Մեզ հետ կատարվում է այն ամենն, ինչ մեր ճակա՞տին է գրված: Ո՛չ: Կա՞ ճակատագիր: Ո՛չ: Այս պարզ ճշմարտությունը մեր ականջին օղ անելու փոխարեն, մենք հաճախ սկսում ենք հավատալ սնահավատությունների. երևույթների, որոնք չկան, գոյություն չունեն առհասարակ, բայց կառչում ենք այդ մտքերից ու բարդացնում մեր կյանքը:
Այն ինչ մեզ տրվում է ի վերուստ ոչ թե ճակատագիր է, այլ Աստծո կողմից սահմանված ճանապարհ, որի ինչպիսին լինելը որոշում ենք մենք, իսկ թե ինչպես կընթանանք այդ ճանապարհով, ցույց է տալիս Աստված:
Երբ փորձության մեջ ենք հայտնվում, ու մեզ հետ ոչինչ բարեբախտաբար չի պատահում, ինչու՞ ենք ասում՝ ճակատիդ ինչ գրված էր, այդպես էլ եղավ: Այն դեպքում, երբ ցանկացած պարագայում մեր հույսն Աստծո վրա ենք դնում, աղոթում և հավատում, որ կօգնի մեզ: Ճակատագրին հավատալով՝ մենք վնասում ենք մեզ. կասկածի տակ ենք դնում մեր հավատն Աստծո նկատմամբ:
Թե՛ լավ, թե՛ վատ իրավիճակներում ապավինեք միայն Աստծուն: Մի տրվեք մոլությունների և թույլ մի՛ տվեք, որ այն կուրացնի ձեզ: Կարդացեք Աստվածաշունչ և ոչինչ այլևս ձեզ համար բարդ չի թվա: Կյանքի ցանկացած դժվարին փուլում ելքի ճանապարհ այն հաստատ ձեզ ցույց կտա: Մի՛ հուսահատվեք ու մի՛ ընկրկեք. կյանքը մեզ տրված է մեկ անգամ, այն վայելելը ձեզնից է միայն կախված: Մի՛ վախեցեք սխալվելուց և դրանցից բխած հետևանքները կրելուց. դա էլ կյանքի բնականոն ընթացք է, որի միջով պետք է անցնել անվախ ու անտրտունջ: Դուք ապրեք աստվածահաճո քրիստոնյային վայել կյանքով, իսկ Տերը ձեզ հաստատ կտանի ճիշտ ու լուսավոր ճանապարհով, որը անհարթ, թերևս, լինել չի կարող, բայց այն ինքնուրույն անցնելու և խոչընդոտները հաղթահարելու համար վստահաբար կտա բավականին մեծ կամքի ուժ ու ձեզ հետ միասին կքայլի, որ դուք ձեզ վստահ զգաք ամեն քայլը կատարելիս:
Լիլիանա Օսիպյան