Մեր կյանքի ամեն օրը մեզ տալիս է հնարավորություններ ցույց տալու սեր և բարություն նրանց հանդեպ, ովքեր մեզ շրջապատում են: Մենք միշտ մտածում ենք՝ սերը ցույց տալու ժամանակ միշտ էլ կգտնվի, և եթե հիմա չասեմ` «սիրում եմ քեզ», հաջորդ պահին կունենամ այդ հնարավորությունը: Ես իմ կյանքում մեկ անգամ արդեն ուշացրել եմ այդ խոսքերը, երկրորդ անգամ էլ չեմ փորձի թաքցնել այն, ինչ հետո ինձ է սպանելու: Ինչպես Շարլ Սենթ-Էվրեմոն է ասել. «Երիտասարդ տարիներին մենք ապրում ենք, որ սիրենք, hասուն տարիքում սիրում ենք, որ ապրենք», հետևաբար ապրելու համար սեր է պետք՝ մաքուր և անկեղծ սեր՝ առանց նախապայմանների:
«Ինչո՞ւ է պատահում այնպես, որ նրանք, ում մենք ամենաշատն ենք սիրում, դառնում են մեր կոպիտ խոսքերի թիրախները: Ինչո՞ւ է այնպես պատահում, որ մենք կարծես խոսում ենք դաշույններով, որոնք կտրում են արագորեն»: Այս հարցերի պատասխանները կարող են տարբեր լինել մեզանից յուրաքանչյուրի համար, սակայն ճշմարտությունը նրանում է, որ եթե կամենում ենք պահել մեկս մյուսին, մենք պետք է միմյանց բարությամբ և հարգանքով վերաբերվենք: Պատկերացրեք՝ մի գեղեցիկ փաթեթավորված նվեր ենք ստանում, որի վրա գրված է՝ «վերաբերվել խնամքով»։ Ի՞նչ կանենք, իհարկե, ուշադիր կլինենք, որ այն չվնասվի։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվել այնպիսի մի նվերի հետ, ինչպիսին ընտանիքն է, ընկերությունն է կամ ամուսնությունը։
Միշտ պետք է մտածել և վարվել այնպես, ինչպես Հիսուս էր անում. Նա սեր էր դրսևորում նույնիսկ այն դեպքում, երբ իրեն վատ էին վերաբերվում։ Անհրաժեշտ է Նրա օրինակի շուրջ խորհել, հատկապես, այն ժամանակ, երբ վիրավորված ենք, կամ անարդարության ենք բախվել։ Ճիշտ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս կվարվեր Հիսուս այս իրավիճակում»։ Սերը, որ տածում ենք Աստծո հանդեպ, ամենաարժեքավորն ու ամենազորեղն է։ Այդ սերն է, որ տարբեր ազգերի ու ռասաների պատկանող և տարբեր լեզուներով խոսող մարդկանց միավորում է՝ կերտելով երջանիկ և համերաշխ հասարակություն:
Ներումը պետք է ձեռք ձեռքի գնա սիրո հետ: Մեր ընտանիքներում, ինչպես նաև մեր ընկերների հետ մենք ունեցել ենք և չի բացառվում, որ դարձյալ կունենանք վիրավորանքի պահեր և տարաձայնություններ: Ամենևին նշանակություն չունի, թե որքան աննշան էր տարաձայնությունը, այն չի կարող և չպիտի թողնվի, որ քայքայի, կուտակվի և ի վերջո կործանի մեր հոգիները: Հիշե՛ք, վիրավորանքը վերքը միշտ բաց է պահում, միայն ներումն է բժշկում:
Սիրեք և ձեր սիրո մասին միշտ բարձրաձայնեք, որովհետև միայն ուժեղ մարդիկ են ընդունակ սիրել և սիրո մեջ ապրել:
Մարիետտա Խաչատրյան