Կրկես՝ ոչ փոքրիկների համար:
Գրավե՞ց, դե ներս մտիր, գուցե դու կլինես այն մեկը, ով կհասկանա նրան իրապես ու կերջանկանա ընդմիշտ, այո կերջանկացնի, հավատա, դե ինչպես անում են բոլոր իր նմանները, բայց նա բոլորի նման չէ, կհամոզվես ինքդ, շտապի՛ր, որ տոմս հասցնես գնել: Ասում են` երբ բեմում ինքն է լինում, տոմսերն այդ օրը միանգամից են սպառվում:
-Բարև Ձեզ, «Ես պատրաստ եմ գողանալ յուրաքանչյուրիդ տխուր տրամադրությունը» ներկայացման տոմս ունե՞ք:
- Մնացել է 28-րդ շարքի առաջինը:
- Տվեք այն, շնորհակալություն:
Դե ինչ, տոմսդ գնված է, տրամադրությունդ` նրա ձեռքերում, հաջողություն:
Ծաղրածուն բեմում է. բոլորդ փակե՛ք ձեր աչքերը:
Կյանքս բեմում (դե միշտ լսել եմ, որ ասում են կյանքը բեմ է, մարդիկ դերասան, բայց մեկ տարբերությամբ.ես դերասան չեմ, ես ծաղրածու եմ, միշտ են շփոթում, մարդիկ), կյանքը նման է դահլիճի, հա, հա, դահլիճ է, եկեք պարզաբանեմ. մեկը ամֆիթատրոնում, մյուսը` օթյակում, մեկը 8-րդ շարքում, մյուսն էլ առաջին. բա ի՞նչ է, եթե ոչ դահլիճ, սա ցույց է տալիս մեզ մոտ կամ հեռու կանգնած մարդկանց. կիլոմետրերի վրա ուրախացնում եմ բոլորիդ, բայց խաղում, դիպչում եմ միայն առաջին շարքի մարդկանց:
Կյանքում էլ է այդպես.մեզ նմաններին վճարում են, որ ձեզ ուրախացնենք, բայց ինչ ենք անում մենք, ոչինչ իրականում, գալիս ձեր վճարածի դիմաց ասում, խոսում, ծիծաղեցնում ենք և մոռանում, որ այդ ծիծաղը բոլորին համաչափ պիտի բաշխենք, այլ ոչ առաջին շարքին միայն, հետո ինչ, որ նրանք գումարը մեկ երկու կոպեկ շատ են տվել, բայց ես վստահ եմ, որ օթյակում նստածի ցանկությունը ինձ հետ խաղալու ավելի շատ է քան առաջինի. նա եկել է ինձ հետ խաղա, խաղա ու, դռներից դուրս գալով, մոռանա այս ներկայացման մասին, իսկ օթյակում նստածի հետ խաղում եմ ես, ու նա կգնա, բայց միշտ կգնի տոմս ու ներկա կլինի իմ բոլոր ներկայացումներին.սա է տարբերությունը:
Այսօր ես առաջին ու վերջին անգամ եմ խաղացնելու նրանց, ովքեր դրա կարիքը ունեն( այսօրը մնացած օրերից չի տարբերվում միայն նրանով, որ նորից պարտավոր եմ խաղալ Ժամանակի մեջ) դե բոլորիդ, եթե հավաքել եմ այստեղ, ուրեմն խաղը բոլորինդ է լինելու, ինձ հետ միայն կտանեմ 28-րդ շարքի առաջին նստատեղի մարդուն, ով ինձ միշտ կհիշեցնի իմ Առաջին ու Վերջին ներկայացումները: Ես Նրա ձեռքը բռնած գնալու եմ ու քայլեմ իմ կյանքի հետագա ճանապարհը. ես իրեն եմ ընտրել:
Վարագույրը փակվեց:
Ծաղրածուն բեմից իջավ և սկսեց յուրաքանչյուրին «խաղացնել»՝ չմոռանալով ձեռքում հայելի պահել, որովհետև լավ գիտեր մի պարզ ճշմարտություն. մարդկանց պետք է օգնես տեսնել իրենց կողքից և միշտ փոխադարձես հայելային էֆֆեկտով:
Նա խաղաց ու ժպիտ պարգևեց ամենքին առանց տրտնջալու, հոգնելու:
Այո, ճիշտ կռահեցիր, ես չէի փոխի ոչինչ իմ կյանքում, ինձ այս առաջադրանքը տրվում է ամեն օր, ես ապրում եմ այդպես, միայն թե հնարավորություն ունենայի մարդկանց հետ հայտնվել կրկեսում. ես բեմում` ծաղրածուի դերում, իրենք` դահլիճում: Ես կխաղայի նրանց դերը իմ կյանքում այնպես ինչպես որ է (այնպիսի արհեստավարժ հումորով, որ չնեղացնեի, իսկ ծաղրածուներից երբեք չեն նեղանում), այլ ոչ այնպես, ինչպես իրենք են ընկալում ինձ, ես գող ծաղրածու կլինեի` կարողանալու գողանալ նրանց տխուր տրամադրությունը: Մնաք բարով, ես գնում եմ ներկայացումը դեռ չավարտած... (բոլորն են լույս աշխարհ գալիս գնալու մտքով՝ չհամակերպված):
Այս կյանքում բոլոր մարդիկ եզակի են ու ցանկացածը կարող է լինել ծաղրածուի դերում. ստանձնել մարդկանց երջանկացնելու հաճելի պատասխանատվությունը. չէ՞ որ բոլորս ենք ուրախանում, երբ լսում ենք, որ պետք է կրկես գնանք:
Մարդիկ մեր կյանքում հայտնվում են, այնուհետև ժամանակը շատերին տանում է, ոմանց՝ հեռվացնում, և միայն մեկն է մնում կողքիդ միշտ և ապրում ես նրան շնորհակալ լինելու գիտակցմամբ: Նա, ով նստած էր դահլիճի 28-րդ շարքում:
Հ.Գ. Կռահեցի՞ր՝ ով էր նստած 28-րդ շարքում: Այո՛, Տերը, ով միշտ մեր կողքին է ու ստվերի պես հետևում է, որ մեր կյանքում երբեք անկումներն այնքան ցավոտ չլինեն, որ կորցնենք ապրելու ցանկությունը: Նա ցույց տալիս մեզ այն ճանապարհն ու միջոցները, որոնք մեզ կօգնեն դուրս գալ կյանքում անելանելի թվացող բոլոր իրավիճակներից:
Լիլիանա Օսիպյան