Քրիստոնյայի համար համբերությունն ու ժուժկալությունը կարևոր առաքինություններ են, սակայն կա մի բան, որի բացակայության դեպքում մնացած բոլորը արժեզրկվում են։ Այդ առաքինությունը սերն է:
Հիսուս ցույց տվեց սիրո կարևորությունը, երբ ասաց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննես 13։35)։ Քանի որ սերը բնորոշ է ճշմարիտ քրիստոնյաներին, ուստի մենք կարիք ունենք գտնել հետևյալ հարցի պատասխանը. ի՞նչ է սերը: Սիրո սահմանումներից մեկը հետևյալն է. «Խորը կապվածության կամ ջերմ մտերմության, քնքշության կամ համակրանքի զգացում մեկի հանդեպ»։ Սերը, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում, կապված է մարդու և՛ մտքի, և՛ սրտի հետ։ Մտքի, կամ բանականության դերը կայանում է նրանում, որ սիրող անհատը գիտակցում է, որ թե՛ ինքը և թե՛ նրանք, ում սիրում է, բոլորն էլ ունեն ինչպես անցանկալի, այնպես էլ գրավիչ հատկություններ։ Բանականության դերը կայանում է նաև նրանում, որ մարդը գիտակցում է հանդուրժողականության և սիրո կարևորությունը, քանզի Աստվածաշնչից գիտի, որ դա է Աստծո կամքը: Բայցևայնպես, հիմնականում սերը սրտից է բխում։ Իսկական սերը, ինչպես ցույց է տրված Աստվածաշնչում, երբեք միայն բանական չի լինում։ Սերը առաջ է բերում անկեղծության ու պատասխանատվության խորը զգացում։
Եսասեր մարդիկ հազիվ թե ընդունակ լինեն իսկական սիրով լի փոխհարաբերություններ հաստատելու:
Հիսուսի՝ «երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը» խոսքերը հատկապես ճշմարիտ են, եթե տալը սիրո դրսևորում է հանդիսանում (Գործք 20։35)։ Սերը կարևոր է նաև այն պատճառով, որ օգնում է հավասարակշռել մեր կյանքի տարբեր ոլորտները և մեր գործողություններին ճիշտ մղումներ է հաղորդում։ Իհարկե, շատերն են ասում, որ սիրում են Աստծուն, սակայն նրանց գործերը հակառակն են փաստում։ Ինչպե՞ս մեր սերը ցույց տանք Աստծուն, այս հարցի մասին շատերս ենք մտածել։ Մենք կարող ենք նրա հետ խոսել աղոթքով ու պատմել նրան մեր զգացումների մասին։ Կարող ենք մեր գործելակերպով ցույց տալ մեր սերը։
Հիսուսը մի համընդհանուր սկզբունք սահմանեց, թե ում պետք է մենք սիրենք։ Նա ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» և «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս 22։37–39)։
Ահա այս պատգամի մեջ է ամփոփվում ողջ քրիստոնեությունը և մարդու առաքելությունը:
Մարիետտա Խաչատրյան