Երեխայի հետ խոսեք հեքիաթի լեզվով

Երեխայի հետ խոսեք հեքիաթի լեզվով

Հեքիաթները ճշմարիտ են: Ոչ թե որովհետև դրանք պատմում են, թե վիշապները գոյություն ունեն, այլ որովհետև դրանք պատմում են, որ վիշապներին կարելի է հաղթել:
 

Ինչպիսի՞ բովանդակությամբ հեքիաթ եք կարդում ձեր երեխաների համար, ի՞նչն եք կարևորում և ինչպե±ս են առհասարակ արձագանքում երեխաները հեքիաթի հերոսներին:
 

Հեքիաթը ինչ-որ բան փոխանցելու ամենահետաքրքիր և ամենաարդյունավետ միջոցն է փոքրիկների համար: Այն միակ իրականությունն է, որը գոյություն ունի երեխաների համար, ուստի պետք չէ տալ բարու և չարի սահմանումներ և պարտադիր նշել, որ միշտ հաղթում է բարին: Յուրաքանչյուր իրավիճակի բացառապես լավ ավարտը հեռացնում է երեխաներին իրականությունից:
 

Հեքիաթի հերոսների վարքագիծը, նրանց բնորոշ հատկանիշները դառնում են երեխաների համար կրկնօրինակման մոդելներ, ուստի հեքիաթի ընտրությունն ամենակարևորն է: Առաջին հայացքից դրական թվացող հեքիաթն անգամ կարող է բացասաբար ազդել երեխայի վրա, եթե չուղեկցվի ճիշտ բացատրություններով:
 

Ելենան, ով ունի  3 տարեկան փոքրիկ, մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնականում նախապատվությունը տալիս է հայկական հեքիաթներին՝ Ծիտը Պոչատ աղվեսը, Բարեկենդանը և այլն. «Ընթերցում եմ այնպիսի հեքիաթներ, որոնք ունեն իրենց մեջ թաքնված խորհուրդներ և ցանկանում եմ դրանք հնարավորինս մատչելի մատուցել տղայիս: Հնարավորինս փորձում եմ գտնել այնպիսի հեքիաթներ, որոնց սյուժեներում քիչ թե շատ առկա են իրականության տարրեր»:

 

Երեխաներին պետք է պատմել ոչ միայն հեքիաթներ, այլ կյանքը, ցույց տալ ու խոսել նրանց հետ՝ հեքիաթի լեզվով: Պատմել հերոսների մասին, կերպարանավորել ցանկացած երևույթ, մարդկային տեսակ, որ նրան կարող են պատահել իր կյանքի ճանապարհին: Սկսել ոչ թե լինում է, չի լինում, այլ կան և կհանդիպես նախաբանով:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×