Ամեն ինչի համար ժամանակ է պետք

Ամեն ինչի համար ժամանակ է պետք

Երբ գալիս է պայքարելու ժամանակը, ամենահաճախ տրվող հարցը՝ հանուն ինչի՞ կամ ու՞մ պայքարել: Թվում է՝ միշտ պետք է լինի մեկը, ում համար մենք պետք է պայքարենք: Իհարկե, առաջին հերթին պայքարում ենք ինքներս մեզ համար, որովհետև նմանատիպ իրավիճակներում սեփական անձի հանդեպ վստահությունն ավելի է մեծանում, հասկանում ես, որ դու իզորու ես լուծել քո խնդիրները ու այլևս պետք չէ ինչ-որ մեկի օգնությունը: Երբ դժվարության ճանապարհին մենք ապավինում ենք Աստծո օգնությանը և մեր մտքի զորությանը՝ հնարավորություն ենք ունենում հաղթահարել, մինչև անգամ, անհնարին թվացող խնդիրները:
 

Հիշեցի ընկերուհուս հետ կապված մի շատ ցավալի դեպք. նա մեկ տարվա ընթացքում կորցրեց ծնողներին: Գիտակցում էի, թե ինչպիսի սարսափելի ցավի մեջ է, բայց նաև հասկանում էի, որ ապրել է պետք: Իհարկե, դժվար էր այս ամենը նրան ասել և բացատրել, որովհետև ամեն խոսքից հետո ասում էր՝ դու չես հասկանում ինձ, չես տեսնում իմ հոգին, իմ կործանված ներաշխարհը:
 

Հասկանում էի, որ ժամանակ էր պետք ցավը հաղթահարելու համար, բայց ամեն անգամ նրան տեսնելուց սիրտս ցավ էր ապրում: Ցանկությունս մեկն էր, որ ժամանակը վազեր, հոսեր, որ նա վերադառնար մեր աշխարհը: Ասում եմ մեր աշխարհ, որովհետև նա իրականությունից հեռացել էր, մոռացել, որ կյանքը շարունակվում է ու ապրել է պետք՝ հանուն ծնողների, չնայած որ նրանք այլևս չկան, բայց ամեն ինչ տեսնում են: Ընկերուհիս, նախկինում երբեք եկեղեցի չէր այցելում, բայց պետք է ասեմ՝ Աստծուն շատ էր հավատում, չգիտեմ ինչով էր պայմանավորված եկեղեցի չայցելելը, ամեն դեպքում դա իր որոշումն էր: Կիրակի օր էր, գնացի իրենց տուն, ասեցի վեր կաց, մենք այսօր պատարագի պետք է մասնակցենք: Գիտեք, հետաքրքիրն այն էր, որ ինձ չմերժեց, առանց ոչինչ ասելու, վեր կացավ ու եկավ հետս եկեղեցի:
 

Պատարագից հետո, մինչև տուն հասնելը, ամբողջ ճանապարհին լուռ էր, ոչ մի բառ չարտասանեց: Հասանք իրենց տուն ու շատ չանցած ինձ ասեց. «Շատ երկար ժամանակ հոգիս այսքան հանգիստ չէր զգացել իրեն, տպավորություն է՝ ծնողներս ինձ հետ են, ներսումս անբացատրելի հանգստություն է…»:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×