Եթե լինես ու տաս

Եթե լինես ու տաս

Եթե լինես ու տաս, ապա կյանքում ամեն բան անվճար ու հեշտ կստանաս. սա այն կարգախոսն է, որին չեն հավատում մարդիկ, իսկ այն ինձ իսկապես բերում է բազում հաջողություններ:

 
Ասում են՝ կյանքում այն, ինչ հեշտ է ձեռք բերվում, արժեզրկվում է:
Նման մոտեցում ունեցող մարդկանց շարքին հայտնվում են ոմանք և կոտրում այդ կարծրատիպը:
 
Ես դեռ շատ փոքր էի, երբ ինձ ասում էին՝ սովորիր, ջանք գործադիր, որ հասնես նպատակիդ: Այո, սովորում էի, ինքնակրթվում, բայց առաջնային ես օգնում էի մարդկանց՝ միշտ ու ցանկացած հարցով:
 
Տարիներն ինձ չփոխեցին. ես հիմա ավելի մեծ խանդավառությամբ եմ օգնում մարդկանց, երբեմն՝ սեփական անձս մոռանալու աստիճան: Ես ոչինչ չեմ խնայում ու չեմ ակնկալում. կյանքը գեղեցիկ կերպով ինձ փոխադարձում է:
 
Իրականում ամենադժվար ճանապարհը իմն է՝ պատասխանատու և պարտավորեցնող:
 
Ես ընտրել եմ սիրելու և օգնելու, անշահախնդիր նվիրվելու և հոգ տանելու ճանապարհը:
 
Ես որոշել եմ լինել ու մնալ մարդ բոլոր իրավիճակներում, իսկ դա, հավատացած եղեք, ամենածանր աշխատանքն է, որ կարող եմ կատարել: Հուսալքվելու փոխարեն մարդուն հուսադրել, վատը ասելու փոխարեն մարդուն ոգևորել, ստելու փոխարեն ճիշտը լսելու ուժ տալ, երես թեքելու փոխարեն միշտ կողքին մնալ ու գոտեպնդել, անտարբեր լինելու փոխարեն միշտ ականջալուր լինել նրա ցավին:
 
Եվ այս ամենի արդյունքում կյանքում ամեն ինչ ինձ հեշտ է տրվում, որովհետև մարդ հարուստ է մարդկանցով: Եվ կյանքիս ամեն քայլափոխին ես հանդիպում եմ հենց նրանց, ում ժամանակին օգնել եմ:
 
Ես հավատարիմ եմ մնում բոլոր այն արժեքներին, երևույթներին ու մարդկանց, որոնց ես ընտրում եմ: Ուշադիր եղեք, թե ովքեր են շրջապատում ձեզ, որովհետև հենց իրենցով է պայմանավորված ձեր ապագան:
 
Լիլիանա Օսիպյան
  • 2022-02-08
×