Միշտ չէ, որ կորցրածն ավելի թանկ է, քան այն, ինչը մնացել է

Միշտ չէ, որ կորցրածն ավելի թանկ է, քան այն, ինչը մնացել է

Շատ հաճախ կյանքում կորցնելուց հետո ենք գնահատում կորցրածի իրական արժեքը:  Երբեմն այնքան ենք ուշանում, որ անվերադարձ ենք կորցնում, բայց ամբողջ կյանքում վերադարձնելու հույսը այդպես էլ չենք կորցնում,  եթե չլիներ այդ հույսն՝ ապրելն ավելի անտանելի կլիներ:
 

«Մարդիկ միշտ էլ կյանքում ամենաթանկն են կորցնում». կա նման հաստատում, բայց միշտ չէ, որ կարող ենք ասել, թե կորցրածն ավելի թանկ է, քան այն, ինչը մնացել է, պարզապես, երբ կորցնում ես այդ պահից կորցրածդ անհրաժեշտություն է դառնում:
 

Եթե ինչ որ բան մեզ համար թանկ է, մենք այն պետք է շատ ամուր պահենք, եթե կորցնում ենք՝ նշանակում է մեզ համար այն թանկ չի եղել: Ցավալի է, բայց անխախտելի ճշմարտություն՝ երբեմն ապրում ենք առանց հասկանալու, անգիտակցաբար, առանց գնահատելու, առանց տեսնելու, զգալու, սեփականը արժևորելու և երբ կորցնում ենք, սկսում ենք մեղադրել մյուսներին, երբեմն այնքան ենք հանդգնում, որ համարձակվում ենք մեղադրել, նույնիսկ, Աստծուն՝ Նրան, ով երբեք չի սխալվում:
 

Այս կերպ ապրելն, իհարկե, ավելի հեշտ է, երբ պատասխանատվության զգացում չես ունենում կատարածդ ոչ մի քայլի համար, բայց արդար չենք վարվում Աստծո հանդեպ: Աստված մեզ միշտ ուղղորդում է, ցույց է տալիս ճշմարիտ ուղին, բայց թե ինչ կընտրենք, մենք ինքներս ենք որոշում: Նա մեզ տալիս է այն, ինչ մեզ պետք է, ինչի կարիքն իրականում ունենք, իսկ մեզ մնում է գնահատել և երախտապարտ լինել ունեցածի համար:
 

Երբ կորցնում ենք, միանգամից սկսում ենք տեսնել, գնահատել, գիտակցել, հասկանալ և ափսոսալ ու այս ամենից հետո հնչում է ոչ ճշմարիտ, բայց մեզ համար այդ պահին արդարացում դարձած արտահայտությունը՝ «Մարդիկ միշտ էլ կյանքում ամենաթանկն են կորցնում»: Իրականում, քրիստոնեությունը մեզ սովորեցնում է կարևորել այն, ինչ ունենք և ոչ թե այն, ինչ  կորցրել ենք:
 

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×