Որոմների առակը
(Մատթ. 13: 24-30)
«Նա ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց`ասելով. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Իսկ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ ու ցորենի մեջ որոմ սերմանելով` գնաց: Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց և այն որոմը: Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. «Տե´ր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եվ տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եվ տերը նրանց ասաց. «Ո´չ, միգուցե որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողե´ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ` նախ այդ որոմը քաղեցե´ք և դրանից խուրձեր կապեցե´ք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե´ք իմ շտեմարանների մեջ»:
Մեկնություն
Ամեն բարու և արդարության սերմանողը Քրիստոս Աստված է: Արտն աշխարհն է, նաև ամեն մեկի հոգին, իսկ քնած մարդիկ նրանք են, ովքեր ծուլանում են ու անտեսում Աստծո հրամանը և անհոգությամբ հետևում հերետիկոսությանը և չար մտքերին: Թշնամին Աստծո հակառակորդն է` սատանան, ցորենը՝ արդարության պտուղը, նաև բարի մարդիկ, բարի մտքերը, որոմը` մեղքն ու անիրավությունը: Ծառաները հրեշտակներն են, որոնք վրդովվում են՝ աշխարհում տեսնելով զանազան մոլորություններ և հոգիների պղծություն, կամենում են ոչնչացնել, այս կյանքից վերացնել և՛ հերետիկոսներին, և՛ չարի համախոհներին: Բայց Աստված թույլ չի տալիս ոչնչացնել մեղավորներին մինչև հունձքը, որպեսզի պատահաբար նրանց հետ չտուժեն նաև արդարները: Աստված չի կամենում սպանել մարդուն չար մտքերի համար, որպեսզի հանկարծ չվերանան բարի ցանկությունները: Նա մեղավորին ապաշխարության ժամանակ է տալիս, բայց եթե նա չփոխվի և չդառնա ցորեն, ապա այս աշխարհի վախճանին որոմը կայրվի անշեջ հրով: Արդ, եթե Պողոսը, որոմ լինելով՝ վերանար այս կյանքից, ապա նրա հետ ապագայում կոչնչանար նրա խոսքը: Դրա համար էլ Տերը հրեշտակներին ասում է` աշխարհի վախճանին կհավաքեք որոմը, այսինքն` մեղսագործներին: Նրանց ձեռքերն ու ոտքերը պիտի կապվեն, քանի որ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել: Իսկ ցորենը, այսինքն` սրբերին, հնձվոր-հրեշտակները կհավաքեն երկնային շտեմարաններում: Նման չար մտքերը, որ խորհում էր Պողոսը քրիստոնյաներին հալածելու ժամանակ, այրվեցին Քրիստոսի հրով, որ Նա բերել էր աշխարհ, իսկ առաքելական իմաստության ցորենը զետեղվեց Եկեղեցու շտեմարաններում:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)