Յուրաքանչյուր ոք ունեցել է ընկնելու իր փորձառությունը: Մեր կյանքում եղել են պահեր, երբ բարձրանալը և շարունակելը թվացել է մեր ուժերից վեր, բայց հիշե՛ք՝ հույս միշտ էլ կա ու այն պահին, երբ կդադարեք պայքարել, կկործանեք ձեր երազանքները: Հաճախ, մեզ պետք է մեկը, ով կնայի մեր աչքերին, կբռնի մեր ձեռքը և կասի՝ «Դու կարող ես անել դա»:
Ոչ ոք չի սիրում ձախողվել. մեզ դուր չի գալիս, երբ ուրիշները՝ հատկապես նրանք, ում սիրում ենք, տեսնում են մեր ձախողումները: Բոլորս էլ ցանկանում ենք լինել հաջողակ և կայացած, բայց առանց ջանքեր թափելու կամ առանց սխալներ գործելու չենք կարող հասնել այդ ամենին: Մեր ճակատագիրը որոշվում է ոչ թե մեր սայթաքումների, այլ վեր կանգնելու և առաջ շարժվելու պահերի քանակով: Անկախ նրանից, թե քանի անգամ ենք սայթաքել կամ ընկել, մենք պարտավոր ենք ոտքի կանգնել և շարունակել ճանապարհը՝ դեպի Աստծուց նախասահմանված մեր նպատակները. ի վերջո ձախողումներից միշտ էլ կարելի է ինչ-որ բան սովորել և արդյունքում դառնալ ավելի լավը և ավելի երջանիկ:
Իրականում, մենք ինքներս կարող ենք շատ բան փոխել մեր երազանքներն իրականացնելու համար: Մենք ավելի շատ կարող ենք կառավարել սեփական կյանքը, քան կարծում ենք: Երբեք մի՛ բողոքեք, որ աշխարհը ձեզ հնարավորություն չի տվել: Բոլոր մարդկանց առաջ բառացիորեն ամեն քայլափոխի հնարավորություն է բացվում: Դա, գուցե, այն չէ, ինչ կնախընտրեինք, բայց ցանկացած հնարավորություն, որից օգտվում ենք, կարող է նոր և ավելի մեծ հնարավորությունների հանգեցնել: «Հպարտությունը նախորդում է կործանմանը, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն» (Առակներ 16։18)։ Փառքի ձգտելու փոխարեն՝ փորձեք համեստություն զարգացնել։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում» (Գաղատացիներ 6։3)։
Մարիետտա Խաչատրյան