Սերը հավերժ կմնա

Սերը հավերժ կմնա

«Սերը երբեք չի սպառվում, թե մարգարեություններ են, պիտի չքանան. թե լեզուներ՝ պիտի լռեն. թե գիտություն՝ պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա»:

Կորնթացիներ ԺԳ  8-10

 

Յուրաքանչյուր Նոր տարի մուտք գործելիս սովորաբար հանգում ենք այն մտքին, թե ինչ կարճ և անցողիկ է երկրայինը: Տարվա հենց այս ժամանակը պետք է հիշեցնի մեզ այն մասին,  թե ինչը «երբեք չի սպառվում»: Անցնող տարիների հետ ես չեմ ցավում, թե ինչ է այն տանում իր հետ, այլ գոհանում եմ, որ կա մնայուն, հավերժական մի բան: Պողոս առաքյալի համար բնական էր, որ «մարգարեությունները պիտի չքանան և լեզուները պիտի լռեն, և գիտությունը պիտի անցնի», նա ապշած էր այն բանից, որ «սերը երբեք չի սպառվում», որ կա կյանքում մի բան, որը ժամանակավոր չէ, որին ի զորու չէ հաղթել նույնիսկ մահը:
 

Սեփական կյանքը արժևորելու համար յուրաքանչյուր տարի և օր մուտք գործելիս պետք է խորհել սիրո մասին, որը երբեք չի ծերանում, որը ո՛չ ժամանակ գիտի, ո՛չ էլ՝ տարածություն, և որն իր էությամբ անսահման է: Եվ մենք, ուրախությամբ գիտակցելով, որ «տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները` հավիտենական» (Բ Կորնթացիներ Դ 18), գոհունակությամբ պետք է շարունակենք ապրել մեր կյանքը՝ փորձելով հարստացնել ապրելիք տարիները, ոչ թե ժամանակավորի, այլ հավիտենականի համար:
 

Տարիների ընթացքում մեր ունակությունները տկարանում են, ֆիզիկական ուժերը դավաճանում են, հիշողությունը թուլանում է, բայց  պիտի փորձենք սրտում կուտակել ու պահպանել սիրելու ունակությունը: Այն միշտ պետք է լայնորեն բաց լինի յուրաքանչյուր կարիքի համար, յուրաքանչյուր վշտի համար և այն ամենի համար, որը վեհ է և գեղեցիկ:  Եվ որքան կենդանի լինի մեր հավատքը, որքան ջերմ լինի մեր սերը, որքան առատ լինի մեր ուրախությունն ու խաղաղությունը, այնքան ավելի համբերատար կդիմակայենք փորձություններին և կհաղթահարենք դրանք: Որքան բարի ու մեղմ վերաբերվենք մեր մերձավորներին, այնքան ավելի անձնվեր և պտղաբեր կլինի մեր կյանքը, որով կփառավորենք մեր Երկնավոր Հոր անունը:
 

Ջանանք աղոթքով և բարի գործերով ձեռք բերել մեզանից ակնկալվող հոգու պտուղները, որոնց մասին խոսում է Պողոս առաքյալը. «Իսկ Հոգու պտուղն այս է` սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն» (Գաղատացիներին Ե 22): Ինչպիսի՞ հոգևոր հարստություն: Այդ հատկություններից առնվազն մեկը ունե՞նք արդյոք: Երբ այգու Տերը ամեն տարի գալով մեր ճյուղերի վրա պտուղ է փնտրում, արդյո՞ք Նա կգտնի դրանցից առնվազն մի քանիսը: Աստծուն հաճելի պտուղ բերում է այն ծաղիկը, որը Նա է տնկել և որը Նրա մեջ է մնում. «Նա, ով իմ մեջ է, և ես նրա մեջ, շատ պտուղներ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող անել ոչինչ» (Հովհաննես ԺԵ 5):
 

Մարդկային սիրտն է այդ պտղաբեր ծաղիկը, որը չի վնասվում փոթորիկից և անբարենպաստ եղանակից, այլ կանաչում և ծաղկում է նույնիսկ ցրտաշունչ, ձնառատ օրերին: Սիրո երգը հնչում է սիրող սրտում նույնիսկ այն ժամանակ, երբ մեր ձայնը դավաճանում է մեզ: Երբ մեր հայացքը մթագնում է, այդժամ հավատքի պայծառ ճառագայթը ներթափանցում է այդ խավարի մեջ և լուսավորում այն: Կենդանի հավատքը ձգտում է կատարելության, և Տերը ցանկանում է տեսնել մեր սիրո կատարելությունը: Նրա մեջ մենք ոչ միայն կգտնենք փորձություններից ազատագրում, այլև հոգևոր ուժերը վերականգնելու անսպառ աղբյուր:
 

Մի՛ նայեք թոշնող տերևներին, ձեր սիրտը երիտասարդ է մնացել, չնայած անցած տարիներին: Ջրհեղեղից հետո Նոր Ուխտի նշանը՝ ծիածանը ուղարկած Աստծո հավերժական Սերը չի փոխվել մինչ օրս, աստվածային սիրող հայացքը չի խավարել, նրա ուժերը չեն թուլացել: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Սերը կմնա հավերժ:
 

 

Գայանե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×