Հայերեն ձեռագրերի ստեղծման ու պահպանման գործում իր բաժինն ունի նաև քաղաքամայր Երևանը:
Երևանի գրչական կյանքի առաջին վկայությունները գալիս են Նորքից: Այսօր քանդված է Ս. Ստեփանոս անունը կրող երբեմնի վեհաշուք եկեղեցին. նրա տեղում միայն մի խաչքար է կանգուն մնացել: Մինչդեռ, այս եկեղեցուն կից գրչության կենտրոնում 13-րդ դարում Սարգիս քահանան ձեռագրեր է ընդօրինակել, որոնցից է 1297թ. Տոնապատճառը (Մատենադարան, ձեռ. 522):
Քաղաքից մեզ հասած մյուս ձեռագրերը 15-րդ և ավելի ուշ դարերի ընդօրինակություններ են: Երևանի եկեղեցիներում և վանքերում՝ Ս. Անանիա առաքյալի անապատում, Կաթողիկեում, Երկուերեսում, Ս. Սարգիսում, Ս. Պողոս-Պետրոսում և Ս. Հովհաննեսում, այդ ժամանակաշրջանում ընդօրինակվել, նկարազարդվել և կազմվել են բազմաթիվ մատյաններ: Ձեռագրեր են ստեղծվել նաև այսօր մայրաքաղաքի մեջ մտնող Նորքի, Նորագյուղի, Նորագավթի, Քանաքեռի եկեղեցիներում: Այս ձեռագրերի հիշատակարանները կարևոր աղբյուրներ են քաղաքի պատմագրության համար։ 15-18-րդ դարերում Երևանը հայ գրչության մեծ կենտրոն էր։
Բազմաթիվ հիշատակություններ կան նաև այդ դարերում Երևանի եկեղեցիներին զանազան ձեռագրեր նվիրելու և դրանցում ձեռագրեր պահելու մասին։ Հատկապես հայտնի է Երկուերես եկեղեցում պահված Վիշապկենց Ավետարանը, որ հռչակված էր բժշկելու զորությամբ և կոչվում էր «Զորավոր»: Այն հետագայում տեղափոխվել է Ս. Անանիա առաքյալի անապատ, իսկ այնտեղից՝ Մատենադարան (Մատենադարան, ձեռ. 4060):
Ձեռագիրը, որին մենք ուզում ենq ստորև անդրադառնալ, Երևան քաղաքում 1693 թվականին Ավետիս երեցի ընդօրինակված Ավետարանն է: Ավետիս երեցը 17-րդ դարի երկրորդ կեսին Երևանում գրչական գործունեություն ծավալած ամենահայտնի և բեղուն գրիչներից մեկն էր։ Նա գրչական արվեստի երկարատև գործունեություն է ունեցել մոտ 30 տարի, որի ընթացքում ստեղծել է մի քանի ձեռագրեր՝ դրանցում թողնելով իր հիշատակարանները։
Ավետիս երեցի ձեռագրերից է 1693 թվականի Ավետարանը: Այս ձեռագիրը պատվիրել է «հեղահոգի և աստուածասէր և բարեպաշտ կինն Աննայ»: Ձեռագրի հիշատակարանում գրիչը նշել է նաև պատվիրատու Աննայի ծնողներին՝ տեր Առաքելին և Խանփարին, ամուսնուն՝ Ուլուխանին, և այլ ազգականների:
Ձեռագրի հիշատակարանում գրիչը թվարկել է Երևան քաղաքի Սուրբ Կաթողիկե, Սուրբ Սարգիս, Սուրբ Երկուերես և Սուրբ Հակոբ եկեղեցիների անունները. «Գրեցաւ Աւետարանս ձեռամբ յոգնամեղ գրչի՝ Աւետիս մեղապարտ իրիցու, ունայնագործ մեղաւորի ի թուաբերութեան Հայոց ՌՃԽԲ.(1693), ի յերկիրս Արարատեան, ի մայրաքաղաքս յԷրևան, ընդ հովանեաւ Սուրբ Կաթուղիկէին և Սուրբ Սարգիս զօրավարին, և Սուրբ Երկուերեսուն և Սուրբ Յակոբին, և այլ սրբոցն, ի հայրապետութեան Սուրբ Էջմիածնայ տեառն Նահապետի...» (թերթ 262 ա բ): Դժվար է հստակորեն ասել, թե Ավետիս երեցը հատկապես ո՞ր եկեղեցուն կից է ստեղծել իր մատյանը, սակայն Երևանի վերոնշյալ եկեղեցիների թվարկումը թույլ է տալիս նրանցից յուրաքանչյուրի պատմության մաս համարել այս ձեռագրի ստեղծումը:
Ձեռագիրը գրված է թղթի վրա (264 թերթ) գեղեցիկ և համաչափ բոլորգրով: Թերևս Ավետիս երեցն էլ ձեռագրի գրչությունն ավարտելուց հետո նկարազարդել է այն: Չորս Ավետարանների առաջին թերթերին նրբաոճ ճակատազարդեր են: Բավականին առատ նկարազարդված են թերթերի լուսանցային հատվածները: Այս պատկերների մեջ հիմնական տեղ են զբաղեցնում տերունական թեմաներն Ավետարանի համապատասխան դրվագների կողքին, օրինակ՝ Հիսուս բժշկելիս, քարոզելիս: Նկարված են նաև տաճար, խաչ և բուսական այլ պատկերներ: Դրանք Ավետիս երեցը բավական հմտորեն գծագրել է մուգ կարմիր ներկով: Ամբողջական թերթ զբաղեցնող տերունական պատկերներ չկան, իսկ ավետարանիչների նկարներն անավարտ են. թերևս հետագայում պետք է լրացվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել:
Երևանում ընդօրինակված այս գրչագիր Ավետարանն այժմ պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում (Մատենադարան, ձեռ. 8785): Այն արժեքավոր և գնահատելի է որպես Երևան քաղաքում ստեղծված մի սուրբ մասունք, մշակութային գանձ: Արդեն ավանդույթ է դարձել, որ Ս. Սարգիս զորավարի տոնին ձեռագիրը տարվում է Ս. Սարգիս եկեղեցի՝ ի վայելումն աղոթասեր հոգևորականների և բարեպաշտ հավատացյալների:
Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆ
«Շողակն» երկշաբաթաթերթ