«Շոկոլադ բերե՞լ ես»

«Շոկոլադ բերե՞լ ես»

Այդ օրը ես էի ղեկին, երբ տունդարձի ճանապարհին պատահեց ողբերգականը՝ կորցրի երկու մտերիմ ընկերներիս՝ Աշոտին ու Արսենին:
 

Արդեն անցել է ավելի քան 12 տարի, բայց ոչինչ մոռանալ չի ստացվում: Կարծես ինքս ինձ պատգամած լինեմ ապրել իրենց երազանքներն իրականացնելու համար, ապրեմ իրենց չապրած տարիները:
 

Արսենի ցանկությունը մեկն էր՝ մեծանալ և այնպիսի աշխատանք ունենալ, որ կարողանա պարբերաբար օգնել մանկատան երեխաներին, անապահով ընտանիքներին. նա լավ գիտեր՝ ինչ է նշանակում ապրել աղքատության մեջ, ուստի երազանքն էր իր ունեցածից մաս հատկացնել նման ընտանիքների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար: Փառք Աստծո, հիմա ես կարողանում եմ դա անել և ամեն անգամ գնում եմ նրա մոտ հաշվետվություն տալիս, որ խիղճը հանգիստ լինի այնտեղ՝ երկնքում:
 

Սովորությանս համաձայն՝  տարատեսակ նվերներով մանկատուն այցերից մեկի ժամանակ, երբ ներս մտա, մի փոքրիկ վազեց դեպի ինձ ու ասաց՝ քեռի, մեզ շոկոլադ բերե՞լ ես: Այդ պահին ամեն ինչ թողեցի, բացեցի տոպրակը և հանեցի կոնֆետը ու հարցրի երեխայի անունը, ով հայացքը վեր բարձրացրեց ու ասաց՝ Ալսեն: Արցունքներս զսպել չկարողացա, երեխային գրկեցի ու սկսեցի լաց լինել: Իրականում, շատ ազդվեցի, որովհետև նրա անունը մի ամբողջ պատմություն նորից ստիպեց վերապրել ու նրա «շոկոլադ բերե՞լ ես»-ը էլ ավելի պարտավորեցրեց ինձ, որ ես հաճախ այցելեմ, քանի որ սպասող ունեմ ու այն էլ ինչ սպասող… Արսենը… իմ Արսենը:
 

Բայց Աշոտի ցանկությունն այդպես էլ իրական տեսնելու երջանկություն չունեցա.որոշել էր քահանայական ճանապարհով գնալ՝  եկեղեցուն ծառայել, ցավոք, ես դա անել չկարողացա: Երևի դրա համար առանձնահատուկ կամքի ուժ է պետք, որը ես չունեմ:
 

Այս ամենի հետ մեկտեղ՝ քաջ գիտակցում եմ, որ դա նրա կյանքի ճանապարհն էր, որով ես քայլելու իրավունք չունեմ, փոխարենը երազում եմ որդի ունենալ ու այնպիսի քրիստոնեական արժեքներով դաստիարակել, որ իր մոտ սեր առաջանա եկեղեցու հանդեպ:
 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×