Մարդիկ կյանքում տարբեր ուղիներ են ընտրում, սակայն դրանցից միայն մեկն է լավագույնը: Աստված ցանկանում է, որ մենք ընթանանք կյանքի լավագույն ճանապարհով։ Իսկ դա կախված է այն բանից, թե արդյոք ապրում ենք Աստծուն հաճելի, ներդաշնակ կյանքով: Բոլոր մարդիկ էլ փորձությունների ենթարկվում են. յուրաքանչյուրը տարբեր պատճառներով՝ սոցիալական, տնտեսական խնդիրներ, վատառողջություն, գայթակղություն, սխալ արարք և այլն: Անկախ պատճառներից, դրանք մեծ անհանգստություն են բերում: Ինչպե՞ս կարող ենք հաղթանակած դուրս գալ փորձություններից կամ դիմագրավել դրանք: Փորձություններից կարող ենք հաղթանակած դուրս գալ` ամուր պահելով հավատքը և հիշելով Աստծո խոսքերն ու պատվիրանները: Տարածված սխալ կարծիք կա, որ վշտերն ու նեղություններն Աստված է ուղղակիորեն տալիս մարդկանց, և շատերը մտածում են` եթե մեղավոր եմ, ուրեմն պիտի չարչարվեմ, և եթե չարչարվում եմ, ուրեմն մեղավոր եմ: Փորձությունների մեջ մարդը հաճախ դժգոհում է Աստծուց: Սկսում ենք մեղադրել Աստծուն, որ թույլ է տվել մեզ հետ փորձություն պատահի: Մարդը չի անդրադառնում, որ այդ փորձությունը կարող է լինել նաև իր ապրած կյանքի, արարքների, մտքերի հետևանքը, և այս ամենն անտեսելով` ելնում է Աստծո դեմ իր մեղադրանքներով: Հավատացյալի համար օգտակար են փորձությունները, եթե դրանք դիմագրավում է հավատքով և փորձում դաս քաղել դրանցից. անդրադառնալ իր կյանքի ընթացքին, Աստծո հետ հարաբերություններին, կարևորն ու անկարևորը արժևորելուն: Փորձության ժամանակ ավելանում է կյանքի փորձը, ամրապնդվում է Աստծո հանդեպ մեր հավատը, մարդը ձեռք է բերում հոգևոր փորձառություն, ունենում է Աստծո օգնության կարիքը, քանի որ ի վերջո Աստված Իրեն օգնության կանչողներին չի լքում և միշտ օգնության է հասնում: Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ում սիրում է, նրան խրատում է: