Մասնագիտությանս հանդեպ տարերքը, կյանքին լավատես աչքերով նայելը, ներողամիտ ու աչալուրջ գտնվելը, զգոն ու հավասարակշռված լինելը, թե հարցնեն ինչպե՞ս եմ ձեռք բերել, կնշեմ մի դասախոսի անուն: Նա դարձավ այն մարդը, ում կարելի է ընդօրինակել, իսկ խորհուրդները՝ թթվածնի պես շնչել: Նրա տված ամեն մի խորհուրդ օդ ու ջրի պես անհրաժեշտ դարձան ապրելու համար: Ես չգիտեի, որ այն, ինչ սովորելու եմ նրանից ամբողջ կյանքիս համար է: Տարբեր ու տիպական իրավիճակներում ստացա դրանք, և ականջիս օղ արեցի կարևորագույնները:
Միշտ ասում էր՝ ցանկացած նյութ գրելիս կհստակեցնես դրա նպատակը և երբեք չթերագնահատես ընթերցողիդ:
Ես սա երբեմն վերափոխում և կրկնում էի այսպես՝ կյանքում ինչ էլ անեմ, իմանամ, թե ինչ արդյունքի եմ ցանկանում հասնել և ինձ հանդիպած մարդկանցից ոչ ոքի երբեք չթերագնահատեմ: Անկեղծ ասած այդ օրվանից սկսեցի կյանքին ավելի լավատես աչքերով նայել: Իրեն բնորոշ վարակիչ լավատեսությամբ, հանգստությամբ նա կարողանում էր շուրջը նույնը սերմանել:
-Երջանիկ կյանք չկա, կան երջանիկ պահեր:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է երջանկությունը և արդյոք այն հարատև բնույթ կարող է կրել:
Մինչ յուրաքանչյուրդ ձեզ համար կփորձեք գտնել այս հարցերի պատասխանները, ես առանց վարանելու կստորագրեմ այս տողերի տակ, որովհետև մեր կյանքը ոչ այլ ինչ է, քան երջանիկ պահերի ամբողջություն: Այս ամենը գիտակցելուց հետո կշտապես վայելել կյանքիդ ամեն ակնթարթը: Մարդը երբեք մշտապես երջանիկ լինել չի կարող. դա լավ է թե վատ, որոշեք ինքներդ:
-Հիշիր, որ հեռավորությունից սեր ու ջերմություն չի պակասում:
Մի օր շատ պատահական կզգաք այս տողերի ճշմարտությունը: Մի օր կարթնանաք ու կգիտակցեք, որ ֆիզիկական ներկայությունը ամենակարևորը չէ. մարդկային հոգևոր կապը ժամանակ ու տարածություն չի ճանաչում: Դասախոսս դա բոլորիցս լավ գիտեր, վստահ՝ ամենալավը:
- Հաճախ մեր ամենասիրելիներին ենք մենք երկրորդում՝ մտածելով որ մերն են ու մեզ միշտ կհասկանան ու կներեն:
Բազմիցս ցանկացել եմ ըմբոստանալ այս մտքի դեմ, հետո ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ իրականում այսպես է. սկզբում օտարինը, հետո՝ հարազատինը: Մտերիմդ քեզնից չի նեղանա, իսկ այն մարդը, ով չի ճանաչում քեզ և որևէ հարցով դիմում է, սպասում է հնարավորինս արագ արձագանքման: Մարդը մտերիմ է, եթե կարողանում է ներել քեզ.չէ՞ որ մենք մարդկանց սիրում ու ընդունում ենք առանց պատճառների, իսկ մտերիմ, որքան էլ գուցե չհամաձայնեք, դարձնում է ժամանակը:
Խորհուրդներն էլ դեղի պես են՝ ոմանց բուժում են, ոմանց՝ չեն էլ օգնում: Բայց այստեղ էլ դասախոսս բացառիկ հատկանիշի կրողն էր. նա կարողանում էր իրավիճակներին տալ այնպիսի գնահատականներ, որոնց հետ մարդը գիտակցաբար համերաշխ էր ապրում:
Երբեմն կեսկատակ-կեսլուրջ ասում էի՝ Դուք կյանքի ու մահվան մահճում գտնվող մարդուն էլ խոսքով կբուժեք: Իրականում այդպես է՝ խոսք կա, որ հազար կյանք կարող է փրկել միայն թե այն ժամանակին հնչի: Գրիչն ու խոսքը առհելի մեծ նմանություն ունեն. երկուսն էլ կարող են մարդ սպանել:
Եվ այս ամենի մեջ կա մի լուսավոր կետ՝ իմ դասախոսը, կյանքիս լավագույն խորհրդատուներից մեկը: Ես ընտրել եմ լրագրությունը և կմնամ այստեղ այնքան ժամանակ մինչ իմ գրիչը կբուժի մարդկանց, դասախոսիս խոսքը՝ ինձ:
Հ.Գ.Սիրելի՛ ընթերցող, ցանկանում եմ՝ միշտ ճիշտ խորհրդատուներ հայտնվեն քո կյանքում: Այն թանկ խուրհուրդները, որ դու կստանաս, կօգնեն քեզ հետագայում ավելի լավը դառնալու ճանապարհին: Կարևորը՝ կարողանաս տարբերակել կեղծ ու անկեղծ մարդկանց, սրտացավ ու անսիրտ մարդկանց: Բարիդ կամեցող մարդիկ քիչ են, բայց կան, չմոռանաս:
Լիլիանա Օսիպյան