Ինչու՞ ենք մենք այստեղ

Ինչու՞ ենք մենք այստեղ

Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին։ Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։

Մատթեոս 5. 15-16


Ամեն անգամ տարեդարձիս նախօրեին խորհում եմ անցնող տարվա շուրջ․ գնահատում եմ այն, ինչն ինձ պարզապես նվիրվել է կամ այն, ինչին ինքս եմ հասել՝ ջանք ու եռանդ ներդնելով, տխրում եմ բացթողումներիս, կորուստներիս համար՝ մշտապես փայփայելով հույսը, որ մի օր մեր բոլոր կորուստները վերադառնում են մեզ, և մենք միշտ ունենք երկրորդ հնարավորություն։ Բայց ամենակարևորը, որ պատահում է ինձ հետ ծննդյանս նախօրեին՝ հարցերն են, ամենաէական հարցերը՝ ինչու՞ եմ ես այստեղ, ո՞րն է իմ անելիքը, ո՞րն է իմ տեղը։ Արդեն երկար ժամանակ է՝ ոչինչ չեմ խնդրում Աստծուց՝ միայն ցույց տալ իմ տեղն ու անելիքը, հենց այն, ինչի համար ես եկել եմ այստեղ։ Խնդրում եմ տալ ինձ ուժ և տեսողություն, որ լինեմ հենց ինձ համար սահմանված տեղում և անեմ այն, ինչը միայն ես կարող եմ անել։ Եվ սկսել եմ հստակ տեսնել, որ մեզնից շատ, շատ քչերն են իսկապես գտնում իրենց տեղն ու անելիքը, կատարում նախասահմանվածը։ Մենք հիմնականում զբաղված ենք անէականով, աննշան գործերով...
 

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ահռելի քանակությամբ ռեսուրս է օգտագործվել, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը ծնվի, հասակ առնի, զարգանա, կրթություն ստանա և հասնի ինչ-որ կետի։ Մտածե՞լ եք, թե ամբողջ տիեզերքը, Երկիր մոլորակը ինչքան սեր ու էներգիա է ներդրել, որ մեզնից ամեն մեկն ունենա սնունդ, մտածե՞լ եք քանի ծառ է հատվել, որ գրոտելու թուղթ ունենանք և կարդալու գիրք, որ հասնենք ինչ-որ վիճակի և ի վերջո սկսեք անել մի բան, որը կարդարացնի այդ բոլորը։ Անու՞մ ենք մենք արդյոք մեր կյանքում և մեր յուրաքանչյուր օրվա մեջ թեկուզ մի բան, որով արդարացնենք մեր այստեղ լինելը։
 

 Սեփական առաքելության մասին խորհելը և այն փնտրելն առաջին քայլն է։ Մեզ շրջապատող աշխարհը հիմնված է տալու և վերցնելու սկզբունքի վրա։ Որևէ բան չի արվում ինքնանպատակ, պարզապես անելու համար։ Ո՞վ է մեզ հավաստիացրել, որ մենք կարող ենք գալ այս աշխարհ, վերցնել մեզ անհրաժեշտ ամեն ինչ կամ առնվազն փորձել տիրանալ այն ամենին, ինչ ուզում ենք և փոխարենը ոչինչ չտալ, ոչինչ ինքնուրույնաբար չստեղծել, ոչինչ չավելացնել, միայն սպառել ու սպառել։ Հաճախ մեզ թվում է, որ մեր կոչումը մեր մասնագիտությունն է, մեր անելիքը մեր աշխատանքային գործունեության դաշտում է միայն։ Եվ երբ մենք լավագույնս ենք կատարում մեր աշխատանքը, կարծում ենք, որ՝ ահա, մենք այնտեղ ենք, ուր պիտի լինենք, վերջ։ Մինչդեռ մարդը չի գալիս, որ միայն ինչ-որ աշխատանք կատարի, դրա դիմաց ստանա ինչ-որ չափի գումար և իրեն ամբողջապես ռեալիզացված զգա։ Նույնիսկ ամենակարևոր ու անփոխարինելի մասնագիտությունների տեր մարդիկ ավելին ունեն անելու, ավելին ունեն տալու։
Մենք ծնվում ենք ազատ, ընտրություն անելու հնարավորությամբ և բանականությամբ օժտված։ Բայց հաճախ ստացվում է այնպես, որ  կորցնում ենք մեզ, մեր ուղին և այն թելերը, որոնք կապում են մեզ երկնքի հետ՝ ազատության թելերը, իմաստի թելերը։
 

Ասված է, որ մենք երկրի աղն ենք։ Սա արդեն իսկ առաքելություն է, խորհուրդ, ուղի։ Եվ սա նշանակում է, որ մենք առանձին գործելու, առանձին ապրելու ճանապարհ չունենք։ Մեզնից ամեն մեկն օղակ է, որով շղթա է ստեղծվում, և այդ շղթայով է կյանքը շարունակվում, դրանով է ամեն բան դեպի բարին գնում, դրանով է Աստված շենացնում անընդհատ վնասվող մեր աշխարհը։ Եթե մեր աշխարհում անընդհատ տեղի չունենային ապաքինման ու վերականգնողական գործընթացներ, ամեն ինչ ի սպառ վերացած կլիներ․ մարդիկ կսպառեին ամեն ինչ, հետո կսպառեին իրար և կյանքը պարզապես կսառչեր այստեղ։ Բայց Աստված մեր աշխարհում ունի ձեռքեր և դրանք այն բոլոր մարդիկ են, ովքեր հիշում են, որ իրենք աղն են երկրի և լույսն են աշխարհի։ Եվ իրենք այստեղ են, որ կարևորի մասը կազմեն և ավելիով վերադարձնեն իրենց շնորհվածը․ մենք շատ բան ունենք նրանցից սովորելու։ Ինչու՞ ենք մենք այստեղ։ Մենք այստեղ ենք, որ լույս բերենք երկրին։ Մենք այստեղ ենք, որ ամեն պահ զգանք Աստծո հետ կապը և Նրա ներկայությունն ամենուր, ամեն ինչում։ Մենք այստեղ ենք, որ ստեղծենք, արարենք, ուրախությունը կիսենք, վիշտը պակասեցնենք, բարձրացնենք ընկածին, բուժենք ցավող սրտերը, խոսենք ճշմարիտը, ամեն մեկի մեջ Աստծուն գտնենք, պաշտպանենք նրանց, ովքեր հենց մեր պաշտպանության կարիքն ունեն, ամեն կարիքավորի պակասությունը մեր համարենք, մեզ տրված ամեն րոպեն ծառայեցնենք բարուն, լույսին։ Եվ լինե՛նք, լինե՛նք երկրի աղը և աշխարհի լույսը…


Հեղինակ՝ Ա Պողոսյան

  • 2022-02-08
×