Արի ու կյանքիդ ճանապարհը թեթև ապրի

Արի ու կյանքիդ ճանապարհը թեթև ապրի

Կյանքի ցանկացած դժվարին իրավիճակ հղկում է մարդուն, խնդիրների լուծման ճանապարհին հանդիպած խոչընդոտները՝ ստիպում ավելի սթափ ու զգոն դառնալ, իսկ առաջացած բարդությունները՝ կյանքին նորովի նայելու միջոց և ինքնակատարելագործման խթան են հանդիսանում: Հաղթահարում ես այս ամենը ու, ինքնակատարելագործման պես շարունակական բնույթ կրելով, այն դառնում է կենսակերպ առանց որի պարզապես կյանքը գոյություն չէր կարող ունենալ: Պետք է ընդունել դրանք ու երբեք չտրտնջալ ու չտառապել, անիմաստ է, որովհետև ենթադրվում է՝ եթե լույս աշխարհ ես եկել, ուրեմն առաքելությունդ կատարելու համար բազմաթիվ փորձությունների միջով պիտի անցնես:

 
Հետաքրքրական է այն, որ ամեն նոր օր բերում է նոր ուղի ու նոր լուծումներ: Ստիպում է մարդուն միշտ այլընտրանքային միջոցներ փնտրել ու գտնել, ստեղծում է հնարավոր բոլոր պայմանները և մնացածը թողնում մարդու հայեցողությանն ու ընտրությանը. պետք է լինել այնքան աչալուրջ, որ կարողանանք ճիշտ վարվել դրանց հետ, որ մեր ուսերին առած բեռը ծանր չթվա և չխանգարի հաստատակամ քայլել:
 
Կյանքի փորձառությունը կայանում է ոչ թե տարիքի, այլ անցած ճանապարհի մեջ: Բավական է գիտակցել, որ՝ «Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6) և շատ հեշտությամբ կլուծես ամեն ինչ հավատիդ միջոցով: Աստված սեր է, իսկ սիրո շնորհիվ կյանքում ամեն ինչ հնարավոր է թվում, այնպես չէ՞: Տիրոջ օգնությամբ ենք անցնում մեր ճանապարհը, Նա լավ գիտի, թե մեզ որ պահին ինչ է սպասվում ու պատրաստակամ է անտրտունջ քայլել ու պաշտպանել մեզ:
 
Մաքուր սրտով ու բաց հայացքով նայենք կյանքին: Թող երբեք հուսալքությունը մեզ ընկեր չդառնա, չչարանանք, միշտ աղոթենք ու խաղաղություն սերմանենք: Թող Տերը օգնի, որ մեր ճանապարհը համաչափ ու հստակ ռիթմով անցնենք, որ իմաստալից ու արժեքավոր լինի այն ամենն, ինչ կստեղծենք ու կթողնենք այս կյանքում:

 
Լիլիանա Օսիպյան
  • 2022-02-08
×