Օգնիր փոխվել, բայց չփոխել…

Օգնիր փոխվել, բայց չփոխել…

Աղոթելիս բոլորս էլ հոգու խորքում ինչ-որ ցանկություն պահած դիմում ենք Տիրոջը այն սպասումով, որ անպայման այն իրականացնելու է: Ի՞նչ ենք ցանկանում և իրականում ի՞նչ է պետք մեզ, երբեմն իրար չեն համապատասխանում: Մենք անընդհատ ցանկանում ենք, որ բարությունը, խաղաղությունը գերիշխի մեր շրջապատում, բայց ինչը կնպաստի դրան չենք էլ պատկերացնում:
 

Առաջնահերթ Աստված պետք է օգնի մեզ բոլորիս մնալ հաստատակամ մեր համոզմունքներում: Օգնի, որ հպարտությունը երբեք չփոխվի մեծամտության, համեստությունը՝  անարժանապատիվ ինքնանվաստացման, խիզախությունը՝   անզուսպ անհամբերության, անձնվիրությունը՝ ինքնակեղեքման, կենսասիրությունը՝ ագահության, անձնազոհությունը՝ ինքնաոչնչացման, վճռականությունը՝ համառության:
 

Վերը նշված հատկանիշները բնորոշ են մեծ կամք  ունեցող մարդկանց: Նրանց, ովքեր չեն ակնկալում միակողմանիություն: Ովքեր հույսը դնելով Աստծո վրա՝ քաջ գիտակցում են, որ իրենք էլ իրենց հերթին պետք է նպաստեն թե՛ իրենց, թե՛ շրջապատի փոփոխություններին:
 

Հիշենք, որ ցանկացած աղոթք մեծ ուժ է ստանում այն դեպքում, երբ ամբողջ սրտով հավատում ենք դրան ու պատրաստ ենք մեր հերթին ինչ-որ զոհողությունների գնալ: Ոչինչ այս կյանքում հեշտ չի տրվում մարդկանց:
 

Նախքան աղոթքի կանգնելը՝ ծանոթացեք Աստծո հետ. կարդացեք Աստվածաշունչ: Այնտեղ բոլորդ կգտնեք ձեր ցանկությունների իրականացման տանող բոլոր ճանապարհները: Թե որքանով պատրաստ կլինեք միայնակ քայլել այդ ճանապարհով, դա արդեն հարցի մյուս կողմն է, որի պատասխանը ևս կգտնեք հենց այդտեղ՝ Աստվածաշնչում:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×