Բոլոր կենդանի արարածների կյանքը կախված է շնչելուց, ուտելուց, խմելուց։ Սակայն մարդիկ օժտված են մի բանով, որ չունեն կենդանիները. մարդիկ ստեղծված են կյանքի նպատակը հասկանալու հրամայականով ։ Այդ պատճառով Հիսուսն ասաց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս 4։4)։ Նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, երջանիկ են, քանի որ փորձում են մոտենալ Աստծուն: Ուրիշների համար ինչ-որ բան անելը քեզ երջանկություն է պարգևում, սակայն երբ Աստծու համար ես ինչ-որ բան անում, ավելի մեծ երջանկություն ես զգում, իսկ այդ երջանկությունը բերում է սեփական անձի հանդեպ գոհունակության: Ինչպես անգլիացի քաղաքական գործիչ Բեջամին Ֆրանկլինն է ասել.«Գոհ լինելն աղքատին հարուստ է դարձնում, իսկ դժգոհ լինելը հարուստին՝ աղքատ»:
Այս հանրահայտ քաղաքական գործչի պես՝ շատերն են եկել այն համոզման, որ գոհունակության զգացումը հնարավոր չէ գնել։ Զարմանալի չէ, որ գոհունակությունը՝ բավարարվածության ներքին զգացումը, շատերի համար պատրանք է, քանի որ աշխարհը ստիպում է ավելին ունենալ, հասնել ավելի մեծ հաջողությունների և ձգտել այնպիսի կյանքի, որը վայելում են ուրիշները։ Գոհունակության զգացումը անծանոթ է նրանց, ովքեր ոչինչ չեն անում այն զգալու համար, բայց մշտապես փորձում են համեմատվել ուրիշների հետ:
Մեզ գուցե դուր է գալիս համեմատվել ուրիշների հետ. երբեմն նրանց հետ, ովքեր ավելի քիչ բան ունեն, քան մենք, իսկ հաճախ նրանց հետ, ովքեր ավելի ուժեղ են, ավելի հարուստ կամ ավելի տաղանդավոր։ Երկու դեպքում էլ դա բացասական ազդեցություն է թողնում մեզ վրա։ Եթե մտածում ենք, որ մարդու արժանիքները որոշվում են նրա ունեցվածքի չափով կամ ունակություններով, ապա սխալվում ենք։ Ուրիշների հետ համեմատվելը առաջ է բերում միայն նախանձի զգացում և մրցակցության ոգի : Աստված մարդուն գնահատում է ոչ թե ուրիշների հետ համեմատելով, այլ կարդալով նրա սիրտը, ուսումնասիրելով նրա մտքերը, զգացումներն ու մտադրությունները:
Մարիետտա Խաչատրյան