-Դու նորից երկու հավասար նժարների վրա դրեցիր աշխատասիրությունն ու ծուլությունը և գտար երկրորդը քո մեջ արդարացնելու լավագույն տարբերակը, բայց, իրականում, այդպես չէ, աղջիկս: Բոլորիս զարգացման միակ ճանապարհն աշխատասիրությունն է: Մարդը կարող է լինել ոչ այդքան խելացի, բայց իր աշխատասիրության շնորհիվ բացի բոլոր այն փակ դռները, որոնք մեծագույն ցանկության իրագործման ճանապարհին հանդիպում են: Երբ դու դպրոցն ավարտելուն պես, ընդունվում ես համալսարան, հաղթում ես քո ծուլությանը, որովհետև քաջ գիտակցում ես, թե ինչի համար ես երկար ու ձիգ ամիսներ պարապել: Լավ մարդ, որակյալ մասնագետ դառնալը քո նպատակակետն է եղել, այնպես չէ՞, ուստի, եթե չպարապեիր և ծուլանայիր, ձախողելու էիր ամեն բան: Այդպես է նաև կյանքի ցանկացած էտապում` ուսում, կարիերա, ընտանիք, հանգիստ: Այո՛, զարմանալի է հնչում, բայց անգամ հանգիստը կազմակերպելու հարցում քեզանից պահանջվում է լինել աշխատասեր, եթե, իհարկե, պասիվ հանգստի սիրահար չես, իսկ դու, վստահաբար նրանց շարքում չես, աղջիկս: Ծուլանա՞լ: Երբեք: Ոչ մի րոպեն ծուլությանը մի՛ զոհիր (Անտոն Անապատական): Եթե ծուլանաս, կանգ ես առնելու այնտեղ, որտեղ պետք էր փոքր-ինչ արագ քայլել, թե կանգ առնես` առաջընթացդ երբեք չես տեսնի, ավելին` աշխարհի արագությանը հասնել այլևս չես կարող: Ծուլությունը մեր այն արատն է, որի հետ մենք ամենից ավելի հեշտությամբ ենք հաշտվում, բայց հիշենք, որ աշխատասիրությունը մեր հաղթաթուղթն է:
Լիլիանա Օսիպյան