Եթե կարողանանք լռել

Եթե կարողանանք լռել

Մոտավորապես քսանհինգ ու կես անգամ փորձեցի խոսել Աստծո հետ ու մոտավորապես նույնքան անգամ բառերս հետ եկան ինձ մոտ։  Մոտ երկու ամիս է արդեն «Տերունական աղոթք»-ի  տողերը պտտվում են սենյակումս ու խեղդում ինձ, իսկ ժամանակին, միայն, «Հայր մեր, որ երկնքում ես» տողն ասելով անգամ, զգում էի աղոթքիս զորությունն ու կապը Աստծո հետ։
 

Յոթ տարեկան էի, երբ սկսեցի խոսել Աստծո հետ։ Սկզբում ուղղակի բարևում էի Նրան ու սկսում խոսել, հետո սովորեցի «Տերունական աղոթքի» առաջին երկու տողը։ Ավելին չէի կարողանում սովորել, քանի որ տատիկս ռուսերենով էր աղոթում ու հայերեն չգիտեր, որ ինձ սովորեցներ, իսկ ես մտածում էի, որ Աստված հայերեն է խոսում։ Այդպես մինչև տառերը սովորելը՝ ես խոսում էի Աստծո հետ կիսատ սովորած «Հայր մեր»-ով, բայց Նա հասկանում էր ինձ ու լսում։ Հիմա աղոթքը մինչև վերջ անգիր գիտեմ ու անգամ ուրիշ շատ աղոթքներ եմ սովորել, բայց Աստծո հետ խոսելն եմ մոռացել։ Կամ հիմա ժամանակն է, որ Նա խոսա, իսկ ես լռեմ ու լսեմ։
 

«Մարդիկ կան խոսում են Աստծո մասին, մարդիկ էլ կան, որոնց հետ Աստված է խոսում: 
Առաջինները փտում են վանքի խցերում, երկրորդներին՝ հոգեբուժարան  տանում: 
Մնում է միայն խոսել Աստծու հետ, որքան էլ կասկածը բզկտի քեզ, թե իբր չի լսում»: Չեմ հիշում, թե որտեղ կարդացի այս տողերը, բայց դրանից հետո մեկ ուրիշ կասկած սկսեց բզկտել ինձ։ Միգուցե ոչ թե Նա չի լսում ինձ, այլ Նրա պատասխանն ինձ դուր չի գալիս, ու ես դա չեմ ուզում լսել։ Մենք սովոր ենք լսել ու տեսնել այն, ինչը մեզ դուր է գալիս։ Իսկ այն, ինչը մեզ ձեռնտու չէ, մենք չենք լսում։
 

Հիմա նորից աղոթում եմ ու նորից բառերս հետ են գալիս ինձ մոտ ու պտտվում սենյակիս դատարկության մեջ։ Ինչքան շատ եմ աղոթում, այնքան շատանում են սենյակումս ապրող դատարկ բառերը։ Պտտվում են ու հիշեցնում, որ ինչ-որ բան սխալ է, ինչ որ բան թերի է։
 

Ու, եթե միայն գոյություն ունենար լռություն, որ կխոսեր իմ փոխարեն, ես կխոսեի լռելով, կաղոթեի լռելով, ու կլսեի լռության պատասխանը։ 
 

Հասմիկ Թամամյան

  • 2022-02-08
×