Մտովի փորձենք պատկերացնել դպրոց, որն ավարտելուց մարդուն կտրվեր ոչ թե թվանշաններով լեցուն կարմիր կամ կապույտ դիպլոմ, այլ կտրվեր հասարակ սպիտակ թուղթ սևով գրված՝ Դու պատրաստ ես դիմակայել տարատեսակ խոչընդոտների, որոնք սպասվելու են դեպի մեծ կյանք տանող քո ճանապարհին:
Ինքդ երևակայիր, թե ինչ տեսք կունենար այդ դպրոցն, իսկ ես պարզապես քեզ կօգնեմ հասկանալ, թե ինչպես առարկաների ճիշտ մատուցումը կարող է նպաստել աշխարհընկալմանդ և ինքնաճանաչողությանդ վրա:
Ինչպես իր խոսքում նշել է Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը՝ երեխան դպրոցում ոչ թե սերտել պետք է սովորի, այլ ապրել ու զգալ:
Տարրական դասարաններում դասերն արժեր անցկացնել հիմնականում բնության գրկում. երեխաները հաղորդակից լինեին բնության ձայներին, գույներին:Դաս-խաղերի, նկարելու շնորհիվ երեխայի մոտ շոշափելի դարձնեին մտքի ու երևակայության ազատությունը, փորձեին խորանալ ու տեսնել, թե ի՞նչ է զգում երեխան, ինչպիսի՞ն է պատկերացնում աշխարհն ու մարդկանց:
Սովորեինք հասկանալ այն, ինչի հետ առնչվելու էինք, այլ ոչ անգիր անեինք տեքստեր, որոնք քննություն տալուն պես՝ մոռանում ենք: Գնահատման չափորոշիչները որոշվեր կյանքում լավ վերաբերմունքի, հարգանքի, ճիշտ վարվեցողության, ազնվության, իրար օգնելու պատրաստակամության ու մի շարք այլ հատկանիշներով, որոնք ձևավորում են մեր անձը:
Հայոց լեզվի ուսուցիչը քերականություն և ուղղագրություն սովորեցնելու հետ մեկտեղ շեշտը դներ մեր բառերի, կազմած նախադասությունների իմաստի վրա, քանի որ ինչպես բոլորիս է հայտնի՝ խոսքը ուժ ունի, ու բառերը մարդուն հավատ ներշնչելու անհավանական ուժ ունեն:
Շարադասությունը բացատրելու հետ միասին ուսուցիչը աշակերտին բացատրեր, որ շարադասական սխալը նույն է՝ մտքերդ խառնվեն իրար ու արդյունքում դառնաս չհասկացված:
Պատմության ժամերին թվականներ և իրադարձություններ ֆիքսելու փոխարեն իմանայինք կարևորագույնը. պատմությունից պետք է դասեր քաղել ու վերջ:
Կենսաբանության ժամին մարդու գլխուղեղի, ողնուղեղի և այլ օրգանների ֆունկցիաները իմանալու փոխարեն արժեր իմանալ, որ սրտի և ուղեղի աշխատանքն է ամենակարևորը, նրանց ներդաշնակությունն է հանգստությանդ գրավականը. սիրտդ՝ մաքուր, ուղեղդ՝ սթափ:
Եվ միայն այսժամ մեզնից յուրաքանչյուրը սիրով կբացեր դպրոցի դռները, այլ ոչ թե հազար ու մի պատրվակ կգտներ դասերին չհաճախելու համար: Հաճախ գիտակցելի դարձնենք մեզ համար այն պարզ ճշմարտությունը, որ երեխայի ոչ թե հիշողությունն է պետք լցնել ինֆորմացիայով, այլ միտքն է պետք գունավորել:
Լիլիանա Օսիպյան