Ամալյա տատիկի Սուրբ Ծննդյան նվերը

Ամալյա տատիկի Սուրբ Ծննդյան նվերը

Սուրբ Ծննդյան օրը թոռս նվիրեց մի բան, ինչը ստիպեց ինձ նորից վերապրել անցյալը, արժևորել ներկան ու ապրել ապագայի հավատով և լույսով ամենայն պատասխանատվությամբ: 

 
Տիկին Ամալյան ժպիտով է հիշում Սուրբ Ծննդյան երեկոն. «Ամենամեծ թոռս՝ 18 ամյա Լիլիթը, այս տարի խնդրեց հորը տոնածառը հավաքել սովորականից մի փոքր ավելի ուշ: Ոչ ոք չհասկացավ, թե ինչ կար նրա մտքին: Միակ բանը, որ նա ասաց հետևյալն էր՝ ամենակարևոր նվերը հատկանշական օրով հասցեատիրոջը պիտի հասնի. Սուրբ Ծնունդ է վաղը, թող մնա պապ»:
 
 Լիլիթը մեզ պատմեց նվերի նախապատմության, նախապատրաստական աշխատանքներից ստացած տպավորությունների, զգացողությունների և, իհարկե, Սուրբ Ծննդյան օրը նվիրելու կարևոր խորհրդի մասին. «Դեռևս երկու տարի առաջ լրիվ այլ մարդ էի, ով շատ էր սիրում համակարգչով խաղալ, ժամանակ անցկացնել ավելի շատ վիրտուալ աշխարհում: Տատիկս իր հանդարտ, հանգիստ բնավորության համաձայն՝ ամեն անգամ գալիս էր և փորձում իր կյանքի պատմություններով ուշադրությունս շեղել: Մի օր էլ եկավ և խնդրեց ինձ անջատել ինտերնետը և տվեց ինձ մի առաջադրանք: Մի մեծ սպիտակ թղթի վրա պետք է գրեի իմ բոլոր նպատակներն ու ցանկությունները, որոնք ուզում եմ իրականացնել գալիք տարում: Մեկ ժամ չանցած՝ տատիկս երջանիկ էր, իսկ ես՝ գոհ, որովհետև կատարել էի ինձնից ակնկալվողը: Տատիկս վերցրեց, կարդաց և ինձ ասաց, որ իմ կյանքը կփոխվի ու ավելի լավը կդառնա այն ժամանակ, երբ այս կետերը կյանքի կոչվեն և նա պատրաստակամ է իր ուժերի ներածին չափով անել ամեն բան, որ հասնեմ դրանց իրագործմանը: Նա ինձ պատմեց՝ ինչպես է անցել իր մանկությունը, բայց դա թողնենք տատիկիս, ինքը շատ ավելի համուհոտով և էմոցիաներով է պատմում (ժպտում է): 
 
Այդ պատմության իրական խորհրդից ազդված՝ ես սկսեցի կյանքին լրիվ այլ տեսանկյունից նայել ու հիմա այնքան շնորհակալ եմ տատիկիս: Պապիկս արդեն 4 տարի է՝ մեզ հետ չէ ֆիզիկապես ու տատիկս իր ամբողջ բարությամբ, հոգատարությամբ անում է ամեն բան, որ միշտ իր թոռներին ուրախ տեսնի. դա է հիմա իր կյանքի կարևորագույն նպատակը: Պապիկս ուներ մի շատ գեղեցիկ սովորություն, երբեք ռոմանտիզմով աչքի չէր ընկնում, բայց իր վերաբերմունքով ամեն ինչ պարզ էր. տատիս աչքերի փայլը միշտ տեղում էր, հատկապես Սուրբ Ծննդյանը, երբ պապիկս շատ մեծ խնամքով տատիս համար անակնկալ էր պատրաստում և աննկատ դնում տոնածառի տակ, այնքան հետաքրքիր նվերներ էր պատրաստում, որ պարզապես չեմ կարող նկարագրել: Այս տարի ինքս փորձեցի ստանձնել պապիկիս դերը ու նվեր պատրաստել տատիկիս համար, գրեթե վստահ էի, որ այն տատիկիս դուր կգա: Այդ բոլոր պատմությունները ես ձայնագրել էի նրանից թաքուն և, ելնելով իմ մասնագիտական կրթությունից, ամբողջը գրի առա և պատմություններին բնորոշ լուսանկարներով պատրաստեցի գիրք… գիրք, որ անգին էր և խորհրդավոր… տատիս կյանքն էր ամբողջ: Երբեք չեմ մոռանա տատիկիս հուզմունքը, երբ բացեց, տեսավ, առանձնացավ իր սենյակում, սկսեց ընթերցել, թերթել լուսանկարները և այնքան խնամքով և պինդ փակեց արկղը, կարծես չէր ուզում, որ ինչ-որ մեկը բացի այն»:
 
 Տիկին Ամալյան թռուցիկ խոսեց թոռան հիշատակած պատմության մասին. «Ես պարզապես նրան շատ մանրամասն նկարագրեցի այն, որ մենք իրենց տարիքում լրիվ այլ կերպ էինք վայելում մեր մանկությունը: Երբ խաղում էինք և հեծանիվ էինք քշում կամ պարզապես անիվ գլորում, դպրոցից հետո հոլ, պահմտոցի և այլ խաղեր էինք խաղում մինչեւ մայրամուտ: Մենք շատ քիչ ենք դիտել հեռուստացույց: Խաղում էինք իրական ընկերների հետ, ոչ թե համացանցի ընկերների: Մենք հաճախ մեր ձեռքերով ենք ստեղծել մեր խաղալիքները,՝ պարսատիկներ, հոլ, շվի և փոխանցել մեր ընկերներին ու հարազատներին եւ նրանց հետ երկար խաղացել դրանցով: Մեր ծնողները, չնայած թվացյալ աթեիզմի դարաշրջան էր, սովորեցրել են գնահատել հոգեւորը, ոչ թե նյութականը, մեզ ներարկել են իրական մարդկային արժեքներ` ազնվություն, հավատարմություն, հարգանք, ջանասիրություն: Չենք ունեցել բջջային հեռախոսներ, DVD- ներ, play station-ներ, XBox, վիդեո խաղեր, անհատական համակարգիչներ, ինտերնետային զրույցներ, բայց մենք իրական ընկերներ ենք ունեցել: Մեր հիշողությունները սեւ ու սպիտակ լուսանկարներում էին, բայց դրանք պայծառ ու գունագեղ էին, մենք ընտանեկան ալբոմներով ենք տեսել մեր նախնիներին և մինչև հիմա խնամքով պահել ենք նրանց նկարները: Սուրբ Ծննդյան օրը կարծես այդ ամենին շունչ էր հաղորդել Լիլիթը ու ինձ երջանկացրել»:
 
 Լիլիանա Օսիպյան
  • 2022-02-08
×