Ուրախություն պարգևողը

Ուրախություն պարգևողը

«Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախությամբ պիտի ցնծան, իսկ ձեր սրտի ցավից աղաղակելու եք, ձեր հոգու կսկիծից ողբալու եք»:

 

Եսայի ԿԵ 14

 

Մի ավանդություն կա, ըստ որի հինավուրց մի ամրոցում պատից կախված էր հին, փոշոտ, կոտրված երաժշտական գործիք: Ոչ ոք չգիտեր այն օգտագործելու ձևը և, չնայած բոլոր ջանքերին, ոչ մեկին չէր հաջողվում նրանից մի ձայն անգամ դուրս հանել: Մի օր ամրոցի դարպասներից ներս մտավ մի օտարական և տեսնելով պատին կախված գործիքը՝ զգուշությամբ վերցրեց ու սկսեց հոգատարությամբ մաքրել փոշին, ապա նուրբ շարժումով ուղղեց պոկված լարերը, և գործիքը շունչ առավ: Նրա՝ վարպետորեն նվագող ձեռքի տակ կենդանություն առան այդքան ժամանակ անձայն մնացած լարերը՝ շուրջբոլորը լցնելով հիանալի հնչյուններով: Դա ամրոցի տերն էր, որ երկար բացակայությունից հետո տուն էր վերադարձել:
 

Այս լեգենդում ամրոցը խորհրդանշում է եկեղեցին, իսկ երաժշտական գործիքը՝ մարդկային հոգին, որը կոտրված է, փոշոտ ու լուռ այնքան ժամանակ, քանի դեռ նրան չի դիպել Արարչի ձեռքը:
 

Բոլորիս մոտ գալիս է այնպիսի մի պահ, երբ մեր հոգին կորցնում է Արարչի հետ կապը: Միաժամանակ կորսվում են նաև այն ջերմությունն ու ուրախությունը, որ զգում էին մի ժամանակ, երբ մեղքերից մաքուր հոգու մեջ հնչում էր Աստծո ձայնը՝ հեռու վանելով ամեն վախ ու անհանգստություն: Միակ բանը, որ մեզ հեռացնում է Արարչից մեղքն է, որի պատճառով կարծրանում է սիրտը, փակվում են հոգու աչքերը, և խլանում է խղճի ձայնը: Բոլորս անխտիր, քանի դեռ ապրում ենք այս կյանքում, զերծ չենք մեղքեր գործելուց, սխալ ընթացքից և հաճախ չենք էլ գիտակցում, թե ինչ ենք անում: Հնարավոր չէ անմաքուր հոգուն մերձենալ և շփվել Աստծո հետ, որովհետև Նա Սուրբ է և սրբերի մեջ է բնակվում (տե՛ս Բ Կորնթացիներ  Զ 17):
 

Հետևաբար, Աստծուն նորից մոտենալու համար միակ ճանապարհը խոստովանությամբ և ապաշխարությամբ մաքրվելն է, հատկապես պահքի և ծոմապահության օրերին: Ակնածանքով կատարելով այս ամենը՝ մենք պետք է հիշենք, որ ապաշխարելը, պահք պահելը և աղոթելը պտղաբեր պետք է լինեն մեր հոգիներում և մեր կյանքում, այլապես մենք կնմանվենք չորացած ծառի, որի մեջ կենարար հյութ չի ներթափանցել:
 

Միայն թե Տերը մեզ հետ պահի անպտուղ ապաշխարությունից, զղջումից, որը միայն զգացական է, և որով մենք հաճախ ենք խաբվում: Այդպես էր զղջում փարավոնը՝ ժամանակավոր, մակերեսորեն, և նորից նույն կերպ վարվում, իսկ նրա սիրտը ավելի ու ավելի էր կարծրանում: Այժմ էլ շատերն են այդպես ապաշխարում, նրանք մեկ րոպե ցավ են զգում իրենց մեղքերի համար, ապա կրկին դառնում հնին և չեն նկատում՝ ինչպես է իրենց խիղճը աստիճանաբար խլացել:
 

Երբ զգում ենք, որ լռել են մեր հոգու լարերը, նվաղել Աստծուն փառաբանելու և աղոթելու ուժերը, կորել է ուրախությունը, սառել է ողորմած լինելու հոգին: Ժամանակն է Աստծո առջև լայնորեն բացել սրտի դռները, որպեսզի Նա մուտք գործի: Նա Իր գթառատ ու սիրող ձեռքով մեղքի հետևանքով առաջացած փոշուց կմաքրի մեր հոգու լարերը, կվերականգնի այն ամենը, ինչ կոտրվել, ավերվել է մեր սրտում: Բոլոր անհամապատասխան հնչյունները կմիաձուլվեն մի հրաշալի ներդաշնակության մեջ, և ուրախ, հաղթական գոհաբանության երգը անդադար կհնչի մեր նորոգված հոգու մեջ:
 

Եվ ինչպես Հակոբ Մծբնա հայրապետն է ասում. «Այդժամ նրա համար լույսը կծագի արեգակի պես, արդարության իրավունքները կընթանան նրա առջևից, և նա կլինի դրախտի նման՝ լի հյութալի պտուղներով, և աղբյուրի ավազանի պես, որի ջուրը չի պակասում»:

 
 

Պատրաստեց Գայանե ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Սկզբնաղբյուր`«Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×