Աստծո շնորհածն այս օրն է

Աստծո շնորհածն այս օրն է

Տարվա վերջում, երբ տոնական լույսերը հրաշքի սպասումով են լցնում փողոցները, երբ քաղաքը պատրաստվում է Ամանորին, սկսում եմ հիշել այն օրերը, որ ապրել եմ: Ամենաառանցքայինն այն կարևոր դասերի վերհիշումն է, որոնք ի վերուստ են առաքված: Համոզված եմ՝ նույնիսկ ամենամեծ դժվարությունը կարող է օրհնություն դառնալ, եթե հավատք ու տեսողություն ունենանք: Ամենամեծ կորուստն ու ափսոսանքը, ամենախորը վերքը և ցավը կարող են տանել ինքնաճանաչման և ինքնամաքրման:
 

Վերջերս՝ Ամանորին ընդառաջ, ինձ տրվեց տարվա կարևորագույն դասերից մեկը. Աստված մեզ շնորհում է միայն այս օրը: Մեր տանից մինչև կանգառ մի քանի փողոց ու մի քանի բնակելի շենք է ընկած: Իմ բակն է, իմ փողոցներն են, իմ ծառերն են. այստեղ ապրում են ինձ ծանոթ մարդիկ: Այստեղ ապրում էր նաև մեկը, ում հետ ես այդպես էլ չհասցրի ծանոթանալ, թեև ամեն օր նրա տան պատշգամբի կողքով անցնելիս մտածում էի՝ մի օր հյուր կգնամ, անպայման կգնամ նրա մոտ, կծանոթանամ, կշփվեմ, կընկերանամ հետը: Այդ պատշգամբը տարվա տաք օրերին լի էր տնային շքեղ բույսերով, որոնց կողքին՝ մի անկյունում, նստում էր նա՝ արդեն ճերմակ մազերով, փայլուն աչքերով մի կին: Այդ պատշգամբից մշտապես դասական երաժշտություն էր հնչում: Կինը ողջ էությամբ ապրում էր երաժշտությունը, դիրիժորի նմանությամբ շարժում էր ձեռքերը, իսկ երբ նկատում էր իմ ժպտացող դեմքը, բարևելու նշան էր անում: Տանից կանգառ հասնելու այդ մի քանի րոպեն ինձ համար վերածվում էր տոնի… Այդ կինն ու իր պատշգամբը, այնտեղից հնչող դասական մեղեդիները արվարձանային թաղամասին գույն և ճաշակ էին հաղորդում: Որոշել էի նույնիսկ հարցազրույց անցկացնել կնոջ հետ, լսել նրա պատմությունը, բացահայտել՝ որտեղից է գալիս սերը երաժշտության հանդեպ: Թվում էր՝ ես մի ամբողջ հավերժություն ունեմ դա անելու համար և մի օր անպայման կանեմ, կհասցնեմ:
 

Չհասցրի… Մի խաղաղ ու արևոտ կեսօր, երբ թվում էր՝ աշխարհում ոչ մի բան չեմ կարող կորցնել, իմացա, որ կինը մահացել է: Բայց դա ինձ խորը ցավ պատճառող միակ լուրը չէր. հենց միայն ա՛յդ օր իմացա՝ կինն ապրում էր բոլորովին մենակ, չուներ ընտանիք, հարազատներ, ընկերներ: Գուցե դա էր պատճառը, որ նա այդքան մտերիմ էր երաժշտության, բույսերի և ինձ նման անցորդների հետ… Ոչ մի կերպ չկարողացա ներել ինձ այն, որ կարող էի կնոջ վերջին ամիսներն ու օրերը մարդկային ջերմությամբ լցնել, չունեցած հարազատների բացը լրացնել՝ հետը զրուցելով, երաժշտություն լսելով…
 

Հետո հասկացա, որ ապրելու, գործելու, ջերմացնելու, արարելու համար մենք մի օր ունենք, և այդ օրը հենց այս օրն է.. վաղը կարող է չլինել:
 

Հիմա, երբ բոլորս պատրաստվում ենք նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հիմա, երբ փորձում ենք ավարտել կիսատ գործերը, պատրաստել տոնական նվերներն ու սեղանները, ճիշտ ժամանակն է մի պահ կանգ առնելու և մտածելու ամենաէականի մասին՝ ի՞նչ ունենք մենք և ի՞նչ պիտի անենք մենք: Մենք ունենք ընդամենը մեկ օր, որ հասցնենք անել ամենակարևորը: Իսկ ամենակարևորը սիրելն է, միայնակին ջերմություն փոխանցելն ու ընկեր լինելը, ընկածին օգնելն ու թևեր տալը: Եվ այս ամենն անելու համար Աստված մեզ շնորհում է ընդամենը մեկ օր, և այդ մեկ օրն այս օրն է:

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×