Հաղթել ինքդ քեզ ու քեզ համար. սա է, թերևս, կարևոր այն բոլոր հաղթանակների մեջ, որոնք կյանքում ունեցել ենք կամ դեռ պիտի նվաճենք: Ամեն տարած պարտության մեջ քաղած դասերն էլ են մեզ հաղթանակ շնորհում ներքուստ:
«Դրանք պարզապես գիտակցելի են դառնում, երբ արդեն մոռանում ես մրցակցության մասին: Պարտությանդ նայում ես ոչ այն տեսանկյունից, որ զիջել ես հաղթանակդ դիմացինին, այլ հետևում ես ներսիդ դրական փոփոխություններին, որոնք իր հետ բերել է այն»,- ասաց 17-ամյա Հենրի Մինասյանը, ով մանկուց զբաղվում է սպորտով և իր կյանքում ունեցել է բազում հաղթանակներ և որոնց կողքին չի մոռանում հիշատակել նաև պարտությունները: Հենրին անկեղծանում է. «Ցանկացածի համար էլ, կարծում եմ, հաճելի է հաղթել, առավել ևս՝ եթե խոսքը սպորտային մրցման մասին է, ու ինքս էլ շատ սիրում եմ, բայց…: Երբ մարզիչդ քո մեջ սերմանում է այլ՝ ավելի կարևոր արժեքներ, հաճույքով ես տանում պարտություններդ (ժպտում է)»: Հենրիի հետ զրույցում պարզ դարձավ, որ ցանկացած պարտությունից հետո մեծանում է ինքնակատարելագործվելու ցանկությունը, նպատակասլացությունը, սեփական սխալներդ նկատելու կարողությունը. «Ցանկացած պարտությունից հետո հաղթանակում ես, որովհետև արդեն լիարժեք պատկերացնում ես այն բոլոր առավելություններդ, որ ձեռք ես բերել այդ ընթացքում»:
Ասում են՝ հաղթանակները պարբերաբար են այցելում այն մարդկանց, ովքեր արժանապատվորեն են տանում բոլոր պարտությունները: Մեր հերոսի պատմությունը վառ ապացույց է այն բանի, որ կարևորը կյանքում ոչ թե հաղթելն է, այլ ինքդ քեզ պարտությանդ ֆոնին հաղթանակած զգալը:
Լիլիանա Օսիպյան