Երբ փորձեցինք պարզել մեր համաքաղաքացիներից, թե ինչու՞ են նրանք հաճախ բարկանում և տրվում էմոցիաներին, մեծամասնությունը պատասխանեց. «Այդ պահին որքան էլ ցանկանաս չբարկանալ, միևնույն է չի ստացվում, ցանկանում ես ասել ու հանգստանալ: Չես գիտակցում, որ հաջորդ պահին ասածներիդ համար գուցե զղջաս»:
Պողոս առաքյալն ասում է. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք»:
Բարկությունը համարվում է յոթ մեղքերից մեկը. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք» (Սաղմոս 4։4) :
Եթե մարդ կարողանա սթափ դատել և ըմբռնել իրավիճակը, ապա հնարավորինս կխուսափի բարկանալուց, քանի որ պետք է կարողանալ տեսնել խնդրի արմատը: Խորացեք և լայնախոհ գտնվեք նման իրավիճակներում, թույլ մի տվեք, որ ներողամտությունը, ըմբռնողականությունը իրենց տեղը զիջեն բարկությանը:
Զայրույթի պոռթկումը կարող է շատ բան փչացնել ցանկացած տեսակ հարաբերության մեջ: Նժարի վրա դրեք այն ինչ ունեք և այն, ինչ կորցնելու եք: Բարկությունն ունի մի անբացատրելի հատկություն՝ վնասում է առաջնահերթ նրան, ով արդեն իր ծուղակում է հայտնվել:
Ինչու՞ բարկանալ, եթե կարող ես լսել, հասկանալ, ներել ու շարունակել ապրել…
Լիլիանա Օսիպյան