Կյանքում ինչ իրավիճակում էլ հայտնվես, հիշիր, որ ոչ ոքի մեղադրելու իրավունք չունես: Չնայած նրան, որ կյանքում հանդիպող մարդկանցից շատերը կցանկանան քեզ մեղադրել իրենց անհաջողությունների, գործած սխալների մեջ, բայց չմոռանաս, որ այդ մարդիկ ունեն աջակցության կարիք և պետք է թույլ չտալ, որ իրենք մեղքի զգացումով շարունակեն ապրել: Փորձեք ոչ թե ներել մարդկանց այս կամ այն արարքը, այլ լսեք և այնպես լսեք, ինչպես ինքներդ կխոսեիք սեփական անձի հետ: Պատահում են այնպիսի իրավիճակներ, երբ պարզապես ցանկանում եք լռել ու ընկալել շուրջը տեղի ունեցող երևույթները, դրանց եղելության պատճառներն ու հետևանքները. այդպես պետք է վարվեք նաև մարդկանց հետ՝ լսեք, չընդհատեք, փորձեք հասկանալ, ոչ թե մարդու արտաբերած այս կամ այն բառը կամ նախադասությունը, այլ ձեզ համար արժևորեք այն զգացումը, ինչն այդ պահին զգում եք նրա խոսքի ժամանակ. խոսքը կարող է սուտ լինել, զգացումը՝ երբեք:
Մարդը բարկացած կըմբոստանա ձեր դեմ, կփորձի հարկի ու անհարկի բոլոր առիթներն օգտագործել ձեզ վիրավորելու, մեղադրելու համար, բայց եղեք այնքան լայնախոհ, որ հասկանաք՝ այդ ամենը գալիս է նրա մոտ առաջացած հուսալքությունից: Դիմացինի համար ժամանակը կանգ է առնում և թվում է վերջ չկա այդ անհաջողությունների շարանին, և նա փնտրում է մեկին, ում կարող է մեղադրել այդ ամենի մեջ. փորձեք մտնել նրա դրության մեջ, օգնել, որ հաղթահարի, այլ ոչ փոխադարձ ավելի ուժեղ հարված տվեք:
Ի վերջո, համբերությունը կյանք է, և երջանիկ է այն մարդը, ով ծով համբերությամբ է օժտված ու կարողանում է ցանկացած իրավիճակում դրսևորել հավասարակշռություն, սառը դատողություն և իհարկե մարդկանց լսելու անսահման կարողություն:
Լիլիանա Օսիպյան