Երազանքի հետևից գնալ է պետք

Երազանքի հետևից գնալ է պետք

Կան երազանքներ ու նպատակներ, որոնց մենք նվիրումով և սրտի թրթիռով ենք սպասում: Սպասում ենք չիմանալով՝ այն կկատարվի, թե այդպես էլ կմնա անիրականանալի: Սպասում ենք, որովհետև հավատում եք: Սպասում ենք, որովհետև սպասման ծարավ ենք: Եվ վերջապես սպասում ենք, որովհետև ասում են` երազանքները իրականանալու հատկություն ունեն:
 

Հետո, գալիս է մի պահ ու մենք հասկանում ենք՝ այն ինչ ժամանակին երազանք էր, հիմա դարձել է նպատակ, սևեռուն միտք, որից մենք չենք ցանկանում բաժանվել: Այո՛, չենք ցանկանում բաժանվել, որովհետև հասկանում ենք, որ երազանքի հետևից գնալ է պետք, դրան հասնել է պետք և վերջապես վայելել է պետք:
 

Մի ամբողջ կյանք մենք կարող ենք պայքարել ու երազել, ու գիտեք ինչն է հետաքրքիր, մենք չենք հոգնում պայքարելուց, չենք բողոքում, չենք հուսալքվում, չենք մեղադրում: Մենք պայքարում ենք, ու թվում է՝ ինչքան շատ ենք պայքարում, այնքան ավելի ենք մոտենում   մեր երազանքի իրականացմանը: Ասում եմ երազանք, որովհետև այն շատ սիրուն է հնչում: Իրականում, երազանքն աստիճանաբար դառնում է նպատակ, բայց մեր մտքում այն միշտ երազանք է հնչում ու մինչ այն պահը, երբ ամեն բան արդեն իրականություն է դառնում:
 

Մեկ օր բացում ես աչքերդ ու հասկանում՝ երազանք տանող ճանապարհը շատ դժվար ու խոչընդոտներով լի է եղել, բայց դու հասել ես երազանքի իրականացմանը. հասել ես, որովհետև քո կողքին եղել են մարդիկ, ովքեր քեզ հավատացել ու հավատացրել են, որ շատ քիչ ճանապարհ է մնացել:
 

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ նրանց ներկայությունը մեր կյանքում անփոխարինելի է: Նրանք մեզ ապրեցնում և հավատ են ներշնչում, վստահեցնում են, որ անհնարին ոչինչ չկա, պարզապես երազանքի հետևից գնալ է պետք:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×