շինությունները: Պարսպից դուրս հին գերեզմանատունն է: Այստեղ պահպանվել է թաղածածկ մի ընդարձակ դահլիճ, որը ուխտավորների համար ծառայել է որպես իջևանատուն:
Հոր մահից հետո վանքի շինարարության և բարեկարգման հարցերով զբաղվել է Աթաբակը: Գանձասարի նկատմամբ ցուցաբերած սիրո և հոգատարության համար Կիրակոս Գանձակեցին նրան անվանում է «այր սրբասնունդ, պարկեշտ, խոնարհամիտ և աղոթական»:
Գանձասարը 12-13-րդ դարերում եպիսկոպոսանիստ էր: 12-րդ դարում այստեղ հայտնի են եղել Սարգիս և վանքի առաջնորդ Վարդան եպիսկոպոսները: Վարդանն աջակցել է եկեղեցու շինարարությանը: Հետագա դարերում վանքի առաջնորդներ են եղել Գրիգոր Տաթևացու աշակերտ Մատթեոս վարդապետը, Հովհաննես, Եղիա, Ներսես վարդապետները, Ղուկաս Լոռեցին, Ստեփաննոս վարդապետ Շիրակունին և ուրիշներ:
14-րդ դարում վանքը դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը, որին ժառանգաբար տիրել են Հասան-Ջալալյանները: Այս տոհմի իշխանների հովանավորությամբ էլ հռչակավոր վանքը երկար դարեր եղել է ոչ միայն հոգևոր, այլ նաև հզոր մշակութային կենտրոն: Որպես այդպիսին՝ այն իր բարձրակետին հասավ Հասան-Ջալալ Դոլայի իշխանության տարիներին: Իշխանն իր ծնողների՝ Վախթանգի և Խորիշահի հետ կառուցել ու ծաղկեցրել է Գանձասարի, Մեծառանից Ս. Հակոբ, Վաճառ գյուղի Ս. Ստեփաննոս, Վաղուհասի, Մայրաքաղաք և Կոճղոտ գյուղերի վանքերը՝ իրենց գավիթներով, կացարաններով ու ուսումնական կենտրոններով:
Գանձասարը գլխավոր ուսումնավայրն էր և հայ գրչության արվեստի նշանավոր կենտրոններից մեկը: Այն Արցախի առավել խոշոր մշակութային կենտրոնն էր: Այս գրչատան րաբունապետների, գիտնական վարդապետների, գրիչների, ծաղկողների, ստացողների, կազմողների, նորոգողների վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում եկեղեցու որմերին ու խաչքարերի վրա պահպանված վիմագիր արձանագրություններից և ձեռագիր հիշատակարաններից: Վանքն ուներ իր մատենադարանը և ձեռագրերի հարուստ հավաքածուն: Այստեղ գրվել, ծաղկազարդվել, ինչպես նաև պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Ցավոք, այդ գրչագիր մատյանների շատ քիչ մասն է հասել մեզ: Գանձասարի առաջնորդ Մատթեոս Մոնոզոնը 1417 թվականի իր օրինակած Ժողովածուի հիշատակարանում խոր վշտով գրում է Կարա Կոյունլու քոչվորական ցեղերի առաջնորդ Յուսուֆի գործած անօրինությունների մասին, թե ինչպես նրա վայրենացած զինվորները անգթաբար կողոպտել են Գանձասարի վանքը, ավերել, թալանել և տարել են վանքի ողջ հարստությունը: Չնայած այն բանին, որ երկիրը ենթարկվել է բարբարոսների արշավանքներին, և ձեռագրական արժեքների կորուստն անսահման է, մշակութային կյանքը շարունակվել է: Գանձասարից մեզ են հասել ձեռագիր մատյաններ, որոնք հետագա դարերի ընդօրինակություններ են:
Գանձասարում պահպանված ձեռագրերը 19-րդ դարում տեսել ու արձանագրել են Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, Հակոբ Թոփճյանը: Ընդհանուր թվով նրանք արձանագրել են երեսունութ ձեռագիր մատյան և երկու պատառիկ: Այս ցանկին Օ. Եգանյանը ավելացրել է Մաշտոցյան Մատենադարանում պահվող ևս հինգ գրչագիր մատյան: Գանձասարի ձեռագրատան արձանագրված 43 գրչագրերից 22 ձեռագիր և 2 պատառիկ այժմ պահվում են Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսների գտնվելու վայրն անհայտ է: Այս ցանկին ավելանում են ևս երկու՝ ՄՄ 5794 և Թավրիզի 22 ձեռագրերը: Ընդհանուր հաշվով այժմ ունենք Գանձասարում գրված 13 և պահպանված 24 ձեռագիր ու 2 պատառիկ: Գանձասարում արծաթյա ոսկեզօծ աջերի և մասնատուփերի մեջ պահվել են նաև Հովհաննես Մկրտչի, Հակոբոս առաքյալի, Գրիգորիս Ա կաթողիկոսի, Զաքարիա մարգարեի, Պանդալեոնից մասունքներ ու նշխարներ:
Մակար եպիսկոպոսը Գանձասարի, Ծարա, Դադի, Մայրաքաղաքի, Ջրվշտիկ Եղիշե առաքյալի դպրատների ձեռագրերի մասին անչափ ցավալի փաստ է արձանագրել: Բարբարոսներից փրկելու համար Խաչենի հայրենասեր մելիքներն այս վանքերի ձեռագրերը կանխավ խնամքով երեք մասի են բաժանել ու մի մասը թաքցրել Գանձասարի ու Դադիվանքերի մեջտեղում՝ մի քարայրի մեջ, ու բերանը ամրացրել քարուկրով, երկրորդ մասը՝ Ջրաբերդի մոտակայքում՝ մի ստորերկրյա տեղում, իսկ երրորդ մասը՝ Գյուլիստան գավառի Հոռեկա վանքի տարածքում: Այս ձեռագրերի՝ միայն Գանձասարում պահված մասն է հայտնաբերվել Բաղդասար մետրոպոլիտի օրոք: Մյուսների ճակատագրերն անհայտ են:
(շարունակելի)
Թամարա ՄԻՆԱՍՅԱՆ
բան. գիտ. թեկնածու,
Մատենադարանի ավագ գիտաշխատող
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ