Պալիատիվ խնամքը բժշկության մեջ, կարելի է ասել, խնամքի նոր ձև է, որը հիմնականում իրականացվում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող և նրանց ընտանիքի անդամների հետ՝ որպես հոգևոր և հոգեբանական աջակցություն՝ տառապանքի կանխարգելման կամ նվազեցման միջոցով: Այս ուղղությունն այլ կերպ կարելի է անվանել «համակերպման» օգնություն: Խնամքի այս ձևի առանձնահատկություններից մեկը համարվում է այն, որ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդին իր կյանքի վերջին օրերում տրվում է հնարավորություն՝ ապրելու իր կյանքը լիարժեք՝ ըստ իր պատկերացումների, սակայն, միևնույն ժամանակ, այդ ընթացքում պարտադիր է հոգևորականի ներկայությունը, որը կվերահսկի և կուղղորդի նրան: Այսինքն, հոգևորականն իրականացնում է հոգևոր աշխատանք թե՛ հիվանդի, թե՛ նրա ընտանիքի անդամների հետ: Խնամքի այս ձևը հնարավորություն է տալիս հիվանդին բարձրացնել իր կյանքի որակն ու արժեքը: Հիվանդի մոտ այս ընթացքում ինտեգրվում են խնամքի ֆիզիկական, զգացմունքային, հոգևոր ու սոցիալական ասպեկտները, և անհրաժեշտության դեպքում պահանջվում է բազմամասնագիտական թիմային մոտեցում:
Հիվանդության այս շրջանում հոգևորականի դերը հիվանդի այդ անսահմանափակ վարմունքների մեջ նրա հավատքային զգացումները բարձրացնելն է, ինչը, անշուշտ, շատ դժվար աշխատանք է: Հոգևորականը պետք է հիվանդին հանի հուսալքությունից և կարողանա դաստիարակել այն գիտակցումով, որ այս աշխարհում յուրաքանչյուր ոք ժամանակավոր բնակիչ է, և ամենակարևորը Քրիստոսով հավերժական, անդենական կյանք մուտք գործելն է, և յուրաքանչյուրիս տունը երկնքում է: Նման հույսը ոչնչացնում է հուսալքությունը և մահվան նկատմամբ վախը: Հիվանդին պետք է կարողանալ աղոթքով բարձրացնել առ Աստված: Հիվանդի մեջ հավատքի սերմանումով է, որ մահվան մահճում հայտնվածին հոգևորականը կարող է բացատրել այն գաղափարը, որ մեղանչումը մարդկային է, սակայն դրանից ազատագրվելու, այն է՝ ապաշխարելու համար, անշուշտ, պետք է հավատք, որով խոստովանությամբ թողություն կտրվի նրա մեղքերին: Քրիստոսի Հարությունը յուրաքանչյուրի համար ապացույցն է հավիտենական կյանքի, և Նա է միակ Բարեխոսն ու Տերը, Ով կարող է թողություն տալ մեր մեղքերին՝ անկեղծ զղջման պարագային (Ա Հովհ. Բ 1-2): Խոստովանությամբ և իր վերջին օրերին կեցության հիմք դարձնելով է, որ նրա մոտ փրկությունը կդառնա իրական և արդյունավետ (Հռովմ. Ժ 9): Շատ կարևոր է հիվանդին բացատրել, որ փրկության հասնելու համար գրեթե միշտ հանդիպում են նեղ դուռ, փշոտ ճանապարհ, որոնց վերջում լույսն է՝ փրկությունը (Մատթեոս Է 13-14):
Այս շրջանում կարող են հիասթափություններ առաջանալ թե՛ հիվանդների, թե՛ նրանց հարազատների մոտ: Քրիստոս ասում է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, ապա կարող եք լեռները տեղաշարժել նույնիսկ» (Մատթեոս ԺԷ 19): Այստեղ մեծ է հիասթափության առաջացման հավանականությունը, և առաջին հարցը, որ կծագի նրանց մոտ, սա է. «Հավատացինք, հապա ո՞ւր է բժշկությունը, խոստացվեց հավատալու պարագային բժշկություն և փրկություն, ո՞ւր է»: Այս պարագային պետք է նրանց հետ խոսել և բացատրել, որ շատ հաճախ մարդու փրկության համար այս կյանքում նա կրում է բազմապիսի հիվանդություններ, որոնք նրան տրվում են որպես ապաշխարանք (սուրբ Ներսես Շնորհալի, «Նամականի»): Հիվանդության այս ծանր փուլը փրկություն ձգտող անհատի համար ապաշխարության այլընտրանքային շրջան և ձև է, որով նա մաքրվում է իր մեղքերից: Եկեղեցու հայրերն ասում են, որ երանի այն անհատին, որի պատիժն ու քավությունն այս կյանքում կհասնի, ոչ թե մյուս:
Պատրաստեց Մելինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ