Երկրորդ Ծաղկազարդի տոնը

Երկրորդ Ծաղկազարդի տոնը

Սուրբ Հարությանը նախորդող յոթշաբաթյա Մեծ պահքի շրջանն ապաշխարության ժամանակ է: Հարությունից մինչև Հոգեգալուստ ձգվող յոթշաբաթյա Հինանց շրջանը Հարության տոնական շրջանն է և պահքից ազատ է: Նույնիսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերի օրապահքերը չեն պահվում մինչև Համբարձման տոնը։ Հինանց շրջանի յոթ կիրակիներից են Նոր կիրակին կամ Կրկնազատիկը, Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, Կարմիր կիրակին: Կիրակիների «Կանաչ» և «Կարմիր» անվանումները ժողովրդական են, քանի որ այս շրջանում բնությունը ծաղկունք է ապրում և զարդարվում գունային իր ողջ հմայքով։ Երկրորդ Ծաղկազարդը Հինանց շրջանի յոթ կիրակիներից վերջինն է, որին հաջորդում է Հոգեգալուստը։ Հինունքի առաջին քառասուն օրերը հիշատակն են Հիսուսի՝ Հարությունից հետո աշակերտների հետ անցկացրած ժամանակի, իսկ Համբարձումից մինչև Հոգեգալուստ ձգվող իննօրյակը Համբարձման տոնական շրջանն է։

 

 

Ծաղկազարդը հաստատվել է Հայոց առաջին «Տոնացույց»-ում, Ե դարում՝ «Ի Կիւրակէի աւուրն Արմաւենեաց ողոգոմին» անվամբ։ Այն զատկական շարքին կից տոն է և տատանվում է մարտի 15-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում: Ծաղկազարդին ոստեր օրհնելը կանոնականացրել է Հովհան Գ Օձնեցի Հայրապետը (717-728 թթ.)։

 

 

Երկրորդ Ծաղկազարդի տոնի հաստատումը ուսումնասիրողների մի մասը կապում է Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի (1066-1105 թթ.), մյուսները՝ Գրիգոր Գ Պահլավունի (Փոքր Վկայասեր) կաթողիկոսի (1113-1166 թթ.) հետ: Այդուհանդերձ, Երկրորդ Ծաղկազարդի «Մեծահրաշ այս խորհուրդ» կանոնի հեղինակ է համարվում Գրիգոր Գ Պահլավունին: Այն ևս զատկական շարքին կից տոն է և հանդիպում է մայիսի 3-ից մինչև հունիսի 6-ն ընկած շրջանում: Նշվում է Համբարձմանը հաջորդող չորրորդ օրը՝ կիրակի: Եթե Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մուտքը Երկրային Երուսաղեմ աշակերտների և հավատավոր բազմության ուղեկցությամբ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Տիրոջ մուտքը Վերին՝ Երկնային Երուսաղեմ՝ հրեշտակների ուղեկցությամբ:

 

 

Սահակ Ա Պարթևին (387-439 թթ.) վերագրվող, բայց Ներսես Բ Բագրևանդեցուն (548-557 թթ.) պատկանող կանոններից մեկում հիշատակվում է «Բ Զատիկ»-ը, որը, ըստ որոշ հետազոտողների, Հոգեգալուստն է: Ըստ այդմ, եթե Մեծ պահքի յոթերորդ՝ Ծաղկազարդի կիրակիին հաջորդող կիրակի Զատիկն է, հետևաբար՝ Հինանց շրջանի յոթերորդ կիրակիին՝ Երկրորդ Ծաղկազարդին հաջորդող կիրակի էլ Երկրորդ Զատիկն է: Եթե առաջին Զատիկը  Հիսուսի Հարությունն է և մահվան հանդեպ տարած հաղթանակը, ապա երկրորդ Զատիկ կոչված Հոգեգալուստը հիշատակն է աշակերտների վրա Սուրբ Հոգու էջքի (Գործք Բ 1-13)՝ համաձայն Հիսուսի խոստման, որով դրվեց նոր եկեղեցու հիմքը: Առաքելական կանոններում հրահանգվում է Հոգեգալուստին գառ զենել, ինչպես, սովորույթի համաձայն, արվում է առաջին Զատկին:

 

 

Մեկ այլ բացատրություն կապված է պատմական դրվագի հետ: Ըստ Հայոց եկեղեցու պաշտոնական ավանդության` Քրիստոս համբարձվելու ժամանակ ինն օր ճանապարհին է մնում՝ ամեն օր մի հրեշտակի մոտ հյուրընկալվելով: Մինչ Գրիգոր Լուսավո-րիչը գտնվել է վիրապում, նրան ամեն օր մի հրեշտակ է այցելում։ Երբ Համբարձման չորրորդ օրը (խոսքը կիրակի օրվա մասին է, քանի որ Համբարձումը միշտ լինում է հինգշաբթի) հրեշտակը չի գնում, և հաջորդ օրը Լուսավորիչը հարցնում է բացակայության պատճառը, հրեշտակն ասում է, որ Քրիստոսի Համբարձման առիթով հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն էին կազմակերպել։ Այդ օրը եղել է չորրորդ դասի տոնախմբությունը, որին մասնակցելու պատճառով չի կարողացել այցելել Լուսավորչին: Շարունակելով այս ավանդազրույցը՝ Գրիգոր Տաթևացին այն ընդհանրացրել է ԻԳ Սաղմոսի հետ և ամբողջացրել պատկերը: Նա գրում է, որ բացի հրեշտակների ամենաստորին դասից, որոնք սպասավորում էին Հիսուսին, մյուս ութ դասերը չգիտեին Նրա փրկագործական տնօրինության մասին: Ուստի, Համբարձման ժամանակ տեսնելով Հիսուսին, միմյանց հարցնում են, թե ո՞վ է այս Արքան, իսկ Հիսուսին սպասավորող հրեշտակները պատասխանում են: «Ո՞վ է այս փառքի Արքան, //Կարողությամբ հզոր Տերն է Նա: … Ո՞վ է այս փառքի Արքան, //Զորությունների Տերը՝ Նա Ինքն է փառքի արքան» (Սաղմոս ԻԳ 8-10): Հրեշտակների այս երկխոսությունը տեղ է գտել նաև Սուրբ և Անմահ Պատարագում՝ Վերաբերումի մասում:

 

 

Որոշ բնակավայրերի ավանդական կենցաղում (Մարաշ, Համշեն, Նոր Բայազետ և այլն) Համբարձումից մինչև Հոգեգալուստ պահք են պահել, որը հայտնի է եղել «Համբարձման պաս», «Սուրբ Հոգու պասք», «Ինը դաս  հրեշտակի պաս» անվանումներով։ Իննօրյա այս պահքը նվիրված է եղել Համբարձման, Երկրորդ Ծաղկազարդի և Հոգեգալստյան տոներին, ինչը փաստում են այդ պահքի անվանումներն ու ժամկետը։ Մինչև XV դ. կեսերն այն եղել է տոնացուցային։ XV դ. մինչև XX դ. սկիզբը «Տոնացույց»-ում բացակայել է, սակայն կենցաղում պահպանվել է որպես կամավոր պահք։

 

Պատրաստեց` Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 0000-00-00
×