Երբեմն ցանկանում եմ ժամանակից առաջ ընկնել ու տեսնել այն, ինչը դեռևս մշուշոտ է: Իհարկե, ասում են ամեն բան իր ժամանակն ունի ու շտապել պետք չէ, բայց ապագայի սպասումը ինձ շատ է ոգևորում: Երբ 10 տարեկան էի երազում էի այն օրվա մասին, երբ կլինեմ 20 տարեկան: Այն ժամանակ այնքան հեռու էր թվում իմ ցանկությունը, մինչև անգամ անիրականանալի: Հետո, երբ 20 տարեկան էի, հասկացա, որ ամեն ինչ շատ արագ անցավ, մի ակնթարթի պես: Եկավ մի տարիք, երբ կենտրոնացել էի միայն ուսմանս վրա, այդ ընթացքում ժամանակի թռիչքը չէի զգում, ավելին՝ թվում էր՝ ամեն բան դանդաղ է ընթանում:
Հիմա հասկանում եմ՝ ինչու էր այդպես. կյանքի նոր փուլ պետք է մտնեի, որտեղ ամեն ինչ շատ խորթ էր, երբեմն՝ անհասկանալի: Ապագայի տեսլականը շատ էր անհանգստացնում: Մտածում էի՝ ուսումս ավարտելուց հետո ի՞նչ պետք է լինի, ի՞նչ պետք է անեմ, արդյո՞ք ամեն բան իմ պատկերացրածի պես կընթանա. հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար, ժամանակ էր պետք: Գիտեք, փոքր տարիքում մեզ այնքան էլ չի հուզում ապագան, միակ բանը, որ հետաքրքրում է, դասերն են, խաղերը և մեր ընկերները:
Ու գալիս է մի ընթացք, երբ ներսումդ հանգստություն է տիրում, դու հասկանում ես, որ կյանքը քեզ տանում է իր հունով, սուզվում ես ժամանակի մեջ՝ չհասցնելով ընկալել շատ երևույթներ: Այն պահին, երբ զգում ես, որ ամեն բան քո պատկերացրածի նմանողությամբ է եղել, քեզ համարում ես հաջողակ մեկը: Մինչև անգամ, եթե որոշ հարցեր քո պատկերացրածի պես չի եղել, դու փորձում ես աշխատել քեզ վրա ու այդ կերպ ամեն ինչ համապատասխանեցնել քո պատկերացրածին:
Բնական է, որ կյանքում պետք է լինեն նաև անկումներ, բայց պետք է կարողանալ գտնել տարբերակներ՝ նորից բարձրանալու ու շարունակելու:
Հաճախ ենք հարց տալիս ինքներս մեզ ու նաև Աստծուն՝ ինչու՞ հենց ինձ հետ եղավ այդպիսի բան: Գիտեք, եթե ապրում ենք, աշխատում, ստեղծագործում, պետք է պատրաստ լինենք նաև սխալվելու: Ու դա շատ բնական է, պետք չէ փախչել սխալներից, ավելին, եթե չկան սխալներ՝ չկա նաև ապրած կյանք:
Մարիետտա Խաչատրյան