«Խնդրեցեք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկաս ԺԱ 9-10):
Փնտրե՛ք և կգտնե՛ք, որովհետև փնտրողը պիտի գտնի. սա Աստծո խոստումն է մարդուն: Սա մի անշրջանցելի կանոն է, որը գործում է աշխարհի ամեն անկյունում, ցանկացած մարդու կյանքում և յուրաքանչյուր պահի: Ուստի ամենակարևոր հարցն է՝ ի՞նչ ենք փնտրում մենք առավոտյան արթնանալիս, երբ սկսում ենք ապրել մեր օրը, կամ առօրյա վազքի մեջ, մի պահ մենակ մնալիս: Արդյո՞ք մեր փնտրտուքը գիտակցված է, կամ այն, ինչ մենք փնտրում ենք, անհրաժեշտ է մեզ, կամ երբ գտնենք մեր փնտրածը, երջանիկ ենք լինելու, երջանիկ են լինելու մեզ շրջապատողները և, ի վերջո, արդյո՞ք մեր որոնումները մեզ չեն հեռացնում Աստծուց:
Այս կյանքում մեր փնտրածը բնորոշում է մեզ, տալիս է մեր կյանքի նկարագիրը: Այն դառնում է մեր ներաշխարհի ցուցիչը և մտածողության առանցքը: Շատ հաճախ մենք այնքան տարված ենք մեր որոնումներով, փնտրածը վերջնականապես գտնելու բաղձանքով, որ մեզ հաշիվ չենք տալիս՝ ի՞նչ ենք փնտրում և ինչու՞: Միայն տարիներ անց ենք հասկանում, որ մեր գտածը մեր աշխարհին, մեր հոգուն պետք չէր, դրա համար չէ, որ կյանք էինք առել, դրա համար չէինք ամեն օր արթնանում:
Մարդը իր կյանքի ընթացքում մշտական փնտրտուքի մեջ է և որպեսզի չբախվի հուսահատության տանող այս իրողությանը, պետք է կանգ առնի և ինքն իրեն հարցնի՝ ես ի՞նչ եմ փնտրում: Մեզանից շատերը միևնույն բանն են փնտրում՝ սեր, երջանկություն, ընկերներ, լավ աշխատանք, նյութական ապահովածություն, հասարակական դիրք, հարմարավետություն և այլն: Ոմանց հաջողվում է գտնել այս ամենի մի մասը, ոմանց՝ ամբողջը: Բայց շատ հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր գտած լինելու երջանկության մեջ են ապրում: Ինչու՞: Որովհետև մեր կողմից հաճախ մոռացվում է մեկ այլ խորհուրդ՝ Աստծունը տալ Աստծուն, կայսրինը՝ կայսեր: Մեր շուրջը ապրում են մարդիկ, ում ամբողջ կյանքի առանցքը նյութն է, աշխարհիկ վազքն ու նպատակները: Դատարկության, անիմաստության, մի կարևոր բան բաց թողած լինելու զգացումը միշտ հետապնդում է նրանց, որովհետև նյութով չես լցնի այդ դատարկությունը: Ամեն բան փնտրելիս պիտի հարցնենք նաև՝ երբ գտնենք մեր փնտրածը, դա ի՞նչ է տալու մեր հոգուն, արդյո՞ք մեզ բավարարված ու երջանիկ ենք զգալու:
Փնտրենք և կգտնենք, որովհետև Աստված երբեք մեզ չի թողնում: Նրա Սերը մեզ ամեն օր հիշեցնում է ճախրանքի մասին: Բավական է միայն նայել երկնքին ու սկսել փնտրել այն, ինչ լի է բերկրությամբ, հոգով, թռիչքով, Աստծո ներկայությամբ և օրհնությամբ: Փնտրե՛նք և կգտնե՛նք:
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ