Դադարից հետո քայլերն ավելի են արագանում

Դադարից հետո քայլերն ավելի են արագանում

Զգացումը, որ մեզ առջևում «ինչ-որ մեծ բան է սպասվում», կարող է մեզ պոկել առօրյա, սովորական դարձած կյանքից և նոր զգացումներ պարգևել: Որպես առաջին քայլ մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք մենք ցանկանում, և վերջապես որտեղ է գտնվում այն, ինչին մենք այդքան ձգտում ենք հասնել:
 

Երբ այս հարցերի պատասխաններն ունենանք, ապա ճանապարհն ինքը մեզ կտանի այն ուղությամբ, ինչին մենք պայքարում ենք հասնել, միգուցե շատ դժվարություններ հաղթահարելով, բայց երբ կա նպատակ, կա նաև նպատակակետին հասնելու ձգտում: Գիտակցումը, որ Աստված միշտ մեր կողքին է և մեր բարդություններով լի ճանապարհն անցնում է մեզ հետ, անպարտելի է դարձնում մեզ ցանկացած խոչընդոտի առաջ. «Եթե Աստված մեր կողմն է, ով՞ կլինի մեզ հակառակ» (Հռոմիացիս 8:31):
 

Մի օր ընկերներիցս մեկն ինձ հարցրեց, ինչու ինձ մոտ չկա զգացում, որ առջևում ինձ «ինչ-որ մեծ բան», հաջողություն է սպասվում:
 

Ես այդ ժամանակ, չգիտեմ ինչու, պատասխանեցի՝ հավանաբար ձեր գլխում չկա ինչ-որ մեծ բանի հստակ պատկեր և, որ ամենակարևորն է՝ չկա հավատ:
 

Որպեսզի մարդու մոտ լինի այդ հիասքանչ ու լավատեսական զգացումը, որ առջևում «ինչ-որ լավ բան» է սպասվում, նա պետք է սկզբում ինչ-որ կերպ պատկերացնի, ապա իր համար հստակ սահմանի՝ ինչ է նշանակում դա: Ամեն մարդ հաջողության գաղափարը տարբեր կերպ է ընկալում. մեկին երջանկություն է պարգևում  նյութականը, մյուսին՝  սեփական երեխաները, մեկ ուրիշին՝ գիտական հայտնագործությունները: Իրական կյանքում հաջողությունը մեզ հենց այնպես հյուր չի գալիս: Եթե գիտենք որտեղ է գտնվում հաջողությունը, մենք ինքներս պետք է նրա մոտ գնանք, իհարկե չենք կարող անմիջապես նրա մոտ թռչել, բայց կարող ենք մտքում պահել վայրը, «որտեղ այն գտնվում է», և աստիճանաբար մոտենալ նրան:
 

Այժմ ցանկանում եմ քաջալերել նրանց, ովքեր դժվար փորձությունների մեջ են, ովքեր զգացում ունեն, թե անախորժությունների հարձակումների ներքո իրենց հավատքը մարում է: Անախորժությունն իրենով կարող է ամրապնդվելու և, ի վերջո, անսասան հավատք ձեռք բերելու մեր ուղին լինել: Երբեք ուշ չէ հավատքի հիմքերը ամրացնելու համար: Ես չեմ կարող խոստանալ, որ այս կյանքում մեզ սպասվող ձախորդությունները կվերջանան: Ես չեմ կարող հավաստիացնել, որ  փորձությունները մեզ փոքր կթվան: Կյանքի փորձությունների բնութագիրներից մեկն այն է, որ նրանք կարծես դանդաղեցնում են ժամանակը, իսկ հետո կանգնեցնում կյանքը, բայց հիշե՛ք, դադարից հետո քայլերն ավելի են արագանում:
 

Մեր կյանքում կա մեկը, ում պարտավոր ենք ներել, կա մեկը, ում պարտավոր ենք շնորհակալություն հայտնել, կա մեկը, ում պարտավոր  ենք ծառայել և բարձրացնել և վերջապես կա մեկը, ում կարող ենք միշտ վստահել: Մենք կարող ենք դա անել, որտեղ էլ լինենք և որքան էլ միայնակ լինենք:


Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×