-Դուք բոլորդ գիտեք՝ ինչ է կարոտը, ունեք սահմանումներ երևի, բայց միայն այս հասցեում գտնվող մարդիկ են իրապես զգում, թե ինչ է այն:
Վայր, որտեղ ապրածդ կյանքը արժեզրկվում է, իսկ ապագադ՝ անկանխատեսելի ու անիմաստ թվում:
Կարոտը իմ սրտում պարբերաբար դատարկ մնացող մի երևույթ է, որն ի տարբերություն ձեզ, որ ամեն պահ կարող եք լցնել, ինձ մոտ այն չի ստացվում.«Կարոտս անուն ունի, բայց փարատող չունի»:
Տղայիս մեղադրել չեմ ուզում և ոչ էլ դրա իրավունքն ունեմ, բայց ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է, հաստատ: Կյանքը ծառ է, վստահեցնում եմ` ապրածս տարիների կնիքով հաստատված: Իզուր չէ ասված՝ տղամարդը պետք է իր կյանքում ծառ տնկի, տուն կառուցի և երեխա ունենա. տունս կառուցեցի, ծառս տնկեցի, երեխաս ունեցա, իսկ հիմա տանս ինձ տեղ չկա, ծառս ջրող չկա ու իմ մասին հոգ տանող չկա:
Խնամե՛ք ու հոգ տարե՛ք այն տոհմածառի մասին, որի ընդամենը մի ճյուղի տերև եք հանդիսանում, մի՛ փորձեք արմատախիլ անել այն հիմքը, որը գցելու համար բավականաչափ ջանք ու եռանդ են ներդրել մեծահասակները, թեկուզև միայն նրա համար, որ ոչինչ չկարողանա տերևները հեշտությամբ քամուն տալ, իսկ դուք ձեր ծնողներին տարեցների խնամքի կենտրոն տանելով՝ ստիպում եք կամաց-կամաց չորանալ և այլևս չծաղկել, իսկ դա գիտեք՝ ի՞նչ է նշանակում, որ ձեր երեխաները նույն կերպ ընդօրինակելու են ձեզ, այդպիսով վնասելով նաև ձեզ, ու սա կրելու է շարունակական բնույթ, քանի որ կյանքը մեզ միշտ ապացուցում է, որ ամեն ինչ վերադառնում է բումերանգի էֆֆեկտի պես՝ «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթ. 7։12):
Լիլիանա Օսիպյան