Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք

Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք

Աստծուն ճանաչելուն և Աստվածաշնչում Տիրոջ պատգամները սովորելուն զուգահեռ Նա մտքի խաղաղություն է շնորհում ամենքիս: Մենք սկսում ենք կյանքին նայել Աստծո տեսանկյունից՝ քաջատեղյակ լինելով Նրա հավատարմությանն ու մեզ համար հոգ տանելու կարողությանը: Անկախ նրանից, թե ի՛նչ է մեզ համար պատրաստել ապագան, մենք կարող ենք մեր հույսն Աստծո վրա դնել:
 

Ինչի՞ վրա ենք կառուցում մեր կյանքը: Հավատանք թե ոչ, բայց յուրաքանչյուր մարդ ինչ-որ բանի վրա է կառուցում իր կյանքը: Յուրաքանչյուրս իր հիմքն ունի՝ մի բան, որի վրա հույս ենք դնում կամ որին հավատում ենք: Գուցե դա հենց ինքներս մենք ենք. «Ես գիտեմ, որ իմ կյանքում հաջողություններ կունենամ, եթե բավականաչափ քրտնաջան կերպով փորձեմ դրան հասնել»: Աստված ասում է, որ ինքներս մեզ վրա, կամ ինչ-որ այլ բանի վրա հույս դնելը նույնն է, ինչ ավազի վրա տուն կառուցելը: Փոխարենը Նա ուզում է, որ մենք Իրեն վստահենք. «Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված, իսկ ով որ լսում է իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթեոս 7.24-27):
 

Իմաստություն է աղետների ժամանակ Աստծուն մեր կյանք կանչելը, բայց Աստված ուզում է, որ մենք լիառատ կյանքով ապրենք միշտ՝ անկախ մեր կյանքում ստեղծված իրավիճակներից:
 

Աստված ինչու՞ պետք է լինի մեր կյանքի կենտրոնում: 
Որովհետև չկա իրական խաղաղություն կամ հույս՝ առանց Աստծո ճանաչողության: Կյանքում մշտապես լինում են իրավիճակներ, երբ մենք Նրա օգնության և ներկայության կարիքն ենք ունենում: Իհարկե, մենք կարող ենք փորձել մեր կյանքը առանց Աստծո դասավորել, սակայն ամեն բան ունայն կլինի: Նա մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա դրական ազդեցություն ունենալ է կամենում: Երբ մենք մեր հույսը դնում ենք Նրա ու Նրա Խոսքի վրա, նշանակում է՝ մեր տունը ժայռի վրա ենք կառուցում:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×