Երեք ձախ և երկու աջ տեղաշարժ. սրանք Սարիղամիշի «թարս» պարի պարաքայլերն են: Պարի թարս լինելը բացատրվում է դեպի ձախ գնացող քայլերի առավելությամբ: Դեպի ձախ գնացող պարերը հնում ժողովրդի կողմից կոչվել են «թարս» պարեր: Պարերից բացի` ձախով կատարվող ցանկացած գործողություն նույնպես թարս է համարվել: Օրինակ` միջնադարում ձախլիկությունը համարվել է լուրջ ու ֆիզիկական արատ, և ավելի կասկածելի են եղել այն գործողությունները, որոնք կապված են եղել ձախի, ձախ կողմ գնալու հետ: Սուրբ գրքերի ուղեցույցում տեսնում ենք, որ ձախ գնալը, ձախորդությունը փորձանքների, անախորժությունների ու նեղությունների միջով անցնելն է, որոնք տանում են հոգևոր աճի և հավերժական առաջընթացի, եթե անձը դառնում է դեպի Տերը: Աճառյանի արմատական բառարանում նշված է, որ լեզուների մեջ աջը համարվում է լավ, բարեգուշակ, հաջողության կողմ, մինչդեռ ձախը նշան է անհաջողության, ձախորդության` իբրև չար, անբարեգուշակ կողմ: Այսպես` «աջ» բառից են առաջացել «հաջողություն, առաջ, առաջադիմություն» բառերը:
Այնուամենայնիվ, դեպի ձախ գնացո՞ղ, թե՞ թարս պարեր. տեսաբանների ու մասնագետների կարծիքները տարբեր են:
Պարը ծագել է դեռևս բնապաշտական ժամանակներում` Ք.ա. 29-26-րդ դարերում և փոխանցվել մինչև քրիստոնեական ժամանակներ: Սակայն, բնապաշտական ժամանակներից փոխանցվելով, պարերը բազմաթիվ փոփոխություններ են կրել` այնուամենայնիվ, պահպանելով մի շարք հատկություններ: Օրինակ` մինչև հիմա պարաշրջանը համարվում է կյանքի շրջան: Պարը նաև ժողովրդական մտածողության արտացոլում է. պարողների աջ ու ձախ կատարվող քայլերի համադրությունը ժողովուրդն ընդունում է որպես տատանման ռեալիստական արտահայտություն, որպես հաջողության ու անհաջողության, բախտավորության, չարի ու բարու՝ իրար հաջորդող համադրություն:
«Հայ քաջեր» պարային համույթի ղեկավար Անդրանիկ Բաղդասարյանը զրույցում նշեց, որ «թարս» պարերը չարխափան նշանակություն ունեն: Այդպիսի պարերն ունեն ոլորապտույտ հետագիծ, ինչն էլ նպատակ ունի կանխել չար ոգու ներթափանցումը, չար ոգուն խճճել ոլորապտույտ շարժումների մեջ:
- Եղել են անձրև կանչելու, հերոսներին փառաբանելու «թարս» պարեր, սակայն սրանց կողքին եղել են նաև հարսանեկան պարեր, որոնք սկսվել են ձախ ոտքից, սակայն թարս չեն համարվել,- ասաց պարուսույցը:
Նա ընդգծեց, որ դեպի ձախ գնացող պարերը կապված են նաև նախնիների պաշտամունքի հետ. պարողները, դեպի ձախ գնալով՝ փառաբանել ու գովերգել են նախնիներին: Նաև կան թարս պարեր, որոնք զուգորդվում են ծափերով, ինչն էլ չարին վախեցնելու ու վանելու միտում ունի: Անդրանիկ Բաղդասարյանի հավաստմամբ՝ յուրաքանչյուր տարածաշրջան իրեն բնորոշ թարս պարն ունի, որն անմիջականորեն կապված է հենց այդ տարածաշրջանի հետ: Օրինակ` հարավային շրջաններում, որտեղ տեղումների քանակը քիչ է, ժողովուրդը պարել է անձրև կանչող թարս պարեր, ինչը չենք նկատի հյուսիսային շրջաններում: «Անկախ կլիմայական տարբերություններից`մի տարածաշրջան կարող է պարել մյուս տարածաշրջանի թարս պարը», - ասում է նա:
Անդրանիկ Բաղդասարյանի խոսքով`կոնկրետ «թարս» պարերի համար նախատեսված տարազներ չկան: Դրանք ավելի շատ հարմարեցված են տարածաշրջանի հետ: Օրինակ` հյուսիսային ցուրտ շրջաններում տարազները ցրտից պաշտպանվելու համար հավելյալ մորթի են ունեցել:
Ազգագրագետ Նարինե Շամամյանը «թարս» պարերի մասին միանգամայն այլ տեսակետ հայտնեց` շեշտելով, որ ազգագրական աղբյուրներում և պատմական տարբեր վկայություններում փաստեր չկան այն մասին, որ «թարս» պարերը կապված են երաշտի, չար ոգու խափանման հետ:
Ազգագրագետը մեջբերեց գերմանացի էթնոերաժշտագետ Քորթ Զագսի տեսակետը, որ դեպի ձախ գնացող պարերը կապված են կանացի սկզբի հետ, իսկ դեպի աջ գնացողը` տղամարդու սկզբի:
Շամամյանը «թարս» պարերն ավելի շատ կապում է տիեզերքի հետ` բացատրելով, որ դրանց դեպի ձախ տեղաշարժը կապված է տիեզերքում կատարվող փոփոխությունների հետ: Ազգագրագետը կողմ չէ դեպի ձախ գնացող պարերը «թարս» անվանելուն: Նրա համոզմամբ՝ այդ անվանումն ինչ-որ չափով կապված է խորհրդային կարգերի հետ, երբ ձախով կատարվող ու դեպի ձախ գնացող յուրաքանչյուր գործողություն բացասական բնույթ ուներ, օրինակ` ձախով գրելը:
Այնուամենայնիվ թե´ ձախ, թե´ աջ գնացող պարաքայլերը պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեն և ազգագրական պարերի հիմքն են համարվում:
Էլմիրա Միրաբյան