Բոլորիս էլ հանդիպում են մարդիկ, որոնց հետ շփվելիս մտովի դասակարգում ենք նրանց՝ ըստ մեր կյանքում զբաղեցրած դերի, ունեցած նշանակության: Երբևէ մտածե±լ եք, որ մարդիկ լուսացույցի նման են՝ կարմիր, դեղին, կանաչ: Կարմիր մարդիկ, ովքեր ոչինչ չեն խնայում քո կյանքում խոչընդոտներ ստեղծելու համար, դեղին մարդիկ, որոնց ներկայությամբ ոչինչ չի փոխվում քո կյանքում և կանաչ մարդիկ, ովքեր կանեն ամեն ինչ, որ հասնես բազում հաջողությունների, ունենաս ժպտալու բազում առիթներ:
Կարմիր մարդկանց հետ շփման գործում պետք է մի փոքր գազան լինել՝ նրանց երախում չհայտնվելու համար: Առաջին հայացքից ոչ մարդասիրական թվացող այս միտքն ունի բավականաչափ ճշմարտության տարրեր իր մեջ. հարց է, թե մենք ինչպե±ս կցանկանանք այն մեկնաբանել: Պետք է թույլ չտալ դիմացինին քեզ վրա այնպես ազդել իր բացասական տրամադրվածությամբ, որ արդյունքում վնասի քեզ և ստիպի տրամադրության անկում ունենալ ու ձախողել ամեն բան, ինչին էլ հենց միտված են լինում նման մարդկանց արարքները: Հայելային էֆֆեկտը կյանքի բոլոր փուլերում էլ գործում է և տալիս է իր բարի պտուղները:
Դեղին մարդիկ ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ նրանք հայտնվում են ու ակնթարթի պես վերանում քո կյանքից, ինչպես լուսացույցի դեղին լույսը, որը վայրկյանների ընթացքում վերափոխվում է կարմիրի կամ կանաչի:
Եվ միայն կանաչ մարդկանց շնորհիվ է, որ սիրում ենք կյանքը, ապրում ու վայելում, գնահատում ու կարևորում նրանց ներկայությունը:
Այս ամենից զատ՝ եկեք խոստովանենք, որ բոլորս էլ միագույն մարդիկ չէինք ցանկանա ունենալ, որովհետև ամեն բան հետաքրքիր է, երբ սպասում ես առանց իմանալու, թե ինչ է սպասվում հաջորդ քայլափոխին: Այդպես է գործում նաև լուսացույցը. պետք է կանգ առնել, երբ կարիք կա զիջելու, պետք է պատրաստվել և, միայն ապագայի լույսին հավատալով, անվախ ընթանալ կյանքի կանաչ ճանապարհով:
Լիլիանա Օսիպյան