Հաճախ եմ մտածում ներել չիմացող մարդկանց մասին: Հասկանում եմ, որ երբեմն ցավը և վիրավորանքը կարող են ստիպել մի պահ սառնասրտորեն մոտենալ որոշ հարցերի, բայց հաջորդ պահերին ամեն ինչ անցնում է:
Բոլորս էլ հանդիպել ենք այնպիսի մարդկանց, ովքեր ասում են, ներելուց հետո հոգին հանգստանում է, ներդաշնակություն է տիրում կյանքում: Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում էլ չեն հասկացել ինչ է նշանակում ներել և ինքդ քո հետ հանգիստ ապրել: Ասում են, ներել ընդունակ են միայն ուժեղները: Կար ժամանակ, ես ինքս էլ չէի հասկանում, ինչպես ներել այն մարդում, ով ամեն բան անում է քեզ դժբախտ տեսնելու համար: Հետո հասկացա, որ իրական դժբախտները և մարդկության կողմից արհամարվածները իրենք են:
Մենք աշխարհ ենք եկել սեր տալու և ստանալու համար, ինչու ժամանակ վատնենք ուրիշների կյանքը կործանելու վրա: Աստված ինքն էլ սեր է և Իր ստեղծած արարածին նույնպես օժտել է սիրո զգացումով:
Երբ մենք չարության դիմաց բարություն ենք ցույց տալիս, նպատակ ենք ունենում դիմացինին ինչ-որ բան սովորեցնել: Իհարկե, միշտ չէ, որ դիմացինը հասկանում է արածիդ իմաստը, ավելին, երբեմն մտածում է դու խելագառ ես, որ շարունակում ես իրեն բարին կամենալ, բայց այն ինչ-որ անում ես, հետագայում Աստծուց ես ստանում:
Ես վստահ եմ, որ չարությունը իրենց մեջ կուտակած և դիմացինին վատը կամեցողները՝ մոռացել են Աստծո գոյության մասին, հակառակ պարագայում նրանք պետք է գիտակցեին, որ Աստված ամեն ինչ տեսնում և լսում է:
Իվերջո պետք չէ մտածել չարակամների մասին, որովհետև այդ կերպ գորշացնում ենք մեր կյանքը: Պետք է միշտ մտածել լավի և բարու մասին, ու որքան շատ ենք մտածում բարիք գործելու մասին, այնքան ավելի ենք հարստացնում մեր կյանքն ու ներաշխարհը:
Մարիետտա Խաչատրյան