Բարությունն իմ մեջ լույս աշխարհ եմ եկել

Բարությունն իմ մեջ լույս աշխարհ եմ եկել

Բարության մասին բոլորիս պատկերացումները տարբեր են. յուրաքանչյուրս ինքն է որոշում բարություն անելու իր կերպը: Ժպտալը, լավ վերաբերմունքը, ապրումակցելը, փոխզիջման գնալը, օգնության ձեռք մեկնելը, անհրաժեշտության պահին կողքին լինելը, խորհուրդ տալը, ներելը, հասկանալը. այս բոլորը մեր կողմից բարության դրսևորումներ են, որ մենք ամեն օր կարող ենք ցուցաբերել դիմացինի հանդեպ:


Բարի եղի´ր բարություն արա առանց պահանջների, առանց սպասումների, երբեք ինքնանպատակ մի դարձրու այն:


Բարությունը ամփոփ սահմանում չունի. պետք չէ այն բանաձևել, քանի որ այդ դեպքում արժեզրկվում է և գործնականում բարությամբ ապրելը՝ դառնում անհնար:


Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծու կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է «իրար հանդեպ լինել բարի» (Եփեսացիներ 4։32):


Իրար հանդեպ բարի լինելու կարևորագույն պայմանն էլ, իրականում, այս է՝ դիմացինին ընդունենք այնպիսին, ինչպիսին՝ կա:
Կյանքի հանդեպ ունեցած բարությունն էլ մեր լավատեսությունն է. մեր ներքին լույսի արտացոլանքն է մեր արարքներում, ուստի ցանկանալի է, որ ամեն օր զգանք այդ լույսի ջերմությունը:


Բարությամբ ապրելն, իրականում, հեշտ չէ, որովհետև այն իրենից պատասխանատվություն է ենթադրում, ինչից հաճախ խուսափում ենք, բայց մենք, եթե ընդունենք, որ բարությունը ես եմ, դու ես, բոլորս ենք, ապա ավելի հեշտ կլինի: Այսպիսին եմ, որովհետև բարության հետ եմ լույս աշխարհ եկել:


Բարության լավագույն դրսևորումներից մեկն էլ չարության հետ կոնտակտ չունենալն է: Պարտադիր չէ, որ մենք չարության հետ կոնտակտ ունենանք, որ երևա մեր բարությունը: Ամենևին: Մենք այդ ձևով միայն իմաստազրկում ենք այն:


Չարությունը, որպես այդպիսին, գոյություն չունի, այն բարության պակասն է, ուստի մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե որքան այն գլուխ կբարձրացնի մարդու մեջ:


Երբ վարանում ես մի բան ասել կամ չգիտես՝ ինչ անես, պարզապես բարություն արա կամ մի բարի խոսք ասա և վստահ եղիր, որ շուրջդ ամեն բան կփոխվի դեպի լավը:


Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×