Չարդարացված սպասելիքներ

Չարդարացված սպասելիքներ

Եթե փորձենք հայացք նետել մեր շուրջ տեղի ունեցող երևույթներին՝ կհամոզվենք, որ ապրում ենք «դժվարին ժամանակներում»։ Ինչու դժվարին, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ամեն օր ստիպված է լինում հաղթահարել որոշակի դժվարություններ, որպեսզի կարողանա հավասար քայլել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ:

 
 Այդ փոփոխությունների ընթացքի մեջ մենք ստիպված ենք լինում հաղթահարել մի շարք դժվարություններ և խոչընդոտներ: Երբեմն մեր սեփական մաշկի վրա ենք դա զգում՝ ինքներս ենք դժբախտության բախվում, օրինակ՝ հանցագործության կամ դժբախտ պատահարի զոհ ենք դառնում, մահանում է մեր սիրելիներից մեկը։ Նման իրավիճակներում գուցե ակամայից հարցնում ենք. «Աստված չի՞ տեսնում։ Չի՞ մտածում մեր մասին։ Ընդհանրապես Աստված կա՞» ։
 
 
Սակայն մտածե՞լ եք, որ Աստծուց ունեցած մեր ակնկալիքները գուցե սխալ պատկերացումների վրա են հիմնված։ Օրինակ՝ փոքրիկ երեխան տխուր է, քանի որ մայրը գնում է աշխատանքի։ Նա կարոտում է իր մորը և ուզում է, որ նա շուտ տուն վերադառնա։ Երեխան իրեն լքված է զգում։ Ամբողջ օրը հարցնում է. «Ո՞ւր է մայրիկը»։
 
 
Դժվար չէ նկատել, որ երեխան ճիշտ չի մտածում։ Չէ՞ որ այդ պահին նրա մայրը աշխատում է, որ թեթևացնի ընտանիքի կարիքները։ Գուցե մենք էլ, այդ երեխայի պես, ճիշտ չենք մտածում, երբ աղաղակում ենք Աստծուն՝ ասելով. «Ո՞ւր ես»։
 
 
Օրինակ՝ որոշ մարդիկ կուզեին, որ Աստված դաժան և ոչ ներողամիտ լիներ, որպեսզի արագ պատժեր հանցագործներին։ Ոմանք էլ Աստծուն կախարդական փայտիկով մեկին են պատկերացնում, ով նվերներ է բաժանում. մեկին՝ աշխատանք, մյուսին՝ կողակից, մեկ ուրիշին էլ՝ շահող վիճակախաղի տոմս։
 
 
Այդ երկու տեսակետներից կարելի է եզրակացնել, որ եթե Աստված անմիջապես արդարություն չի հաստատում, կամ մեզ չի տալիս այն ամենը, ինչ խնդրում ենք նրանից, ուրեմն նա անտարբեր է մեր տառապանքների հանդեպ և անտեղյակ մեր կարիքներից։ Իրականում, սակայն, դա բոլորովին էլ այդպես չէ։ Իրողությունն այն է, որ Աստված այս պահին գործում է հօգուտ ողջ մարդկության, բայց ոչ այնպես, ինչպես շատերս ենք ակնկալում Նրանից։
 
 
Մարիետտա Խաչատրյան
 
  • 2022-02-08
×