Դատելը մարդկային է։ Խիստ մարդկային, ինչպես սխալվելը, սայթաքելը, սեփական թերացումն ընդունելը կամ ժխտելը, բարիք գործելը կամ չարակամությունը։ Ինչ-որ պահից սկսած՝ մարդը դատում է միշտ և ամենուր։ Սկզբում նա ընդօրինակում է ծնողներին, վերցնում է դատելու նրանց մեխանիզմները, ապա, հնարավորության դեպքում, ձեռք է բերում սեփականները։ Եվ սկսում է աշխարհին նայել մի պատուհանից, որը ծածկված է դատողության և սեփական կարծիքի կարծր ապակիով։
Մի՞թե Քրիստոս չգիտեր այս մասին, երբ բարձրացավ լեռան վրա և ասաց՝ մի՛ դատեք։ Մի՞թե Աստծո Որդին չգիտեր, որ մեր ամբողջ կյանքը հիմնված է այս կամ այն երևույթի վերաբերյալ ձևավորված դատողությունների վրա, և մեզ համար չափազանց բարդ է չդատելը։ Իհարկե, և հենց դրա համար ասաց՝ ինչ սկզբունքով որ դատեք ուրիշներին, Աստված նրանո՛վ է դատելու ձեզ։
Երբ կարդում ենք այս միտքը, չգիտես ինչու, պատկերացնում ենք մեր ներկա իրականությունից հեռու մի իրականություն՝ դատաստանի օր, դրախտի կամ դժոխքի ճամփաբաժան և Աստծուն՝ ինչ-որ կերպարով, ով մեզ հիշեցնում է մեր մտքերն ու արարքները, ապա մեր դատածով էլ դատում է մեզ։
Ինչո՞ւ մարդը չի տեսնում, որ նա ամեն օր է դատվում է այն բոլոր չափանիշներով, որով դատում է ինքը։ Քանի՞ անգամ ենք մենք հայտնվել հենց այն իրավիճակում, որը դատապարտել ենք, քանի՞ անգամ ենք մենք հայտնվել այն մարդու տեղում, ում արարքները դատել ենք, քարկոծել նրան՝ հրապարակավ կամ ինքներս մեր մեջ։ Վստահ եմ, եթե անկեղծ լինեք՝ կհիշեք առնվազն մեկ-երկու դեպք, երբ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, և դուք, քարկոծողից վերածվել եք քարկոծվողի։ Սա կոչվում է արդարություն․ այդպես է մեր աշխարհը ստեղծված։
Ընդունելով փաստը, որ մեզ համար շատ դժվար է չդատելը, դրանից վեր լինելը, պիտի ինքներս մեզ համար մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի մեր դատողությունները չվնասեն մեզ, մեզ շրջապատողներին։ Չենք կարող ժխտել, որ մեր կյանքում բազմաթիվ արատավոր երևույթներ կան, չենք կարող ժխտել, որ վատը պիտի վատ կոչվի, բարին ու լավը՝ բարի ու լավ։ Բայց երբ մարդը մոռանում է սեփական գերանների մասին և սկսում է զբաղվել բացառապես այլոց աչքերի մեջ եղած շյուղերով, սա փաստում է հիվանդ ուղով ընթանալու մասին։ Սա փախուստի, ինքնաճանաչումից խուսափելու, սեփական արատներն առաքինությունների վերածելու ներուժ չունենալու մասին է վկայում։ Որովհետև միշտ կլինի դատելու, քննադատելու բան, բայց արդյո՞ք դա է մեր անելիքն այստեղ, արդյո՞ք դրա համար է մեզ շնորհվել կյանք, մտածելու և գործելու ունակություն։ Եվ արդյո՞ք երբ մենք դատում ենք, մեզ հաջողվում է այդ կերպ դրական փոփոխություն մտցնել, արդյո՞ք երբ քարկոծում ենք մեկին, դրանով տալիս ենք նրան փոխվելու և ավելի լավը դառնալու շանս, թե մեր այս բոլոր քայլերով նպաստում ենք միայն մեր քննադատած երևույթների ծաղկմանն ու շատացմանը, և, իհարկե, ցուցադրմանն այն բանի, թե ինչ «լավն» ենք մենք։
Երբեմն մարդիկ այնքան են տարվում սեփական նշանակալիությունն ընդգծելու ցանկությամբ, սեփական առաքինությունները ցուցադրելու մոլուցքով, որ դադարում են նկատելուց՝ իրենց քննադատությունները ամենից հաճախ հենց իրենց, իրենց ներքին աշխարհի և իրենց հիվանդ կողմերի մասին են պատմում։ Եվ մի բան ակնհայտ է՝ որքան մենք սևեռված ենք այլոց սխալների և մեղքերի, դրանց հանրայնացման ու քննադատման վրա, այնքան պակաս ժամանակ և այլ ռեսուրսներ ունենք՝ սեփականները տեսնելու, շտկելու, ինքնաճանաչման ու ինքնակատարելագործման համար։ Իսկ սա չի կարող անհետևանք մնալ։ Որովհետև սա վնասարար գործողություն է նախ և առաջ ինքներս մեր, մեզ տրված կյանքի ու ժամանակի, մեզ տրված հնարավորությունների ու շնորհների հանդեպ։
Երբ մարդը զբաղված է իր այգու մշակմամբ, նա քիչ է մտահոգված այլոց այգիների մոլախոտերով։ Իհարկե, երբ նրան հաջողվում է մաքրել ու ծաղկեցնել իր այգին, նա կարող է կիսվել իր փորձով այլ մարդկանց հետ (հատկապես նրանց, ովքեր այդ գործում թերանում են), մոլախոտերն արդյունավետ կերպով վերացնելու իր հմտությամբ, բայց անել դա սիրով ու բարությամբ, առանց բարձրից խոսելու, առանց հպարտության, առանց քարեր նետելու․․․ Որովհետև երբ նպատակդ օգնել է, դրական փոփոխություն մտցնելը, ինչ-որ մի բան նորոգելն ու առողջացնելը, դու դա չես անի նյարդայնորեն, թունավորելով, ծաղրանքի-վիրավորանքի, քինոտ բառերի միջոցով, այլ նույնսիկ դատողությանդ մեջ սեր կունենաս, փոփոխություն բերլու ուժ և բարություն․․․
Հետգրության փոխարեն՝
Ամեն անգամ, երբ քրիստոնյա հանրությունը որևէ տոն է նշում, սոցիալական կայքերի հայախոս տիրույթում բարձրանում է դատել-քննադատելու հերթական ալիքը։ Բոլորը մի բան են ուզում․ ընդգծել՝ ինչքան վեհ, կիրթ, խելացի, շնորհալի և կայացած ենք իրենք, ու որքան հեռու են այդպիսին լինելուց նրանք, ովքեր, օրինակ, բոլորին միևնույն նկարով կամ անիմացիայով են շնորհավորում տոնի կապակցությամբ։
Կուզեի իմանալ, վերջին օրերին եղե՞լ է արդյոք մեկը, ով իրեն այդ կերպով շնորհավորած մարդուն անհատապես բացատրել է՝ ինչու է դա իր համար սխալ կամ տհաճ, ինչու է դա նյարդայնացնող կամ ինչով կարելի է փոխարինել այդ։ Եվ արել է դա հենց անձնական նամակով, ինչով որ ստացել է շնորհավորանքը, և ոչ հրապարակային գրառմամբ։
Եղե՞լ է այդպիսի մեկը․․․
Հեղինակ՝ Ա․ Պողոսյան