Ժամանակ կորցնելու ժամանակ չկա կյանքում

Ժամանակ կորցնելու ժամանակ չկա կյանքում

Հարուստ է այն մարդը, ով տալիս է: Մեր օրերում, իհարկե, դժվար կլինի պատկերացնել սա, առավել ևս՝ առաջնորդվել սրանով, բայց այս տողերում ահռելի մեծ ճշմարտություն կա, որի մասին երբեք երկար չենք խորհում և ոչ մեկս:
 

Ապրում ենք, սովորում, աշխատում, բայց վայելու՞մ ենք արդյոք կյանքը, հասցնու՞մ ենք մեկին ավել ժպտալ, մյուսին օգտակար լինել, դիմացինին օգնել, երևի ոչ այդքան, որովհետև ժամանակը չի հերիքում, ամեն դեպքում սա է դառնում բոլորիս հիմնական արդարացումը, երբ, իսկապես, բացակայում է ցանկությունը:
 

Կյանքը սիրում է բոլոր նրանց, ովքեր թեթև են նայում ամեն ինչին, հումորով են վերաբերում բոլոր այն խոչընդոտներին, որոնք առաջանում են նպատակների իրագործման, ապրելու ճանապարհին, որովհետև քաջ գիտակցում են կյանքում ամեն ինչ անցողիկ է, պետք է ապրել ակնթարթը, այլ ոչ վախենալ վաղվա համար, պետք է սովորել ամեն չնչին երևույթ չդարձնել մտածմունքի պատճառ և ընկնել հուսահատության գիրկը, պետք չէ դառնալ հիշաչար և օրեր շարունակ ապրել վրեժխնդրության ծարավով, կարիք չկա ընդհանրապես ֆինանսական անկայունությունը դիտարկել կյանքը չվայելելու պատճառ: Այս և մի շարք «պետք չէ»-ները խորը դիտարկելուց հետո միայն կսկսես իսկապես ապրել, հասկանալ, որ ժամանակ կորցնելու ժամանակ չկա կյանքում:
 

Բարի գործ անելու, դիմացինին կարեկից լինելու, ապրումակցելու, հարազատների ու մտերիմ մարդկանց երջանիկ պահեր պարգևելու համար ենք մենք լույս աշխարհ գալիս, որովհետև ինչպես ասում են՝ ոչինչ այս կյանքում մնայուն չէ, բացի զգացողություններից և ոչ մեկ այնքան թանկ չէ, որքան նա ով կարողանում է դրական զգացողություններ, լիցքեր հաղորդել մարդուն:
 

Բումերանգի էֆֆեկտը մշտապես գործում է.էական չէ, թե ե՞րբ և ի՞նչ տեսքով այն ձեզ կվերադառնա, բայց համոզված եղեք, որ կստանաք այն, ինչ տալիս եք մարդկանց: Դուք ձեզ բավարարված ու երջանիկ կզգաք, երբ տեսնեք, որ կարողացել եք օրվա մեջ գոնե մեկ հոգու ժպտալու առիթ տալ:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×