«Ներեք մեզ, որ մենք ողջ ենք, երբ դուք մեռած եք»

«Ներեք մեզ, որ մենք ողջ ենք, երբ դուք մեռած եք»

Երևի դեկտեմբեր ամսի անունը «լուսեմբեր» լիներ, եթե ինձ հարցնեին, թե ինչ անուն կարելի է տալ ձմռան առաջին ամսվան։ Ու եթե գոնե դեկտեմբերի 15-ից 31-ն ընկած հատվածում տիեզերքից նայես Երկիր մոլորակին, ապա այն կնմանվի լուսե գնդի։ Ամեն քայլափոխին լույսեր են կախված՝ տանիքներին, ապակիներին, խանութների վրա, ծառերին։ Ամեն ինչ մատնանշում է, որ մոտենում է Նոր տարին։ Լույսն, ընդհանրապես, ասոցացվում է նորի հետ։ Նոր տարվան լույսեր են կախվում, ծննդյան օրերը լույսերով են տոնում՝ «աչքներդ լույս, բալիկ եք ունեցել», հետո այդ երեխան իր ծննդյան օրերին մոմ է փչում՝ լույս ու այսպես լուսավոր ապագաներ, լուսավոր ճանապարհներ մաղթելով է անցնում կյանքը։
 

Այս տարի դեկտեմբերին, ինչպես ամեն տարի, քաղաքում կրկին լույսեր են կախված, բայց արդեն երեք օր է՝ ուշադրությանս կենտրոնում մեր շենքի կողքի մուտքի դռնից կախված վառվող լամպն է հետաքրքրում։
 

Սկզբում մուտքի մոտ ծաղկեպսակներ հայտնվեցին, հետո այդ փոքրիկ լամպը` կախված բարակ լարից։ Ասում են՝ դեռ 40 օր էլ կմնա այդ լամպը վառված ու ասում են՝ 8-րդ հարկի Աշոտ պապիկն է մահացել։
 

Ու ամեն օր այդ լամպի կողքով անցնելիս, խառնվում են Նոր Տարին, մահը, հինը, նորը, սովորությունները, թաղումն ու ծնունդը, ուրախն ու տխուրը։ Ժողովրդական սովորության համաձայն` ննջեցյալի հետևից լույս են վառում՝ մտածելով, թե մահացածի հոգին տան մեջ է և պետք չէ նրան խվարի մեջ թողնել։ Իհարկե, այս սովորությունը կապ չունի եկեղեցական կանոնակարգի հետ, սակայն հետաքրքիր է հանգուցյալի ճանապարհը լուսավորելու գաղափարը։
 

Ողջ մարդը լույսով է ճանապարհում մահացածին ու քառասուն օր լույս է վառում, որպեսզի նա խավարի մեջ չմնա։ Հետաքրքիր է մարդիկ ուղղակի վախենու՞մ են, որ հոգիները ճանապարհը չեն գտնի ու կվերադառնան հետ՝ թափառելով տան մեջ ու վախեցնելով իրենց, թե՞ դա ուղղակի անսահման բարության ու միամտության դրսևորում է։ Ողջերը միշտ ինչ-որ պարտավորություն են զգում մահացածների հանդեպ։ Նրանց գերեզմաններին ուտելիք են տանում, հագուստներն են պահում ու այսպես շարունակ։ Չգիտեմ` ինչու է այդպես, բայց մի բան հստակ է, Աշոտ պապը բարի ու ժպտերես մարդ էր, ում համար վառված լույսը ոչ թե տխրեցնում է, այլ հիշեցնում, որ իր ապրած կյանքի ճանապարհը իրեն հաստատ կհասցնի լուսավոր կետի։
 

Փոքր ժամանակ ասում էին, որ երբ մարդ է ծնվում կամ մահանում, երկնքում աստղ է ավելանում։ Ու երբ պապիկս մահացավ, ինձ ասացին, որ նա երկնքում է, ու ես երկար ժամանակ նոր աստղ էի փնտրում երկնքում՝ մտածելով, որ նա աստղ է դարձել, որ երբ մութն ընկնի, իմ ճանապարհը կլուսավորի։ Ամանորյա լույսերը լուսավորել են ամբողջ քաղաքը, բայց կողքի շենքի առաջին մուտքի դռնից կախված փոքրիկ լամպն ինձ ինչ-որ երկնային տոն է խոստանում ու հիշեցնում է Ժան Պոլ Սարտրի այս տողերը․ «Ներեք մեզ, որ մենք ողջ ենք, երբ դուք մեռած եք»:

 

Հասմիկ Թամամյան

  • 2022-02-08
×