Գրիչը լցվում էր թանաքով, իսկ այն բռնող չկար, իսկ թո՛ւղթը, ա՜խ, այդ թուղթը սպասում ու սպասում էր, թե երբ է իր ճերմակի վրա գրվելու ճշմարտությունը:
Ու հանկարծ, հանկարծ այն բռնում է ճյուղազարդ ծառ հիշեցնող ձեռք. մինչև կյանքը ծանրացել էր թղթին, թանաքն ապականեց ճերմակը: Իսկ ճշմարտությունը հանգրվանեց փողոցի ակյունում՝ մենախոս ծառի ստվերում, ուր ագռավները ճոճվում էին ու չարածիծաղ և չարագուշակ ժպտում...
Ամիսներ շարունակ այսպես թափառում էր ճշմարտությունը, երբ հանկարծ հանդիպում է փողոցում ճմռթված, անձրևաջրի մեջ թրջված կիսասև ճերմակաթղթին՝ արդեն սևագիր...
-Կյանքը ծանրացավ իմ ճերմակին այնպես, ինչպես գիշերն է ծանրանում մարդու կոպերին, իսկ այդ գրի՛չը, որքան մեղք էր նա, որ ճյուղազարդ ձեռքով աղտոտեց իմ ճերմակը,- թղթագունդը ցեխաջրից ու անձրևաջրից նայում էր ճշմարտությանը և բարեկամ ժպտում:
-Իմանալով այդ ամենը՝ դու դեռ ժպտում ես ու ինչպե՞ս ես կարողանում ժպտալ, երբ չարագուշակ և սևով լեցուն գրիչը ապականում է ճերմակդ, իսկ դո՛ւ, դո՛ւ արդեն ճմռթված թղթագունդ ես՝ ցեխաջրում հայտնված:
-Ձեռքը, որ սովոր է աղտի առաջ խոնարհ լինել, կաղտոտի այն ամենը, ինչ կարող է դառնալ իր համար հայելի:
ԵՐԲ ԵՍ...
Երբ ես մոտեցա իմ այբուբենի տառերին, աշխարհը ղողանջեց հայերենով:
Երբ ես մոտեցա իմ այբուբենի տառերին, տառը լցվեց հույզով, ու թռչուններն ավետեցին հայերենով:
Երբ ես մոտեցա իմ այբուբենի տառերին, տառը լցվեց գույնով, ու մարդը շիկնեց հայերենով:
Երբ ես մոտեցա իմ այբուբենի տառերին, տառը լցվեց բույրով, ու բույսը հյուսվեց հայերենով:
Երբ ես մոտեցա իմ այբուբենի տառերին, տառը հպվեց շուրթերիս, և ես հայերե՛ն խոսեցի աշխարհի հետ:
Երբ ես մոտեցա իմ այբուբենի տառերին, տառը լցվեց սիրով, և աշխարհն օրհնվեց հայերենով:
Էլինա ՄԻՐԶՈՅԱՆ
(բանասիրական գիտությունների թեկնածու)
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ