Հիասթափությունը աշխարհի երեսին գոյություն ունեցող ամենացավոտ զգացողություններից մեկն է, որ մարդը զգում և ապրում է: Ասում եմ ցավալի, որովհետև հիասթափությունից հետո մարդը չարությամբ է լցվում կյանքի և մարդկանց հանդեպ:
Հիասթափություններն ամեն քայլափոխի կարող են սպառնալ մեզ. հիասթափվում ենք սեփական աշխատանքից, մարդկանցից, կյանքից: Ու գիտեք՝ ի՞նչն է ավելի ցավալի, երբ հիասթափվում ես հարազատ դարձած մարդկանցից:
Չգիտեմ, արդյոք կան մարդիկ, ովքեր երբեք չեն ունեցել այդ՝ սիրտ ու հոգի ցավեցնող, տանջող ու մաշող զգացողությունը: Եթե կան այդպիսիք, նրանց հավանաբար պետք է բախտավոր համարել: Ինչևէ, ես չեմ կարծում, որ հիասթափություն ապրածները դժբախտ մարդիկ են: Գիտեք, բարդ իրավիճակներում է, որ մենք կարողանում ենք հասկանալ՝ ովքեր են մեզ հետ մինչև վերջ քայլելու և ովքեր են այդ ճանապարհի հենց սկզբից մեզ լքելու:
Բացակայության հետ համակերպվելը միշտ էլ դժվար է լինում, բայց ափսոսալ պետք չէ: Պետք է մտածել, որ վաղ թե ուշ նրանք մի օր հեռնալու էին , ու «ինչու՞ հենց ինձ հետ» հարցը դարձյալ տալու էինք ինքներս մեզ:
Նման մարդկանց պետք է բաց թողնել մեր կյանքից, բայց երբեք չչարանալ նրանց հանդեպ, պետք է մտածել, որ նրանք երբեք էլ չեն եղել մեր կյանքում: Այո, միգուցե շատ խիստ է հնչում, բայց պետք է ուժ գտնել՝ ապրել նաև առանց նրանց, որովհետև, հակառակ պարագայում, նրանց հետ կորցնելու ենք մեր դիմագիծը՝ ամեն անգամ աչք փակելով նրանց խոսքերի ու քայլերի առաջ: Ու առհասարակ, եթե մեզ սիրում ու գնահատում են, նշանակում է մենք նրանց դուր ենք գալիս այնպիսին, ինչպիսին կանք, առանց ձևականությունների և ավելորդությունների:
Կյանքում միշտ էլ լինելու են մարդիկ, որոնց համար մենք անհասկանալի ենք թվալու, մինչև անգամ՝ տարօրինակ, բայց, միգուցե, մեր անհասկանալիության մեջ էլ կա հասկանալիություն, պարզապես այդ ամենը բացահայտել է պետք: Նրանք, ովքեր սովոր չեն պայքարի և բացահայտման ճանապարհով ընթանալ, շատ շուտ հեռանալու են մեզանից, իսկ նրանք, ովքեր հեշտի կողմնակիցը չեն, մնալու են ու բացահայտելու են այն առեղծվածայինը, ինչը մնացածներին չհաջողվեց անել:
Մարիետտա Խաչատրյան